«Պարոն Փաշինյանը կարո՞ղ է այստեղ կես ժամ ապրել, ծխի մեջ, կամ մեր հարգարժան մարզպետը». Հրդեհից տուժած պտղունքցի

Սեպտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այրվել է 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի։ Ընդհանուր տանիքից այրվել էր մոտ 1300 քմ հատված։

Այրված տների բնակիչներն այսօր բողոքում էին, որ հայտնվել են փողոցում, գիշերելու տեղ չունեն։ Իսկ այն խոսակցությունները, թե բնակիչներին օգնություն է ցուցաբերվել, չեն համապատասխանում իրականությանը։ Բնակիչները պնդում են, որ դա սուտ է։

Փողոցում հայտնված բնակիչների խոսքով՝ արդեն մի քանի օր է՝ ինչ մեծահասակները գիշերում են բակում, իսկ փոքր երեխաները՝ այս կամ այն բարեկամի տանը։

«Դիմացը ձմեռ է, մենք չգիտենք, թե մեր վիճակն ինչ պետք է լինի։ 20 րոպեում հրդեհը բոլորիս տները մոխրացրեց։ Հիմա որևէ հնարավորություն չունենք ապրելու, մեզ տանիք է պետք, թող սոված մնանք, միայն մեր գլխին տանիք ունենանք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին բնակիչները։

Նրանք նաև նշեցին, որ նման պայմաններում հնարավոր չէ նույնիսկ 30 րոպե ապրելը. «Պարոն Փաշինյանը կարո՞ղ է այստեղ կես ժամ ապրել, ծխի, մխի մեջ, կամ մեր հարգարժան մարզպետը, թող գան տեսնեն՝ այստեղ ապրելու հնարավորություն կա՞։ Փառք տանք Աստծուն, որ եղանակը լավ է, բայց չէ՞ որ առջևում ձմեռ է»,- նշեց բնակիչներից տիկին Ռոզան

Ըստ նրանց, մարզպետը, գյուղապետն իրենց հորդորել են մի տեղ տեղավորվել, մինչև խնդիրը կլուծեն, սակայն գնացել ու չեն վերադարձել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս