«2020-ին երբ շենքն այրվեց, մենք դրսում էինք հայտնվել». Պտղունքի հրդեհված շենքի բնակիչներին խոստանում են 2023-ին սկսել նոր շենքի կառուցումը
Արմավիրի մարզի Պտղունք գյուղի տասնյակ բնակիչներ շուրջ 2 տարի առաջ շենքում բռնկված հրդեհի հետևանքով հայտնվել են դրսում, սակայն մինչ օրս իշխանություններից որևէ աջակցություն չեն ստացել։
Շենքի բնակիչներից Նարինե Գրիգորյանն այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունների տված խոստումները սուտ դուրս եկան։ Շուտով 2 տարին է լրանում, որ շենքը հրդեհվել է, բայց իրենցով հետաքրքրվող չի եղել։
«2020 թվականի սեպտեմբերի 24-ին, երբ շենքն այրվեց, մենք դրսում էինք հայտնվել։ Ուղիղ 10 օր դրսում ենք անցկացրել, որովհետև տեղ չունեինք գնալու, հարազատներս կորոնայով հիվանդ էին, իրենց տուն չէինք կարող գնալ։ Այնուհետև դիմեցինք մեր ազգականներից մեկին, որը Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում, խնդրեցինք՝ որոշ ժամանակ իրենց տանն ապրենք, չմերժեց։ Հիմա այդ տանն ենք ապրում՝ էլի մեր գյուղում է, կարելի է ասել՝ վարձով։ Բայց հիմա մեր ազգականը պետք է տունը վաճառի, մեզ ժամանակ են տվել, որ այս ամռանը դուրս գանք։ Իշխանության ներկայացուցիչները դեպքից անմիջապես հետո հայտարարեցին՝ ամեն ինչ լավ կլինի, կօգնենք, կաջակցենք, բայց ոչ մի բան էլ չեղավ, ոչ մի բան, բացարձակ։ Սեպտեմբերին 2 տարին կլրանա, բայց անգամ չեն էլ հարցրել՝ իմանան, թե մենք որտե՞ղ ենք, ի՞նչ պայմաններում ենք ապրում»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ նախորդ տարի շենքի բնակիչները հանդիպում էին պահանջում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ, որն այժմ ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում՝ փոխվարչապետ։ Կայացա՞վ արդյոք այդ հանդիպումը, ի՞նչ է ասել ձեզ նախկին մարզպետը, Պտղունքի բնակիչն ասաց, որ հանդիպումը չի կայացել։
Տիկին Նարինեն ասաց, որ շենքի մի հատվածը, որն ամբողջությամբ չի այրվել՝ միայն առաստաղն է վնասվել, ցանկացել են վերանորոգել, դիմել են համայնքապետարան, որպեսզի իրենց ուժերով վերանորոգեն և տեղափոխվեն այդտեղ, սակայն համայնքապետարանից պատասխանել են, որ շենքը 5-րդ կարգի վթարային է։ Պտղունքի բնակիչը նեղսրտեց՝ տուն չունենալու պատճառով ընտանիքը 2 մասի է բաժանվել, ինքն ու ամուսինն ազգականի տանն են, իսկ որդու ընտանիքը Ռուսաստանի Դաշնությունում է․
«Տղաս կնոջ հետ պետք է գար Հայաստան, որ թոռնիկս այստեղ ծնվեր, բայց տուն չունենալու պատճառով՝ չեկան երեխեքը։ Տղաս դրսում է աշխատում, հազիվ այնտեղի տան վարձն է տալիս, ապրում են․․․»։
Տիկին Նարինեին հարցրեցինք նաև, թե բնակիչներն արդյո՞ք չեն պատրաստվում մեկ անգամ ևս դիմել Գործադիրին և պարզաբանում ստանալ խնդրի հնարավոր լուծումների վերաբերյալ․
«Բնակիչներից ահագին մարդ գնացել է երկրից, մի մասը 80-ն անց մարդիկ են, մյուսն ասում է՝ հիվանդ եմ, չեմ կարող։ Գյուղապետը, որը խոշորացումից հետո Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ է դարձել, ապրիլ ամսին մեզ ասաց՝ 2 ամիս սպասեք, մինչև հունիս․․․ Մինչև հիմա սպասում ենք․․․ Եթե պատասխան չլինի, որոշել ենք ճանապարհ փակելով՝ մի բանի հասնենք, եթե դա էլ չօգնի՝ էլ չգիտեմ՝ ինչ ասեմ․․․
Մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին եմ գրել, մարզպետի էջին եմ գրել, Սուրեն Պապիկյանը, երբ Տարածքայինի նախարար էր, այդ ժամանակ իրեն էլ եմ գրել, ցույց է տալիս, որ տեսել են, բայց ոչ մի պատասխան չկա․․․»։
168.am-ը լրացուցիչ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանի հետ։
Հարցին՝ շենքի բնակիչներին աջակցություն տրամադրելուն ուղղված ի՞նչ քայլեր են իրականացվում, Սարիբեկյանը պատասխանեց, որ համայնքապետարանն այս պահին կարիքների գնահատում է իրականացնում, ապա հավելեց, որ նույն շենքի բնակիչներին առաջարկել են տարիներ առաջ շենքի հարևանությամբ գտնվող հենց իրենց զավթած հողատարածքը հանձնել համայնքին.
«Համայնքն ընդհանուր օգտագործման հողի վրա կկառուցի բազմաբնակարան շենք՝ շարային տեսքով, որտեղ բոլոր այրված բնակարանների տերերին սահմանված չափով՝ իրենց զբաղեցրած տարածքի չափով, բնակարաններ կհատկացվեն։ Այդպիսով այդ հարցը կհամարենք լուծված»։
Սարիբեկյանը հավելեց, որ այս գործընթացը նախատեսված է իրականացնել 2023 թվականին սուբվենցիոն ծրագրերով․
«2023 թվականին նախատեսում ենք սկսել գործընթացը։ Երկու հնարավոր տարբերակ ենք ուսումնասիրում, մեկը՝ քարե շինության տեսքով, երկրորդը՝ մինչև 12 բալ սեյսմակայունությամբ, երկաթե կոնստրուկցիաներով հավաքված շինություն, որը արագ է կառուցվում և էներգախնայող է»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Շիրազի փողոցի 25 շենքում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով 10-ից ավելի բնակարաններ այրվել էին, և բնակիչները հայտնվել էին դրսում:
Ավելի վաղ 168.am-ը դիմել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով, սակայն 2 գերատեսչություններից էլ սպառիչ պատասխան չէր եղել։