Պատմական շոգ. Լեհաստանում ավելի քան մեկ դար անց ջերմության ռեկորդ է գրանցվել
Լեհաստանի Սլուբիցե քաղաքում կիրակի օրը գրանցվել է 40,5°C ջերմաստիճան՝ սա դիտարկումների պատմության մեջ նոր ջերմաստիճանային ռեկորդ է, հայտնել է Tvn24-ը՝ հղում անելով Օդերևութաբանության և ջրային տնտեսության ինստիտուտի (IMGW) ներկայացուցիչ Ագնեշկա Պրասեկին։
Վերջինս նշել է, որ խոսքը վերաբերում է նախնական տելեմետրիկ և օպերատիվ տվյալներին, որոնք գրանցվում են սինոպտիկ չափումների միջև։ Պաշտոնական սինոպտիկ կայանները ջերմաստիճանը գրանցում են խիստ որոշված ժամերին, ուստի ինստիտուտը սպասում է այդ ցուցանիշների հաստատմանը։
Ըստ Պրասեկի, նույն օրը Տորունում գրանցվել է երկրորդ ամենաբարձր ջերմաստիճանը՝ 40,3°C։ Այս տվյալները նույնպես դեռ սպասում են IMGW-ի պաշտոնական հաստատմանը։
Ժամանակակից Լեհաստանի տարածքում նախորդ ջերմաստիճանային ռեկորդը սահմանվել էր 1921 թվականի հուլիսի 29-ին Օպոլեի մոտ գտնվող Պշոշկուվում, երբ ջերմաչափերը ցույց էին տվել 40,2°C։ XXI դարում առավելագույնը կազմել էր 39,5°C, որը գրանցվել էր 1994 թվականի հուլիսին՝ նույնպես Սլուբիցեում։
Երկրում անոմալ շոգը կապված է Եվրոպայի վրա այսպես կոչված «ջերմային գմբեթի» ձևավորման հետ՝ բարձր ճնշման ընդարձակ գոտու, որը տաք օդը պահում է երկրի մակերևույթի մոտ։ Լրացուցիչ գործոն է նաև կայուն մթնոլորտային բլոկը, որի ձևը մոտ է հունական «օմեգա» տառին և ստեղծում է կայուն, ուղղահայաց զարգացած անտիցիկլոն և երկու ծայրամասային ցիկլոն։
Սակայն ծայրահեղ շոգի շրջանին կհետևեն եղանակային կտրուկ փոփոխություններ. արդեն կիրակի երեկոյան Լեհաստան կգան ամպրոպային երևույթներ, իսկ հետո սպասվում է նկատելի զովացում։ Երեքշաբթի ջերմաստիճանը երկրի հյուսիսում և արևմուտքում կկազմի 26–27°C, իսկ հարավ-արևելքում՝ 32–34°C։

