Բաժիններ՝

Ավտոներկրողներն անկանխիկ վճարման անցնելու օրենսդրական դրույթի դեմ բողոքի ակցիա կանցկացնեն

2022 հունվարին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններով հուլիսի 1-ից Հայաստանում, մասնավորապես, բնակարանների և ավտոմեքենաների վաճառքը կատարվելու է միայն անկանխիկ վճարումով։ ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները 300 հազարը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացնեն անկանխիկ, իսկ Ֆիզիկական անձանց համար նման գործարքների շեմը 500 հազարն է՝ 2023թ․-ից արդեն շեմը կիջեցվի մինչև 300 հազարը։

Ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող քաղաքացիները դեմ են այս որոշմանը, նրանք մտավախություն ունեն, որ բանկը կբարձրացնի միջնորդավճարի տոկոսը: Միևնույն ժամանակ, օրենսդրական փոփոխություններում կան նաև լավ կետեր, որոնց միջոցով գործադիրն ակնկալում է, որ կպակասեն խաբեության դեպքերը:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը 168.am-ին տեղեկացրեց, որ հունիսի 15-ին, չորեքշաբթի օրը, Ճանապարհային ոստիկանության մոտ բողոքի ակցիա տեղի կունենա:

«Ավտոներկրողներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն որոշման դեմ, կխոսեն նաև կեղծ տեղեկանքների, կեղծ հայկական համարների և այլ խնդիրների մասին»,- 168.am-ին փոխանցեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահը:

Ավտոներկրողների փոխանցմամբ՝ կանխիկացման տոկոս է մնում բանկին, փոխանցումներն էլ դրամով են լինելու փաստորեն, և՛ փոխանակման կետերում է գումարը կորչում, և՛ բանկերն են տոկոս պահում:

Նրանք սա համարում են բանկերին հարստացնելու հերթական քայլը, որովհետև, առանց այն էլ բանկը գումար կանխիկացնելու համար 2% պահում է:

Այսօր արդեն շատերի կանխատեսմամբ՝ հուլիսի 1-ից օրենքը շրջանցելու նոր հնարքներ կգտնեն, օրինակ, ավտոներկրողների ենթադրությամբ՝ կսկսվի նվիրատվությունների շարանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս