Չինաստանում ջրարկել են երրորդ՝ առավել ժամանակակից ավիակիրը
Հունիսի 17-ին Շանհայում տեղի է ունեցել ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի ամենաժամանակակից, երրորդ ավիակրի ջրարկման արարողությունը: Այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը: Ավիակիրը, որն ստացել է «Ֆուցզյան» անվանումը, լքել է չոր նավաշինարանը եւ կառանվել մոտակա նավամատույցում: «Ֆուցզյանը» չինական առաջին ավիակիրն է դարձել, որը սարքավորվել է էլեկտրամագնիսական կատապուլտով՝ տարբեր տեսակի ինքնաթիռների գործարկման համար:
Նավի լրիվ ջրատարողությունը, չինական կողմի տվյալներով, կազմում է 80 հազար տոննա: Այժմ ավիակիրը պետք է հանդերձվի սարքավորումներով, որը պետք է տեւի երկուսից մինչեւ վեց ամիս: Դրան կհաջորդեն նավի փորձարկումները նավահանգստում եւ ծովային ընթացային փորձարկումները, որոնք, հավանաբար, կտեւեն վեց ամիս՝ նախքան ր ինժեներներն սկսեն թեստավորել էեկտրամագնիսական կատապուլտը: ՉԺՀ-ի ռազմածովային ուժերը վերջին տարիներին մեծացրել են ներկայությունը Հնդկական օվկիանոսում եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում, առաջին արտասահմանյան բազան են ստեղծել Ջաբուտիում, որտեղ նաեւ ռազմական ներկայություն ունեն ԱՄՆ-ը եւ Ճապոնիան:
Ներկայում ՉԺՀ-ի ռազմածովային ուժերն ունեն 355 նավ, ներառյալ սուզանավերը: Ամերիկյան կողմի գնահատմամբ, Չինաստանը նավատորմի կազմը մինչեւ 2025 թվականը կհասցնի 420, իսկ մինչեւ 2030 թվականը՝ 460 նավի: AP-ն նշում է, որ ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի նավերը քանակությամբ ամենախոշորն են աշխարհում. դրանք հնարավորություններով զիջում են միայն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին: Այսպես, ԱՄՆ-ի սպառազինության մեջ կա 11 ավիակրներ, ինն ունիվերսալ դեսանտային նավեր, որոնք կարող են կրել ուղղաթիռներ եւ ուղղահայաց թռիչքի ինքնաթիռներ: Բացի այդ, ԱՄՆ-ն ավելի ու ավելի մեծ ուշադրություն է հատկացնում Չինաստանի շուրջ տարածաշրջանին, ներառյալ Հարավ-չինական ծովը, որտեղ ՉԺՀ-ն եւ մի քանի այլ պետություններ տարածքային վեճեր ունեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: