Փողոցային դիվանագիտության անբարոյական հետևանքները․ Թեյավճարը՝ շվեյցարական բանկում

Հայաստանում հաստատված քաղաքական ճգնաժամը գոյություն ունեցող բարոյականության ճգնաժամի պրակտիկ դրսևորումն է։ Իսկ բարոյականության ճգնաժամը երկրում այնքան խորն է, որ դրա հաղթահարման հնարավորությունները գտնվում են  սոսկ տեսական դաշտում։ Քաղաքականությունն ու բարոյականությունը գտնվում են դիալեկտիկական կապի մեջ։ Փիլիսոփայական առումով քաղաքականությունն ամենաբարոյական զբաղմունքներից մեկն է, քանի որ դրա նպատակը մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելն է։ Գործնական հարթությունում, սակայն, քաղաքականությունը նույնացվում է անբարոյականության հետ, քանի որ այդպիսին են այն դարձնում դրանով զբաղվողները։

Հայաստանում հաստատված անբարոյականության ճգնաժամի աղբյուրը իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ 44-օրյա աղետալի պատերազմից հետո, բարոյականության նշույլ ունենալու պարագայում նա պետք է հեռանար՝ առնվազն ներողություն խնդրելով ու ներում հայցելով։ Բայց նա չգնաց՝ նպաստելով բարոյականության ճգնաժամի խորացմանը։

Նիկոլ Փաշինյանն ինքը խոստովանել է, որ մեղավոր է պատերազմի համար, ուղիղ տեքստով ասել է, որ կարող էր կայացնել որոշումներ, որոնց արդյունքում պատերազմը կունենար նույն ելքը, «իհարկե, առանց զոհերի»։ Այսինքն՝ մարդը խոստովանել է սեփական հրեշավոր մեղավորությունը, բայց դրա համար պատասխանատվություն չի կրել։ Սա հանրային  բարոյականությանը հասցված մեծագույն վնաս է, քանի որ պահպանելով իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը բոլորին ուղերձ է հղել այն մասին, որ կարելի է գործել հանցանքներ ու մնալ անպատիժ։

Հայաստանն այսօր ապրում է հենց այդ՝ անպատժելիության համախտանիշով. բոլորը գիտեն, որ կարելի է գործել հանցանքներ ու մնալ անպատիժ։ Բոլորը գիտեն, որ կարելի է լինել անբարոյական։ Հանրային անբարոյականությունը շատ ավելի վտանգավոր է ու կործանարար, քան կենցաղային անբարոյականության նույնիսկ ամենազազրելի դեպքերը։ Առանց բարոյականության հասարակությունը կարմիր գծեր ու արգելակներ չունեցող մարդկանց հավաքականություն է, որը հանուն այսրոպեական շահի պատրաստ է առանց բացառության ամեն ինչի։

Եվ «պողպատյա մանդատը», որի մասին ամեն առիթով հիշատակում է Նիկոլ Փաշինյանը, իրականում անբարոյականության մանդատ է, քանի որ նրա իշխանությունն այն օգտագործում է ամեն գնով «խաղաղություն հաստատելու» համար՝ փողոցային անբարոյականի հանգույն։  Կենցաղային ու համապետական անբարոյականության տարբերությունն այն է, որ առաջինը համարվում է պոռնկությունը, իսկ երկրորդը ներկայացվում է՝ որպես «արտաքին քաղաքական կառուցողականություն»։

Բայց իրերի դրությունն անվանումներից չի փոխվում։ Ինչպես որ չի փոխվում աշխարհի վերաբերմունքը. և փողոցում ծառայություններ մատուցողին, և՛ համաշխարհային քաղաքականության միջանցքներում քաղաքական մարմնավաճառությամբ զբաղվողներին վերաբերվում են նույն կերպ՝ գուցե այն տարբերությամբ, որ երկրորդների թեյավճարը թողնում են շվեյցարական բանկի որևէ հաշվեհամարին։

Հայաստանում հաստատված քաղաքական ճգնաժամը խորքային առումով կարող է լուծվել միայն բարոյականության ճգնաժամի հաղթահարումից հետո։ Բայց դա գործնականում անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը պատկանում է նրանց, ովքեր հանդիսանում են բարոյականության ճգնաժամի հիմնական աղբյուրը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Անբարոյական հետևանքներով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս