«Այցը խորհրդանշական էր նրանով, որ Լավրովը Թուրքիայից եկավ Հայաստան». Ռուբեն Սաֆրաստյան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 7-ից աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում, հաջորդ օրը թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան, իսկ արդեն 9-ից մեկնարկեցին Լավրովի հանդիպումները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնակցեց նաև ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով ՌԴ արտգործնախարարի Թուրքիա և Հայաստան այցի ընթացքում քննարկված հարցերի շրջանակներին և հայտարարություններին, նախ ասաց, որ Լավրովի Թուրքիա կատարած աշխատանքային այցի հիմնական նպատակը եղել է քննարկել ուկրաինական նավահանգիստներում կուտակված հացահատիկը համաշխարհային շուկա դուրս բերելու հնարավորությունների հարցը։
«Սա շատ կարևոր խնդիր է, այն համաշխարհային նշանակության է, որովհետև ինչպես հայտնի է, շատ լուրջ կանխատեսումներ կան, որ աշխարհին սպասվում է սով։ Եվ հացահատիկի դուրսբերման վերաբերյալ, կարծես թե որոշակի համաձայնություններ եղել են, ամեն դեպքում այդ ուղղությամբ դրական ինչ-որ քայլ կա։ Սա կարևոր է, և եթե դա հաջողվի, ապա նշանակալից կլինի»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա կարծիքով՝ Անկարայում Լավրովի հետ քննարկվել են նաև Սիրիային առնչվող հարցեր, քանի որ Թուրքիան պատրաստվում է իր 4-րդ հարձակողական ագրեսիվ գործողությունները սկսել Սիրիայի հյուսիսում, որպեսզի սահմանի երկայնքով հաստատի 30 կմ «անվտանգության» գոտին և ամբողջ սահմանը՝ 30 կմ խորությամբ վերցնի իր հսկողության տակ։
«Հայտնի է, որ նմանատիպ գործողություն, եթե չեմ սխալվում, նախորդ տարվա վերջին էր Թուրքիան մտադիր իրականացնել, սակայն վերջին պահին ռուսները դեմ եղան, և Թուրքիան հետ կանգնեց այդ նպատակից։ Այժմ Էրդողանը կրկին հայտարարել է, որ ամեն ինչ պատրաստ է, և պետք է այդ գործողությունն իրականացնեն։ Կարծում եմ՝ այս անգամ թուրքերը կարող են որոշակի զիջումներ ստանալ Ռուսաստանից։ Իսկ ինչո՞վ է կարևոր Ռուսաստանը՝ ՌԴ-ն հենց տեղում իր զորքն ունի, բայց այնտեղ կան այնպիսի տարածքներ, շրջաններ, որոնք, համոզված եմ՝ Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի Թուրքիան դա գրավի։ Ըստ իս, այս հարցերի շուրջ Թուրքիայի հետ խոսակցություններ եղել են այդ հանդիպումների ժամանակ։
Ի դեպ, հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգներն էլ էր դեմ այս գործողություններին»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Ըստ թուրքագետի, ինչպես պաշտոնական հաղորդագրություններից է պարզ դառնում, քննարկվել է նաև Հարավային Կովկասի հարցը, սակայն որևէ տեղեկատվություն չկա, թե կոնկրետ ինչ են քննարկել։
Ինչ վերաբերում է Լավրովի այցին Հայաստան, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց.
«Այդ այցը խորհրդանշական էր նրանով, որ Լավրովը Թուրքիայից եկավ Հայաստան, ինչը նշանակում է, որ այն, ինչ քննարկվել է Թուրքիայում, կարող է, պաշտոնական Երևանում որոշակիորեն այլ ձևով է քննարկվել։
Քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, նաև «2+3» նախաձեռնությունը։ ՌԴ-ն մեր ամենակարևոր ռազմավարական դաշնակիցն է, և շատ կարևոր է, որպեսզի նա Հայաստանի հետ հաշվի նստի»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։