«Բնակիչներով որոշել ենք գնանք մարզպետարան». Պտղունքի այրված շենքի բնակիչները 4 ամիս փոխհատուցման են սպասում
Պատերազմը սկսվելուց 3 օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին, հրդեհ էր բռնկվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Հ. Շիրազի 25/4 շենքում: Շուրջ 4 ամիս է անցել, սակայն բնակարաններից զրկված բնակիչները որևէ աջակցություն չեն ստացել պետական որևէ մարմնից:
Շենքի բնակիչներից Լիանա Այվազյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին շենքում իրենց կյանքը վտանգելով՝ 3 ընտանիք են ապրում, քանի որ գումար չունեն բնակարան վարձելու համար:
«Մարդիկ շենքից դուրս են եկել, մեկը՝ վարձով, մեկը՝ բարեկամի տանը, ներկա պահին մեծահասակներ ունենք, որ ուրիշի նկուղում են ապրում, բայց ահավոր վթարային է, տանիք չկա: Մենք մի փոքր վերանորոգեցինք մեր բնակարանը, որովհետև ճար չունենք գնալու, 10 հոգի ենք: Մնացած ժողովուրդն այստեղ չեն, սաղ բաժանվել են՝ այս կողմ այն կողմ: Ընդհանուր 16-18 բնակարան էր, բայց ապրում էին 14-15 ընտանիք, այս պահին շենքում 3 ընտանիք ենք ապրում՝ խոնավ, տան պատերը պոկվում է: Այդ տարեց մարդիկ էլ, որ ուրիշի տանն են ապրում, ոչ մի վեշ չունեն, իրենց բնակարանն ամբողջությամբ այրվել է, խեղճերը տուն էին ման գալիս, որ գնային, չգտան»,- պատմեց շենքի բնակիչը:
Քաղաքացուց հետաքրքրվեցինք, թե արդյոք մարզպետարանը մինչև այս պահը որևէ աջակցություն տրամադրե՞լ է տուժած ընտանիքներին, քանի որ մարզպետն անձամբ էր եղել դեպքի վայրում, ծանոթացել իրավիճակին:
«Որևէ աջակցություն մարզպետարանի կողմից չի եղել: Մի քանի օր առաջ մեր հարևաններից մեկն էր եկել, որ 80.000 դրամ վարձ են տալիս, ինքն էլ ասաց՝ ոչ մեկը ոչ մի բան չարեց: Գյուղապետն է դրամական օգնություն ցույց տվել բնակիչներին, մեկիս՝ 30.000, մյուսին՝ 50.000 դրամ, մեկ էլ վերջերս ալկոգելեր, տնտեսական ապրանքներ են բաժանել, ուրիշ ոչ մի բան, ոչ տան վարձ, ոչ մի բան: Պատերազմ էր, երկրի վիճակը տեսնելով՝ մենք մեզ թույլ չէինք տա այս հարցը բարձրացնեինք, ամուսնուս եղբայրն էլ էր գնացել կռիվ, եղբայներս էլ, մեկը վիրավոր եկավ, բայց էլ չենք կարող սպասել, բնակիչներով որոշել ենք հավաքվենք, գնանք մարզպետարան, որ տեսնենք՝ ի՞նչ ընթացք են տալիս, այսպես ինչքա՞ն կարող ենք ապրել»:
168.am-ը խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց Պտղունք համայնքի ղեկավար Կարապետ Արթենյանին և, ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, դեկտեմբերին հանձնաժողով է ստեղծվել, ուսումնասիրություններ են արվել և դրանք ուղարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, սպասում են նախարարի պատասխանին:
«Հանձնաժողովի կազմում են՝ մարզպետարանի աշխատակիցներ, ԱԻՆ, գյուղապետարան, համայնքի ավագանի: Դեկտեմբերի 4-ին մարզպետի որոշումն է եղել, որ ստեղծվի այդ խումբը, դեկտեմբերի 17-ին եկել են, ուսումնասիրել ենք: Մարզպետարանը հունվարի 14-ին գրություն է ուղարկել ԱԻ նախարարին և ՏԿԵ նախարարին, սպասում ենք պատասխանի»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ համապատասխան հանձնարարականն ուղարկել են Արմավիրի մարզպետարան, որ առաջնորդվեն 2011 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 1582-Ն որոշմամբ:
«Այսինքն՝ աշխատանքային հանձնաժողովի գնահատումը պետք է ուղարկեն Արտակարգ իրավիճակների նախարարություն, որից հետո ԱԻՆ-ը համապատասխան գործընթաց սկսի և ընթացք տա հարցին»,- ասաց ՏԿԵ նախարարի խոսնակը:
Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ գործը միանգամից փոխանցվել է Արմավիրի նախաքննչական բաժին.
«Մենք այդ գործով ոչինչ չենք ձեռնարկել: ԱԻՆ-ը օգնել է, որպեսզի համապատասխան նյութեր հավաքվեն, գործը գտնվում է Արմավիրի քննչական բաժնում, նախաքննական մարմինն է զբաղվում գործով»:
168.am-ը կապ հաստատեց նաև Արմավիրի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի հետ: Նա էլ հայտնեց, որ այդ շենքը վերանորոգման և հետագա շահագործման ենթակա չէ.
«Դրա համար մենք դեկտեմբերին դիմել ենք կառավարություն, որ սա է շենքի վիճակը, այնտեղ ապրում են 12 թե 14 ընտանիք, որ ամբողջ շենքը համայնքային սեփականություն է, բացառությամբ 1 բնակարանի, որը սեփականաշնորհված է եղել: Մենք ուղարկել ենք նաև Արտակարգ իրավիճակների նախարարություն և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, դե կառավարությունն արդեն որոշում կկայացնի, թե ինչ եղանակով մարդկանց օգնենք: Նոր շենք կկառուցե՜ն, գումարներ կտա՜ն՝ բնակարաններ ձեռք բերելու համար և այլն»,- ասաց Արմավիրի մարզպետարանի աշխատակիցը:
Աշոտ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք քննարկվե՞լ է բնակիչների՝ այս 4 ամիսների վարձավճարների փոխհատուցումը, պատասխանը բացասական էր, մարզպետարանը բյուջե չունի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին հրդեհ էր բռնկվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում, ինչի հետևանքով 10-ից ավելի բնակարաններ այրվել էին և բնակիչները հայտնվել էին դրսում:
«Դիմացը ձմեռ է, մենք չգիտենք, թե մեր վիճակն ինչ պետք է լինի։ 20 րոպեում հրդեհը բոլորիս տները մոխրացրեց։ Հիմա որևէ հնարավորություն չունենք ապրելու, մեզ տանիք է պետք, թող սոված մնանք, միայն մեր գլխին տանիք ունենանք»,- սեպտեմբերի 26-ին 168.am–ի հետ զրույցում ասել էին բնակիչները։