Երբ հանրային ցածր՝ 18%-անոց հեղինակությանդ նույնիսկ զոհի կերպարդ չի օգնում

Հունիսի 6-ին հրապարակվեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի ներկայացրած «Կովկասյան բարոմետր» 2021թ. հետազոտությունը:

Այդ մեծածավալ հետազոտության մեջ առանձին բաժին էր նվիրված հանրային ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների վստահությանը: Քանի որ հետազոտությունն ընդգրկում էր 2021թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2022թ. փետրվարի 4-ը, ապա այն վերաբերում էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին և այդ ժամանակ պաշտոնավարող Արման Թաթոյանին: Հիշեցնենք, Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ. փետրվարի 23-ին:

Ըստ հետազոտության՝ Արման Թաթոյանին վստահում է քաղաքացիների 81%-ը, չեզոք է վերաբերվում (ոչ վստահում, ոչ էլ չի վստահում) 9%-ը, չի վստահում 7%-ը, չգիտի 2%-ը:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն անցկացրել է նաև Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե ո՞ր հաստատություններին են առավել վստահելի համարում:

17 ինստիտուտների թվում, ըստ քաղաքացիների վստահության, առաջին տեղում է Մարդու իրավունքների պաշտպանը (Օմբուդսմեն):

Ըստ այս բաժնի՝ Արման Թաթոյանին լիովին վստահում է քաղաքացիների 61,2 %-ը, ավելի շուտ վստահում է 21,4%-ը, ոչ վստահում, ոչ էլ չի վստահում 6,7%-ը, ավելի շուտ չի վստահում 3,8%-ը և ընդհանրապես չի վստահում 6,9%-ը:

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում պաշտոնավարել է 2016թ. փետրվարի 23-ից մինչև 2022թ. փետրվարի 23-ը, իսկ «Կովկասյան բարոմետր» (ԿԲ) 2021թ. հետազոտությունն ընդգրկում է մինչև 2022թ. փետրվարի 4-ի ժամանակահատվածը:

Հետաքրքիրն այն է, որ Կովկասյան բարոմետրի հետազոտությունը բովանդակում է նաև առանձին ուսումնասիրություն, որը նվիրված է 2008 թվականից սկսած Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի կամ օմբուդսմենի նկատմամբ քաղաքացիների վստահությանը:

Հետաքրքիր է, որ 2008թ. պաշտոնավարել է Արմեն Հարությունյանը, և նրա օրոք վստահությունը կարելի է համարել բավարար 39% լիարժեք վստահության ցուցանիշով՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակ կառույցը դեռ նոր էր կայանում, և մարդիկ էլ առանձնապես տեղյակ չէին դրանից: Ընդ որում, ուշագրավ է, որ վստահության դրական ցուցանիշը վերաբերում է 2008թ., երբ Արմեն Հարությունյանը հրապարակեց Մարտի 1-ի գործով իր զեկույցը:

Ամենաուշագրավն այն է, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վստահության ամենացածր մակարդակը եղել է 2011-2016թթ. հունվար ամիսը պաշտոնավարած ստանձնած Կարեն Անդրեասյանի ժամանակ: Մասնավորապես, Կովկասյան բարոմետրի հետազոտությունը վկայում է, որ 2011 թվականից սկսած վստահությունը Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ հետևողականորեն իջնում է: Եթե 2011թ. եղել է 28%, ապա 2013-ին արդեն Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վստահությունը եղել է ռեկորդային 18%: Գրեթե նույն վիճակը պահպանվել է նաև 2014 ու 2015 թվականներին:

Այսինքն՝ Հայաստանում այս կառույցն իր գոյության ողջ պատմության մեջ ամենավատ վիճակում եղել է այն ժամանակ, երբ այն ղեկավարել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարից ոգեշնչվող, Արդարադատության ներկայիս նախարար Կարեն Անդրեասյանը, որն ամեն առիթով փորձում է վնաս հասցնել ոչ միայն Արման Թաթոյանին՝ նսեմացնելով նրա կատարած աշխատանքը, այլև ողջ կառույցի աշխատանքը:

Հիշեցնենք, երբ 2021թ. Կառավարության նիստից հետո լրագրողները Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հարցրել էին՝ ինչո՞ւ է իր գլխավերևում կախել Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարը, նա պատասխանել էր.

«Ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, և, այո, լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին՝ հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»,- ասել էր Անդրեասյանը:

Հայտնի փաստ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կամ օմբուդսմենի արդյունավետությունը կախված է նրանից, թե որքան են նրան վստահում քաղաքացիները և որքան է նրա հանրային հեղինակությունը: Ակնհայտ է, որ Կարեն Անդրեասյանի դեպքում արդյունավետության մասին խոսելն ավելորդ է:

Ընդ որում, հավանաբար վստահության նման ցածր աստիճանը և Մարդու իրավունքների պաշտպանի կառույցը վարկաբեկելու, պատմական աղետալի վիճակի հասցնելու պատճառն էր, որ նա իր ձախողումները, պետական կառույցի առաքելության տապալումը փորձում էր անընդհատ փրկել իր դեմ նախկին իշխանությունների իբր «արշավներով»: Մինչդեռ, այդպես էլ չտեսանք, որ նա գեթ մեկ ապացույց ներկայացնի իր դեմ «իշխանական» արշավի վերաբերյալ:

Կարեն Անդրեասյանն անընդհատ փորձում է համեմատվել Արման Թաթոյանի հետ՝ զոհի կերպարում ներկայանալով, սակայն դա նրան չի հաջողվում, առավել ևս, որ նա ժամանակին պարզապես տապալել էր իր առաքելությունը՝ իջեցնելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հեղինակությունը՝ ներքաշվելով մանր ներանձնային հարաբերությունների մեջ: Զոհի կերպարն էլ նրան չփրկեց: Օմբուդսմենի ինստիտուտի վարկանիշը հաջողվեց բարձրացնել Կարեն Անդրեասյանից հետո այդ պաշտոնը զբաղեցնող Արման Թաթոյանին, որի ստվերը այսօր էլ կարծես հանգիստ չի տալիս նրան: Ավելին, Անդրեասյանը նույնիսկ չի գիտակցում, որ Թաթոյանի դեմ մտասևեռմամբ նա վնասում է առհասարակ այդ կառույցի գործունեությանը և վարկանիշին:

Տեսանյութեր

Լրահոս