Ինչո՞ւ ՌԴ-ն խմբագրեց Լավրովի Փարուխի խոսքը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երևանյան դիվանագիտական տեքստերի խմբագրությունը շարունակում է լայնորեն քննարկվել քաղաքադիվանագիտական և փորձագիտական շրջանակներում։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Լավրովը, խոսելով ղարաբաղյան Փարուխ գյուղ ադրբեջանական ներխուժումից, ասել էր, որ ռուսաստանցի զինվորականների համար այն իրենց առաջնահերթություններից մեկն է, և հայ ընկերներն այդ մասին շատ լավ տեղյակ են: «Այնտեղ արդեն իսկ որոշակի արդյունքներ կան իրավիճակի դեէսկալացիայի առումով, և մեզ մոտ ընկալում կա, որ սահմանազատման արդեն մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կքննարկվեն և անպայման կլուծվեն»,- ասել էր Լավրովը։
Սակայն Բաքվի արձագանքը ռուսական կողմին ստիպեց խմբագրել երևանյան մեկնաբանությունները, և ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, Լավրովն իբրև թե ասել է, որ հուսով են, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում Փառուխի նման միջադեպերի կանխմանը։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ նման հարցերում դիվանագիտական տեքստերի փոփոխությունը լուրջ խնդիր է, որը, իհարկե, կարող է հարվածել այն վստահությանը, որը կա միջպետական հարաբերություններում։ Սակայն, ըստ նրա, ՌԴ-ում որոշել են պահպանել կողմերի միջև պարիտետը, հասկանալով, որ Ադրբեջանն այդ հայտարարությունները կարող է սուր ընկալել։
«Ստացվում է, որ տհաճ իրավիճակ է, բայց իրավիճակն այդպիսին է, այդ առումով Ռուսաստանի քաղաքականությունը նաև նորություն չէ, Ռուսաստանին մեղադրում են, բաց Ռուսաստանը ռեգիոնը դիտարկում է՝ որպես մեկ ամբողջություն, որտեղ կարևոր են բոլոր երկրները, և առանց պարիտետի հնարավոր չէ իրացնել ռուսական շահերը, այդ ամբողջության մեջ դիտարկվում է նաև Վրաստանը, որի հետ Ռուսաստանն ունի խնդիր։ Իսկ Ուկրաինայի պատերազմի ընթացքում շատերը փորձեցին օգտվել ՌԴ-ի թուլացած զգոնությունից, և Լավրովի փոխված խոսքի ուղերձը նաև այն էր, որ այսուհետ չլինեն նման խնդիրներ։ Մյուս կողմից՝ հայկական կողմի պահանջը ևս արդարացված ու տեղին է թվում, քանի որ այդ գոտում անվտանգության պատասխանատուն Ռուսաստանի խաղաղապահ ջոկատն է»,- ասաց վերլուծաբանը։
Ըստ նրա՝ այս ամենի առանցքային ֆոնն այն է, որ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայում, մյուս կողմից՝ այդ իրավիճակից օգտվում են բոլորը, այդ թվում՝ տարածաշրջանային երկրները, որոնք ռուսական միջնորդությամբ պայմանավորվածությունները տեղափոխել են Բրյուսել։
«Այսինքն՝ դիվանագիտությունը չափազանց բարդ ու բազմաշերտ է, փոխկապակցված։ Ռուսաստանը յուրաքանչյուր պահի ինչ-որ կերպ գործելու հարցում բազմաթիվ գործոններ է հաշվի առնում, իսկ եթե ՌԴ-ն սրի հարաբերությունները կամ Երևանի, կամ Բաքվի հետ, ի՞նչ կլինի, իսկ ինչո՞ւ Երևանն ու Բաքուն նաև Բրյուսելում սկսեցին բանակցել, թեև դա նրանց ընտրությունն է, որևէ սահմանափակող գործոն չկա։ Սակայն նշեմ նաև, որ դիվանագիտությունը հատկապես փոփոխվող աշխարհում չափազանց ճկուն ու փոփոխվող է, ինչպես վերջին այս հայտարարությունը, որը հետո փոխվեց։ Ամեն բան փոփոխական է, այդ թվում՝ այն, թե ինչպես կլուծվի հակամարտությունը և ինչպես կապահովվի Ղարաբաղի անվտանգությունը։ Կա նաև մեկ այլ ակնհայտ ցանկություն վերացնելու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը հակամարտության գոտուց, սա չափազանց վճռական ու գործընթացները կանխորոշող գործոն է։
Այս փուլում Հարավային Կովկասում և Ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանը տրվել է զարգացումների ընթացքին, նախաձեռնողականություն չի ցուցաբերում, չի պայքարում սեփական դիրքերի ամրապնդման համար, հստակ հասկանալով՝ որոնք են Արևմուտքի թիրախները։ ՌԴ-ում հույս ունեն, որ բոլոր հարցերը լուծում են Ուկրաինայում, սա կարող է լինել՝ ինչպես օբյեկտիվ, հաշվի առնելով այն, թե ինչ կլինի հետո, այնպես էլ՝ հակառակը»,- ասաց վերլուծաբանը։