Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Արցախի պետնախարարի հետ հարցազրույցից հետո երկրում ՌԻԱ «Նովոստի»-ի կայքի անհասանելի դառնալը

Ռուսական ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալության կայքն Ադրբեջանում անհասանելի է դարձել, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գործակալությունը հրապարակել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը, ինչի ֆոնին որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ, մասնավորապես Axar.az-ը և APA գործակալությունը, կոչ են արել տեղական իշխանություններին արգելափակել «Russia Today» միջազգային մեդիա խմբին պատկանող լրատվամիջոցները։

Ի պատասխան գործակալության հարցման՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Ռոսիա Սեգոդնյա»-ն, իբր, տիրաժավորում է Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները՝ նկատի ունենալով ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակցի և Արցախի Հանրապետության պետնախարարի զրույցը:

Գերատեսչությունը կարծում է, որ ռուսական պետական գործակալությունները, իբր, տարածում են «զրպարտչական տեղեկատվություն», որը հակադրվում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» և խթանում է «անջատողական միտումները»։

Այս ամենը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և, հետևաբար, լուրջ ափսոսանք է առաջացնում, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։

Նրա կարծիքով, դա իբր հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի բարեկամության, անվտանգության և ռազմավարական գործընկերության համաձայնագրի և 2022 թվականի Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին։

«ՌԻԱ Նովոստի գործակալության կողմից այս սադրիչ հայտարարությունների կրկնումը նաև ստվերում է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Ռուսաստանի Դաշնության ջանքերը», – հավելել է Ալիևան։

Միևնույն ժամանակ, նախարարության ներկայացուցիչը որևէ ապացույց չի ներկայացրել ՌԻԱ «Նովոստի»-ի կողմից սադրանքի կամ անջատողականության քարոզչության մասին։

Տեսանյութեր

Լրահոս