«Հիվանդ մայրերը ո՞նց են ամեն անգամ գնալու Գորիս»․ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների պահանջը՝ դատական նիստը Արմավիր տեղափոխել, կրկին չբավարարվեց

Նախորդ շաբաթ՝ հունիսի 9-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մուշեղ Արամյանի, մեկնարկեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի, Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի, այդ ժամանակ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Սարգիս Կուլակչյանի և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը։

Ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, որը Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։ Այս ամենի հետևանքով, ինչպես ընդունված է ասել, «Քիմիկների» զորամասի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդն անհետ կորել են։

Անդրանիկ Մակարյանը և բարձրաստիճան մյուս զինվորականներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Հունիսի 9-ի դատական առաջին նիստը տեսաձայնագրել արգելել է դատարանը, ուստի ստիպված էինք ընդամենը 5 րոպե տևողությամբ նիստի մասին տեղեկություն ստանալ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներից։ Եվ այսպես, ինչպես մեզ փոխանցեցին նրանք, առաջին նիստը բացելուց հետո նախագահող դատավորը հետաձգել էր, քանի որ Անդրանիկ Մակարյանն իր մեղադրական եզրակացությունը չէր ստացել։ Դատավորի որոշումը՝ նիստը հետաձգելու մասին, վրդովեցրել էր զոհվածների և անհետ կորածների ծնողներին, որոնք Արմավիրի մարզից հասել էին Սյունիք՝ Գորիս։ Նրանք համոզված պնդում էին, որ Մակարյանը ստացել է մեղադրական եզրակացությունը, և հնչեցրած պատճառաբանությունն ընդամենը պատրվակ էր նիստը հետաձգելու համար։

«Դատավորը սկզբում բոլորին հարցրեց՝ մեղադրական եզրակացությունը ստացե՞լ եք։ Ե՛վ Մակարյանը, և՛ Աբգարյանը, և՛ Կուլակչյանը, և՛ Հարությունյանը ասացին՝ հա, ստացել ենք։ Հետո դատավորը 3-4 րոպե սկսեց բացատրել, որ Կուլակչյանի փաստաբանն իր համակուրսեցին է, իր ընկերն է, իր ծանոթն է, այսինքն՝ մենք դե՞մ ենք, որ այդ կարգով լինի դատը, ասացինք՝ դեմ չե՛նք, քո դատը սկսի։ Հետո դատավորը թուղթ ցույց տվեց Մակարյանի փաստաբանին, մի 2 անգամ թուղթը թափահարելով հարցրեց՝ այս թղթից ստացե՞լ եք դուք, Մակարյանը հելավ ասեց՝ ո՛չ, ես այդ թղթից չեմ ստացել, ու ամբողջը խառնվեց իրար։ Իբր որ չէր ստացել, դրա համար դատը հետաձգվեց հուլիսի 14»,- 168.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորածի հարազատը։

Մեր զրուցակիցը պատմեց, որ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո անմիջապես զանգահարել են դատախազություն, ճշտել, թե Անդրանիկ Մակարյանը մեղադրական եզրակացություն ստացե՞լ է, թե՞ ոչ․

«Իմացանք, որ այո՛, մայիսի 25-ին ուղարկվել է, 3-4 օրվա ընթացքում կարող էր հետ գալ, հետ չի եկել, մինչև հունիսի 9-ը հետ չէր գնացել։ Ըստ այդմ, մեզ պատասխանեցին, որ այո, ստացել է, իսկ թե ինչու է ստում՝ չգիտենք»։

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները հիշեցրին, որ իրենք պահպանել են Պաշտպանության նախարարությունում Անդրանիկ Մակարյանի հետ հանդիպման խոսակցության ձայնագրությունը, որտեղ գեներալ Մակարյանը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ իրենց տղաները հայտնվեցին շրջափակման մեջ, զոհվեցին, անհետ կորան, պատասխանել էր՝ վրիպում է եղել:

«Մակարյանն ասաց՝ վրիպում է տեղի ունեցել, մենք էլ հարցրեցինք՝ պատերազմական իրավիճակում վրիպելը ո՞րն է։ Մենք կարող ենք որպես շարքային քաղաքացի՝ այն էլ փողոցում վրիպենք, իսկ դուք որպես պաշտոնյա՝ այն էլ պատերազմական իրավիճակում, դրա իրավունքը չունեիք, ինչո՞ւ էիք ձեր զորքին նահանջի հրաման տվել, պատասխանեց՝ ի՞նչ անեի, ես էլ գնայի մեռնեի, բա հիմա ձեզ ո՞վ էր պատասխան տալու, բա իմ 11 տարեկան երեխեն․․․ բառացի եմ ասում։ Այդ ձայնագրությունը պահպանվում է, անգամ գործերին է կցված․․․»,- ասաց մեր զրուցակիցը:

Դատական հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 14-ին և կրկին Գորիսի նստավայրում։

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները 168.am-ի հետ զրույցում ասացին նաև, որ իրենք դիմել են, որպեսզի դատական հաջորդ նիստերն անցկացվեն Արմավիրի մարզում։ Երեկ էլ գնացել են Վճռաբեկ դատարան՝ հանդիպում պահանջել Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հետ․

«Մեզ ասացին, որ Վճռաբեկ դատարանի ղեկավարը կարող է ազդել այդ հանգամանքի վրա, և դատը տեղափոխվի Արմավիրի մարզ, որովհետև մենք ունեինք դիմումներ այդ պահանջով։ Ուզեցինք խոսել Լիլիթ Թադևոսյանի հետ, բայց իրենք պատասխանեցին՝ դիմում գրեք, դիմում ներկայացրեք, մենք էլ բավականին աղմուկ բարձրացրեցինք, ասացինք՝ դուք դիմումո՞վ եք եկել մեր երեխեքին տարել, ո՞ւր են մեր երեխեքը։ Եթե օրենքով չի կարող այդ աղջիկն իջնի մի բան ասի, գոնե թող մարդկայինով միջամտի, որ մեր դատը գա հասնի Արմավիր։ Էդքան հիվանդ մայրերը ո՞նց են ամեն անգամ գնալու Գորիս, թե՞ ամեն անգամ մեկի բացակայության դեպքում դատը հետաձգվի․․․

Այնտեղից հետո եկանք դատախազություն, մեզ ասացին՝ մենք էլ ենք այդ միջնորդությունն ուղարկել, որ դատն անպայման գա հասնի Արմավիրի մարզ…»։

168.am-ը կապ հաստատեց գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանի հետ, պարզելու, թե ինչպես է ստացվում, որ դատախազությունից ասում են՝ մեղադրական եզրակացություն ուղարկել են, իսկ Մակարյանը դատարանում հայտարարել է, որ չի ստացել այն․

«Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է կատեգորիկ պահանջ, որ մեղադրական եզրակացությունը պետք է հանձնված լինի մեղադրյալին։ Եթե այդ պահանջը չի պահպանվում, դատարանը պարզում է՝ մեղադրյալը ստացած չի լինում, դա արգելք է դատական նիստը շարունակելու համար և պետք է առնվազն 3 օր դատարանը ժամանակ տրամադրի․ հաջորդ նիստի նշանակումը կախված է դատարանի ծանրաբեռնվածությունից։ Քանի որ պարոն Մակարյանը չէր ստացել մեղադրական եզրակացությունը, չգիտեմ՝ փոստի խնդիր է եղել, թե այլ, դրա համար դատական նիստը հետաձգվել է։ Դա պրակտիկայում շատ հանդիպող երևույթ է՝ կախված առաքման խնդիրներից»։

Ամրամ Մակինյանը չցանկացավ այս փուլում քրեական գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ, միայն նշեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին մարտական գործողություններին մասնակցելու համար Կովսականի «Զանգելան» մեկնած խումբը հայտնվել էր շրջափակման մեջ, նրանցից մի մասին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից, մյուս մասն էլ գերի էր ընկել, անհետ կորել։

Ի դեպ, այս խմբից անհետ կորած զինծառայողների հարազատները տեղեկություն ունեին, որ այդ ուղղությամբ մարտական գործողությունները ղեկավարել է գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, և բազմաթիվ բողոքի ակցիաներից հետո 2020 թվականի դեկտեմբերին հանդիպել էին Մակարյանի հետ։ 1 ժամ տևած հանդիպումից հետո ծնողներն ու հարազատները դժգոհ դուրս էին եկել և հայտարարել էին, որ Անդրանիկ Մակարյանն ասել է՝ վրիպում է եղել։

Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, 168.am-ի զրույցում հիշել էր Անդրանիկ Մակարյանի հետ իրենց հանդիպումը, երբ գեներալ-լեյտենանտը հայտարարել էր, որ նման ելք է եղել, քանի որ ուղեկցողը վրիպել է։ Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել էին նաև ուղեկցողի հետ, նա էլ մանրամասն պատմել էր, թե դեպքն ինչպես է եղել․

«Ուղեկցողը չի ասում, որ ինքը վրիպել է, ասում է՝ ինձ ոնց ասել են, ես այդպես էլ արել եմ․․․»։

Տիկին Անահիտը նաև պատմել էր, որ խոսել է Զանգելանում՝ այդ օրը Անդրանիկ Մակարյանի հետ սարի հակառակ կողմում եղած ջոկատի տղաների հետ, նրանք էլ ուշագրավ մանրամասներ են հայտնել․

«Տղերքը Անդրանիկ Մակարյանի ջոկատից են եղել, ասել են՝ գեներալ, մենք կրակը պահենք, քիմիկները դիրքավորվեն, որովհետև ահավոր թեժ մարտ է, բայց իրեն զանգել է ինչ-որ մեկը, որովհետև իրեն զանգ է եկել, կարող է ԱԱԾ-ն էլ, եթե ծախված չի, դնի այդ զանգերը ստուգի․ իրեն զանգ է եկել, ու հենց այդ զանգն է տվել նահանջ հրամանը։ Ո՞վ է եղել այդ զանգի հեղինակը․․․ Մեղավորները, այսպես թե այնպես, պետք է պատասխան տան, Անդրանիկ Մակարյանը կամ կփակվի, կամ պետք է ասի, թե ով է իրեն նահանջի հրաման տվել․․․»։

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները 2020 թվականի դեկտեմբերի 16-ին հանդիպել էին նաև Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ, ապա հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էին․

«Օնիկ Գասպարյանն ասաց՝ բոլոր մեղավորները պետք է պատասխան տան, եթե ես էլ մեղավոր լինեմ, պետք է պատասխան տամ»։

Տեսանյութեր

Լրահոս