Պետական սիմվոլ եք ուզում՝ զինանշան կախեք, դրոշ կախեք. նախկին Նիկոլ Փաշինյանը՝ ներկա Կարեն Անդրեասյանին

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր անդրադառնում պաշտոնյաների սենյակներում այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկարը փակցնելու փաստին: 2016թ․ սեպտեմբերի 14-ին ԱԺ նիստի ընթացքում էլ, երբ քննարկվում էր Արթուր Դավթյանին գլխավոր դատախազ նշանակելու հարցը, Փաշինյանն ասել էր.

«Բա Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանի նկարներն իրենց սենյակներում ինչի՞ են կախում: Նրանք անընդհատ խոսում են, դատախազները, քննիչները կաբինետներում զեկուցում են, հարցնում են՝ այս սպանությունը քրեական հանցագործությո՞ւն է, թե՞ չէ, և Սերժ Սարգսյանի նկարը նրանց բացատրում է, բացատրելով իրավակիրառ պրակտիկան համաշխարհային, պրեզումցիայի և սանկցիայի ներքին տրամաբանությունները՝ բացատրում է, թե որ սպանությունն է քրեական, որն ապաքրեական: Այդ նկարը մշտական կապի խնդիր է, ամեն օր իրիկունները զեկուցում են, առավոտները հրահանգ են ստանում»:

Այսպիսի համոզմունքներ ունեցող Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց 4 տարի անց իրավիճակ է փոխվել: Պաշտոնյաների սենյակներում սկսել է հայտնվել արդեն նրա նկարը:

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հարցրին, թե ինչո՞ւ է իր գլխավերևում կախել Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարը:

«Ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, և, այո, լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին՝ հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»,- ասել էր Անդրեասյանը:

Նախարարի այս պնդմանն արձագանքենք ռետրո Նիկոլ Փաշինյանի 2016թ․ օգոստոսի 19-ի ֆեյսբուքյան գրառմամբ.

«Պետական սիմվոլ եք ուզում՝ զինանշան կախեք, դրոշ կախեք»:

Տեսանյութեր

Լրահոս