Նիկոլը պատվիրել է, որ այս կապիկը պետք է այսպիսի բան խոսի, դա մանր բանսարկու է, երիտասարդ քաղաքական մարմնավաճառ․ Նարեկ Սամսոնյանն ու Բորիս Մուրազին՝ Դավիթ Խաժակյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը երեկ Հանրային հեռուստաընկերության «Բաց հարթակ» հաղորդման ժամանակ անդրադառնալով ընդդիմության պայքարին՝ ասել է․

«Ինչքան բան ասես` իրենք կհնարեն, մենակ թե հիմնավորեն, որ այս իշխանությունները վատն են․․․»։

Հարցազրուցավարի դիտարկմանը, որ ֆեյսբուքյան գրառումների հեղինակներից շատերը փողով են այդ ամենն անում, բոլորիս համար պարզ է, Դավիթ Խաժակյանն այսպես արձագանքեց․

«Բորիս Մուրազին՝ Politik.am-ի խմբագիրը, որ կարդում ես իր գրածները, տպավորություն չի՞, որ փողով է անում, տպավորություն է։ Նարեկ Սամսոնյանը, որ կարդում ես, մի մարդ, որն անընդհատ հայհոյանքներ է գրում․ այսինքն՝ այդ մարդը վարձատրվում է քաղաքական դաշտում խուլիգանություն անելու համար։ Վարձատրողն էլ ո՞վ է, Սերժ Սարգսյանը կամ այդ խմբակից ինչ-որ մեկը․․․

Այդ վարքագծի պատասխանատուն և հեղինակը մի դեպքում Սերժ Սարգսյանն է, Բորիս Մուրազիի դեպքում` Ռոբերտ Քոչարյանն է, և չմասնավորեցնենք միայն իրենց վրա, այնտեղ լիքը մարդ կա, որ փող է ստանում այդպիսի բաներ անելու համար․․․»,- հարկատուներիս հաշվին գոյացած պետական միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Դավիթ Խաժակյանը:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Դավիթ Խաժակյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքին` ասաց․

«Ես չեմ պատրաստվում ամեն մի մանր ձկան արած մեկնաբանությանն անդրադառնալ։ Ձեր կողմից նշված անձը մանր բանսարկու է, երիտասարդ քաղաքական մարմնավաճառ, հայտնի քաղաքական տրանսվեստիտի քաղաքական և ոչ միայն քաղաքական սանիկ է, և նմանատիպ մեկնաբանություններին պատասխանելը համարում եմ անիմաստ։ Միայն մի բան կարող եմ ավելացնել, իմ երեխաները, երբ վաղը հետաքրքրվեն իրենց հոր անցած ճանապարհով՝ միայն հպարտություն են զգալու, իսկ ձեր նշած անձի երեխաները վստահաբար հնարավորինս թաքցնելու են կամ փորձելու են խուսափել իրենց կենսաբանական հոր անուն-ազգանունից»։

168.am-ը կապ հաստատեց նաև Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի հետ.

«Կարծում եմ՝ երևի պետք է անբարոյական լինել, որ ոչ մի փաստ չունենալով՝ նման հայտարարություն անել։ Եթե նույն տրամաբանությամբ նայենք, ավելի փաստարկված, ինքը Նիկոլի պատվերն է անում, իսկ եթե Նիկոլի, ապա դա նշանակում է՝ նաև թուրքերի։ Չի բացառվում, որ Դավիթ Խաժակյանը Թուրքիայից փող է ստանում, որպեսզի պարտվողականության քարոզ անի Հայաստանում և աջակցի Նիկոլ Փաշինյանին։ Իր շեֆը գոնե ստանում է Հայաստանի բյուջեից թուրքերին աջակցության քարոզ անելու համար, Դավիթը, ենթադրում եմ, որ կստանա։ Ես, իհարկե, փաստեր չունեմ, իր պես դատարկախոս չեմ, որ առանց փաստերի խոսեմ, բայց դե կապրենք՝ կտեսնենք։ Ընդհանրապես կաշխատեի չմեկնաբանել կենդանաբանական այգու հերոսներին, բայց դե, ստիպված եմ»։

Հարցին՝ Դավիթ Խաժակյանի հայտարարության վերաբերյալ դիմելո՞ւ եք իրավապահ մարմիններին, Բորիս Մուրազին պատասխանեց․

«Ո՞ւմ, Նիկոլի իրավապահների՞ն, եթե Նիկոլը պատվիրել է, որ այս կապիկը պետք է այսպիսի բան խոսի, ո՞ւմ դիմեմ։ Կապիկ էլ ասում եմ այն բանի համար, որ մարդը ոչ մի փաստ չունենալով՝ քաղաքական կապիկությամբ է զբաղվում։ Այդպես կարելի է բոլորի մասին խոսել, ինքը որտե՞ղ է տեսել՝ ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ, խի՞։ Կարծում եմ՝ սա շատ ամոթալի վարքագիծ է․․․»։

Բորիս Մուրազին նաև ասաց, որ Դավիթ Խաժակյանին վաղուց է ճանաչում՝ 2015 թվականից, երբ Խաժակյանը ևս մեկ հոգու հետ գնացել էին իրենց գրասենյակ.

«Խաժակյանը և վանաձորցի մի տղա՝ Մենուա Բրուտյանը, եկել էին մեր գրասենյակ՝ «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ, և առաջարկում էին՝ «Էլեկտրիկ Երևան»-ին զուգահեռ մի շարժում էլ միասին ստեղծենք, որպեսզի մի քյար էլ Սերժ Սարգսյանի իշխանությունից մենք կպցնենք, իրենց բառերն եմ ասում` կոնկրետ Դավիթ Խաժակյանի հետ եկած մարդու։ Այս պատմության մասին ես Ֆեյսբուքում գրել եմ, ինքն էլ չի հերքել, ավելին՝ հաստատել է, որ եղել է մեր գրասենյակում, ասելով, որ եկել էր, բայց համաձայն չէր իր հետ եկած մարդու հետ, բայց ամեն դեպքում․․․ Այդ կատեգորիաներով իրենք են շարժվում։ Իրենք նախկինում և Սերժ Սարգսյանի իշխանությունից են փող ստացել, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից են փող ստանում, ես երբեք որևէ իշխանությունից կամ քաղաքական ուժից չեմ ֆինանսավորվել՝ կարծիք ունենալու համար։ Ես նախկինում էլ եմ իմ կարծիքն ունեցել՝ և Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, և Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ։ Իրենց տրամաբանությամբ` կարծիք կարելի է ունենալ միայն փողով, իմ տրամաբանությամբ՝ կարծիք պետք է ունենալ ուղղակի նրանից ելնելով, որ դու համոզված ես, որ դու ինչ գրում ես՝ այդպես է․․․»։

Տեսանյութեր

Լրահոս