
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը հատուկ ծրագրով կանդրադառնա Արցախյան 44-օրյա պատերազմին

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2022-ին կինոարվեստի երկրպագուներին հնարավորություն կտա ծանոթանալու հատուկ ծրագրի, որի շրջանակում կներկայացվեն ֆիլմեր, որոնք անդրադառնում են Արցախյան 44-օրյա պատերազմին:
Այս մասին հայտնում է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի մասին ֆիլմերից մեկը նկարահանված է հույների կողմից, մյուսը՝ արգենտինացիների, հաջորդը՝ եգիպտացիների: Թեմային առնչվող մեկական ֆիլմ էլ ներկայացրել են ռեժիսորներ Հայաստանից և Արցախից:
«Մեղադրանքները, որ փառատոնն անտեսում է Արցախը, կամ՝ ինչ-ինչ ուժերի ազդեցության ներքո խուսանավում է այդ թեմայից՝ առնվազն մերկապարանոց են, քանի որ մեղադրողներն անգամ չեն տեսել փառատոնի ծրագիրը, որը դեռևս հրապարակված չէ: Ցանկացած փառատոնային ընտրանի ենթադրում է ցանկացած թեմայի շուրջ ընտրված և ցավոք՝ չընտրված ֆիլմեր: «Ոսկե ծիրանը» բացառություն չէ, ինչպես և բացառություն չէ այն, որ այս փառատոնը իր երկրի համար ամենակարևոր թեմայի հանդեպ հատուկ ուշադրություն է դարձնում: Դա պատերազմական և հետպատերազմյա շրջանն է: Ավելին՝ 19-րդ «Ոսկե ծիրանի» փակման ֆիլմը հայկական անդրադարձ է 44-օրյա պատերազմին»,-շեշտում է Ավետիսյանը: