Բաժիններ՝

Տաշիր քաղաքում սպանված երիտասարդը համայնքապետարանի աշխատակից էր, նա մասնակցել էր 44–օրյա պատերազմին

Տաշիր քաղաքում հնչած կրակոցներից մահացած Նովոսելցովո գյուղի 27-ամյա բնակիչ Սմբատ Դավոյանը Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին համայնքապետարանից։

«Սմբատ Դավոյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր, շատ լուսավոր, բարի անձնավորություն էր»,– ասացին համայնքապետարանից։

Ողբերգական դեպքի առնչությամբ ցավակցական հայտարարություն է տարածվել Տաշիր քաղաքի ֆեյսբուքյան էջում։

«Սրտի խորը ցավով հայտնում ենք, որ 27 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Սմբատ Սողոմոնի Դավոյանը։

Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը եւ աշխատակազմի ողջ անձնակազմը իր զորակցությունն է հայտնում Սմբատ Դավոյանի ընտանիքին եւ հարազատներին։

Հանգչիր խաղաղությամբ, խորաթափանց, արհեստավարժ, ստանձնած պարտականությունների հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով առաջնորդվող ծառայող եւ լավագույն մարդ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Նովոսելցովո բնակավայրի 27-ամյա բնակչի` հրազենային, իսկ Տաշիր քաղաքի 24-ամյա բնակչի` կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ ահազանգերը ստացվել են 2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 00:10-ին եւ 02:45-ին, «Տաշիրի ԲԿ» եւ «Ստեփանավանի ԲԿ» ընկերություններից:

Քննչական կոմիտեի իրականացրած միջոցառումներով ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերոհիշյալ դեպքին նախորդող ժամանակահատվածում՝ 2022թ. հունիսի 3-ին, Տաշիր քաղաքի Դպրոցականների փողոցի շենքերից մեկի բակում մի խումբ անձինք, որոնց թվում կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված երիտասարդը եւ վերջինիս ընկերը բռնություն են գործադրել 39-ամյա մի տղամարդու նկատմամբ, որի կապակցությամբ հունիսի 6-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, պարզաբանումներ կատարելու համար, Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի 27-ամյա բնակիչը համագյուղացու հետ ժամանել է Տաշիր քաղաք եւ հանդիպել 24-ամյա երիտասարդին: Երիտասարդների միջեւ առանձնազրույցը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 24-ամյա երիտասարդը, Նովոսելցովո գյուղի բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել նրա ուղղությամբ, իսկ վերջինս էլ սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել 24-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին: Տաշիրի բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո՝ 2022 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 27-ամյա երիտասարդը, ստացած վնասվածքից, գիտակցության չգալով, մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս