Սորոսականները զավթում են Շիրակի պետական համալսարանը

Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ռեկտոր Երվանդ Սերոբյանն իր ընտրությունից հետո որոշել է ՇՊՀ-ում տարեվերջին իրականացնել կառուցվածքային փոփոխություն: Այն, 168.am-ի տեղեկություններով, խիստ գաղտնիության ռեժիմում է տեղի ունեցել. բուհ-ի դասախոսների ճնշող մեծամասնությունը բացարձակ տեղյակ չի եղել գործընթացից: Երվանդ Սերոբյանն իր նեղ շրջապատով կառուցվածքային այդ փոփոխությունների ծրագիրը ներկայացրել է ՇՊՀ-ի գիտխորհրդի քննարկմանը: Սա, բնականաբար, չի նշանակում, որ այն ընդունվելու է քվեարկությամբ, և բուհ-ի ղեկավարությունը մտադիր է շատ արագ, 10 օրվա ընթացքում ծրագիրը հաստատել հոգաբարձուների խորհրդի նիստով ու արագ անցնել դա կյանքի կոչելուն:

Աչքի է ընկնում այն հանգամանքը, որ ՇՊՀ-ի ռեկտոր ընտրվելուց հետո Երվանդ Սերոբյանը պաշտոնների է սկսել նշանակել անձանց, ովքեր շատ սերտ կապեր ունեն ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Լևոն Բարսեղյանի հետ: Նրանցից մեկը բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան դարձած Լևոն Մարտիրոսյանն է:

Ի դեպ, սա այն ֆակուլտետն է, որն ամենափոքր քանակությամբ ուսանողներն ունի, բայց որը, ըստ Երվանդ Սերոբյանի, պետք է ունենա 4 ամբիոն՝ ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, ՏՏ ոլորտի և աշխարհագրության ու սերվիսի: Հետաքրքրականն այս համատեքստում այն է, որ մի քանի տարի է՝ ֆիզիկամաթեմատիկական բաժնում ուսանող չկա, չնայած այն հանգամանքին, որ, ըստ մեր տեղեկությունների՝ ռեկտոր Երվանդ Սերոբյանը, պրոռեկտոր Գագիկ Նիկողոսյանը և ամբիոնների  վարիչներից մեկը մասնագիտությամբ ֆիզիկոսներ են, բայց զբաղվելով նաև  կրկնուսույցի աշխատանքով, չեն կարողացել մի ուսանող անգամ բերել բուհ, որ այդ բաժինը չփակվեր: Նույն իրավիճակն է նաև մաթեմատիկա մասնագիտության գծով: Փաստացի տարիներ շարունակ, ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների գծով չունենալով ուսանող, բացում են այդ առարկաների բաժնի ամբիոն, թե ինչ նպատակով, կարծում ենք, հասկանալի է:

Առավել զավեշտալի է սերվիսի բաժինը, որը միջմշակութային նշանակություն ունի, աշխարհագրության բաժնին կպցնելն ու այնտեղ Լևոն Մարտիրոսյանի մտերիմներից մեկին ամբիոնի վարիչ նշանակելը: Ի դեպ, աշխարհագրության ամբիոնի վարիչը 2 տասնամյակից ավելի Լևոն Մարտիրոսյանն է եղել:

Մեր տեղեկություններով՝ Լևոն Մարտիրոսյանը ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան է նշանակվել բուհ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի անմիջական հովանավորությամբ:

Հատկանշական է, որ դեկան լինելով՝ այս մարդն աչքի է ընկնում դասախոսին ոչ վայել վարքագծով ու բառապաշարով:

Մասնավորապես աչքի է ընկնում իր հակաեկեղեցական հրապարակային գրառումներով: Ընդ որում, այդ գրառումները եղել են նաև 2018թ.-ից շատ առաջ: Այս հանգամանքը բավականին շատ իրողությունների վրա է լույս սփռում՝ հաշվի առնելով, թե հակաեկեղեցականները սովորաբար որ կենտրոնից են ղեկավարվում: Պատահական չէ, որ Լևոն Մարտիրոսյանը «Մեկ Հայաստան, մեկ Հայրապետ» տխրահռչակ հակաեկեղեցական շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանի շրջապատից է, ով իր այդ «ջանքերի» համար ստացավ Հայաստանի տնտեսագիտական համալսարանի՝ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնը:

Իսկ ստորև բերված լուսանկարում Լևոն Մարտիրոսյանի նամակն է բուհ-ի ուսանողներից մեկին, ում անունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում:

Ի դեպ, կառուցվածքային փոփոխությունների մասին: Օրերս ՀԱՊԿ արտագործնախարարների խորհրդի նիստի մասնակցելու համար Հայաստան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում կբացվեն ռուսալեզու դպրոցներ, բնականաբար, ՀՀ պետբյուջեի հաշվին: Լավրովի այս հայտարարությանը զուգահեռ՝ ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի համաձայնությամբ կամ անմիջական մասնակցությամբ, փակում է ՀՀ ամենահին բուհ-երից մեկի՝ ՇՊՀ-ի ամենահին բաժիններից մեկը՝ Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնը՝ այն միացնելով անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների ամբիոնին: Պատճառաբանում են, որ չկա ուսանող: Սակայն, չգիտես ինչու՝ այլ ամբիոնների առնչությամբ այդ փաստարկը կենսունակ չէ:

Սա նշանակում է մի քանի դասախոսների աշխատանքի կորուստ, բայց հարցն այստեղ իրականում ավելի շատ ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական:

Մի կողմից՝ ՀՀ իշխանությունները, ովքեր ժամանակին՝ ընդդիմադիր եղած օրերին, երկրում ռուսալեզու դպրոցների դեմ պայքար էին տանում, հանրահավաքներ ու պիկետներ կազմակերպում, հիմա խոստանում են ռուսալեզու դպրոցներ բացել, իսկ մյուս կողմից՝ ՀՀ-ում ռուսամետ համբավ ունեցող Գյումրիում, ուր նաև գտնվում է 102-րդ ռուսական ռազմաբազան, և ուր գործում է ՌԴ հյուպատոսություն, ռուսական մշակույթի և կրթական կենտրոն, փակվում է Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնը:

Բացի դրանից, ըստ բուհ-ի մեր աղբյուրների, կրկին փորձ է կատարվում պատմության ամբիոնի նկատմամբ ոտնձգություններ կատարել և այն միացնել իրավագիտության ամբիոնին, երբ այն հակասում է Բոլոնյան հռչակագրով ՀՀ ստանձնած պարտավորություններին, քանի որ պատմությունը համարվում է հումանիտար առարկա, իսկ իրավագիտությունը հասարակագիտական առարկա է: Ըստ էության տեղի է ունենում պատմություն առարկայի արժեզրկման գործընթաց:

Ըստ որոշ տեղեկությունների՝ ՇՊՀ ֆակուլտետներից մեկի դեկան ցանկանում են նշանակել Մանուշակ Կարապետյանին, ով 2019թ. մասնակցում էր ռեկտորի ընտրությանը, այն դեպքում, երբ ԿԳՄՍ նախարարության իրավաբանական վարչության պետի պնդմամբ՝ նա չէր կարող մասնակցել ՇՊՀ ռեկտորի համար անցկացվող մրցույթին, քանի որ նրա վարչական ստաժը չէր համապատասխանում մրցույթի չափանիշներին, սակայն հոգեբարձուների խորհրդի նախագահը, այնուամենայնիվ, փորձեց քվեարկության դնել Մանուշակ Կարապետյանի՝ ընտրության մասնակցության հարցը:

Ի դեպ, ՇՊՀ-ում համառ խոսակցություններ են պտտվում առ այն, որ վերջինս բավականին մտերիմ հարաբերություններ ունի Դավիթ Սանասարյանի հետ, և ըստ էության 2019թ. սորոսական համայնքը ցանկացել է ռեկտոր դարձնել իր հովանավորության ներքո գտնվող անձին, ինչը չստացվեց: Եվ հիմա, փաստորեն, եթե հաջողվի Մանուշակ Կարապետյանին նշանակել դեկան, սա կնշանակի, որ սորոսականները հիմնավորապես տեղավորվում են ՇՊՀ-ում:

Մեր աղբյուրի պնդմամբ՝ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի փակման ու պատմության ֆակուլտետի օպտիմալացման պատվերը գալիս է մեկ կենտրոնից՝ Սորոսի գրասենյակից: Այդ կազմակերպության համար ռուսատյացությունը կենսակերպ է, իսկ պատմությունն առհասարակ թշնամի է, քանի որ խանգարում է ազգային գաղափարախոսության ոչնչացման՝ իրենց նպատակին:

Մի ուշագրավ հանգամանքի մասին ևս տեղեկացավ 168.am-ը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Լևոն Մարտիրոսյանը կարողացել է դպրոցում ուսուցիչ աշխատած իր քրոջ որդուն նշանակել տալ ՇՊՀ քոլեջի տնօրեն: Հետաքրքիր է, որ Լևոն Մարտիրոսյանի՝ ՇՊՀ քոլեջի տնօրեն քրոջ որդին և մյուս քրոջ տղան «Գյումրին կըռնա» շարժման առաջնորդներից են: 168.am-ը բազմիցս է անդրադարձել այս շարժմանը և գրել, որ իրականում այս ուժի հետևում կանգնած են ՔՊ-ականները, ի դեմս Շիրակի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանի, ով փորձում էր ֆորմալ այլ քաղաքական ուժի անվան տակ Գյումրիում իշխանության բերել իր թիմակիցներին:

Մեր տեղեկություններով՝ ՇՊՀ-ում հովանավորչությունն այսքանով չի ավարտվում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը բացահայտ կերպով հովանավորում է նաև Լևոն Մարտիրոսյանի կնոջը՝ Վարդիթեր Աբրահամյանին՝ փորձելով նրան ևս ՇՊՀ-ում պաշտոնի նշանակել:

Հատկանշական է, որ ՇՊՀ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ վերջինս աչքի է ընկնում իր հակամանկավարժական վարքագծով և լինելով պատմության և ֆիլիսոփայության ամբիոնի դասախոս՝ ժամանակին բազմիցս վիրավորել է ուսանողներին, ինչի համար նույն ուսանողները պատասխան են պահանջել Վարդիթեր Աբրահամյանի ամուսնուց՝ Լևոն Մարտիրոսյանից:

Լևոն Մարտիրոսյանը դասական կոնֆորմիստի վառ օրինակ է. ժամանակին հարել է ՀՅԴ-ին, իրենց հարցերը, ըստ ՇՊՀ-ից ստացված տեղեկությունների, լուծել են կնոջ՝ Վարդիթեր Աբրահամյանի համակուրսեցու՝ ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի միջոցով:

Հիմա իրեն լավ է զգում սորոսականների շրջապատում:

Բուհ-ում տեղի ունեցող ստվերային գործընթացների մեջ քիչ չէ նաև ՇՊՀ պրոռեկտորի ժ/պ Նազելի Ավետիսյանը, ով, մեր տեղեկություններով՝ շատ սերտ կապեր ունի Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ, ում ընտանիքը բավականին լուրջ շփումներ ունի Սորոսի հիմնադրամի հետ, ու պատահական չէ, որ այս տարիների ընթացքում նրանց ընտանիքին պատկանող «Ցայգ» հեռուստաընկերությունը հարյուր-հազարավոր դոլարների գրանտներ է ստացել այդ հիմնադրամից, էլ չենք խոսում այն  մասին, որ այդ հեռուստաընկերությունը նաև հեռարձակում է բողոքական եկեղեցիների ներկայացուցիչների քարոզը, ինչը քննադատվում է շատերի կողմից:

ՇՊՀ-ում տեղի ունեցող գործընթացները վկայությունն են այն բանի, որ գլոբալ առումով կառուցվածքային փոփոխությունների անվան տակ ՇՊՀ-ն դառնում է սորոսականների կողմից վերահսկվող բուհ, որտեղ ըստ ամենայնի կրթական ծրագրերը կմատուցվեն այնպես, ինչպես բխում է իրենց շահերից:

Տեսանյութեր

Լրահոս