Ո՞ւր մնաց «մեր ժամանակների ամենասենսացիոն նորությունը»

Անցած տարի այս շրջանում, երբ մեկնարկում էին խորհրդարանական ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը հասարակությանը մեր ժամանակի ամենասենսացիոն նորությունն էր խոստանում։

«Մեզ սպասվում է առաջիկայում թերևս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը՝ վերջին 60 տարվա ընթացքում,- հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը՝ անթաքույց հրճվանքով ծաղրելով նախկիններին։ -Ասում են՝ անձրև շատ է եկել, ձյուն շատ է եկել, դրա համար էլ Սևանի մակարդակն այդքան բարձր է լինելու։ Փաստորեն վերջին 60 տարվա ընթացքում Հայաստանում ո՛չ ձյուն էր եկել, ո՛չ էլ անձրև էր եկել, անձրև և ձյուն Հայաստանի Հանրապետությունում, տիկնայք և պարոնայք, տեղացել է միայն 2020-2021 թվականներին, կամ էլ Եղիա մարգարեի ժամանակների երաշտից է եղել, այն ժամանակ 30 տարի էր, այս անգամ փաստորեն 60 տարի է եղել»։

Նիկոլ Փաշինյանի ասած սենսացիան անցած տարի այդպես էլ չկայացավ։

Հունիս-հուլիսին լճի մակարդակը ոչ միայն սենսացիոն չէր, այլև նույնիսկ ավելի ցածր էր նախորդ տարվա համեմատ, չնայած ձմռան ու գարնան առատ տեղումներին։

Այս տարի վիճակն էլ ավելի տխուր է։ Մայիսի առատ տեղումներից հետո լճի մակարդակը մի փոքր բարձրացել է, բայց շատ ավելի ցածր է, քան անցած տարի էր։

Մինչ ոռոգման նպատակներով լճից ջրի բացթողումը՝ Սևանի մակարդակն արդեն նախորդ տարվանից ցածր է գրեթե 20 սանտիմետրով։

Դժվար չէ պատկերացնել, թե այն դեռ ինչքանով կիջնի՝ ոռոգման ջրի բացթողումից հետո։

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր 10 մլն խորանարդ մետրը համարժեք է Սևանի մակարդակը 1 սանտիմետրով իջեցնելուն։

Այս տարի, ինչպես միշտ, Սևանից նախատեսվում է վերցնել 170 մլն խմ ջուր։

Բայց դեռ հարց է՝ ոռոգման սեզոնի վերջում ցուցանիշը ինչպես կփոխվի, կավելանա՞, թե՞ կպակասի։

Անցած տարի էլ նախատեսել էին 170 մլն խորանարդ ջուր վերցնել։ Հետո պարզվեց, որ դա հերիք չէ, և ավելացրին ևս 75 միլիոնով։

Ի վերջո, Սևանից վերցվեց 226 մլն խորանարդ մետր ջուր։

Ավել ջուր բաց թողնելու հետևանքով էլ այսօր լճի մակարդակը շատ ավելի ցածր է, քան անցած տարի էր, ավելի ցածր, քան 2020թ., նույնիսկ դրանից առաջ։

Սևանի մակարդակը բարձրանալու փոխարեն, վերջին տարիներին իջնում է։

Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը Սևանի մակարդակի սենսացիոն բարձրացման մասին էր խոսում, դա փորձում էր կապել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ։ Իբր նախկինում ջուրը վատ էին կառավարում, հիմա կառավարման որակը բարձրացել է, ու դա բերելու է Սևանի այնպիսի մակարդակի, ինչպիսին չի եղել անցած 60 տարվա ընթացքում։

«Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է։ Ընդ որում, ուզում եմ ձեզ հետևյալն ասել, որ վերջին տարիներին, օրինակ՝ 2020 թվականին 22,8 մլն խորանարդ մետր ջուր ավելի քիչ է բաց թողնվել համակարգ, բայց 4800 հեկտար հող ավելի շատ է ոռոգվել։ Որովհետև Սևանից ջուր բաց թողնելու վրա մեզանից ոչ ոք միլիոնատեր չի դարձել. եթե դուք էներգետիկ համակարգի իրազեկ ներկայացուցիչների հետ խոսեք, նրանք կասեն, որ կա օդում պտտվող այսպիսի խոսակցություն, որ Սևանա լճի 1 սմ ջուրը 1 մլն դոլար է, որովհետև, երբ դա բաց է թողնվում համակարգ և դառնում է էլեկտրական էներգիա, այդքանով մնացած գործողությունները տեղի են ունենում«,- նախկիներին էր մեղադրում Նիկոլ Փաշինյանը։

Սևանից անցած տարի ավել շատ ջուր բաց թողնվեց, քան պիտի թողնվեր։ Այդ ջուրը, բնականաբար, անցել է հէկ-երով ու դարձել էլեկտրաէներգիա։ Բայց օդում պտտվող խոսակցությունների մասին Նիկոլ Փաշինյանն այլևս չի հիշում։

Այս տարի եղանակային պայմաններն անշուշտ բարենպաստ են Սևանից քիչ ջուր վերցնելու համար։ Ապրիլի և հատկապես մայիսի առատ տեղումներից հետո ջրամբարների լցվածության մակարդակը բավական բարձր է։ Բայց դեռ վաղ է ասել, թե ոռոգման սեզոնին ինչ իրավիճակ կունենաք։

Անցած տարի էլ մինչև հունիս եղանակային պայմանները վատը չէին գյուղատնտեսության համար, առատ տեղումները խոստանում էին, որ ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չեն լինի։ Բայց հետո պարզվեց, որ այդպես չէ։

Ջրային համակարգի և եղած ռեսուրսների կառավարման թերացումների պատճառով՝ բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ բախվեցին ժամանակին ոռոգման ջուր ստանալու խնդիրների հետ, ինչի հետևանքով շատերը կորցրեցին նաև սպասվող բերքը։ Գյուղացուն ջուր հասցնելու համար կառավարությունը գնաց Սևանից լրացուցիչ ջրառ կատարելու։ Բայց նույնիսկ դա չփրկեց շատերին բերքի կորուստներից։

Ոչ մեկը չի կարող ասել, թե ինչպիսին կլինեն եղանակային պայմաններն առաջիկա ամիսներին գյուղատնտեսության համար, և Սևանից ինչքան ջուր վերցնելու կարիք կառաջանա։ Շատ բան դեռ առջևում է, ու առայժմ վաղ է խոսել, թե մինչև տարվա վերջ ինչպիսի՞ փոփոխությունների կենթարկվի Սևանի մակարդակը։

Առաջիկա ամիսների եղանակային պայմանների հետ կապված կանխատեսումներն այնքան էլ հուսադրող չեն։ Հունիս-հուլիսին ջերմային բավական բարձր ֆոն է սպասվում, ինչը մեծացնում է երաշտի հավանականությունն ու ջրառի կարիքը։ Դա իր ազդեցությունը կունենա նաև Սևանի մակարդակի վրա։

Մինչ այդ՝ փաստն այն է, որ Սևանի մակարդակն այսօր շատ ավելի ցածր է, քան մեկ տարի առաջ էր. տարբերությունը հունիսի 1-ի դրությամբ գրեթե 20 սմ է։

Հիշեցնենք, որ Սևանի մակարդակի յուրաքանչուր 1 սանտիմետրը գնահատվում է շուրջ 10 մլն խորանարդ մետր ջուր։

Դժվար չէ հաշվել, թե մեկ տարում լճից ինչքան ջուր է պակասել՝ գրեթե 200 մլն խորանարդ մետր։

Սա է, թերևս, ջրային ռեսուրսների նոր որակի կառավարման արդյունքը, որի մասին մեկ տարի առաջ խոսում էր Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով «մեր ժամանակների ամենասենսացիոն նորությունը»։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս