Սուրճը շոգ եղանակին կարող է վտանգավոր լինել. բժիշկը զգուշացնում է սրտի և մարսողական համակարգի ռիսկերի մասին
Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Այս մասին Газета.Ru-ին տված հարցազրույցում հայտնել է գաստրոէնտերոլոգ Վիկտորիա Ստեպանովան։
Բժշկի խոսքով՝ սուրճը արագացնում է սրտի աշխատանքը, ազդում է արյունատար անոթների վրա, խթանում ադրենալինի արտազատումը և ժամանակավորապես նվազեցնում հոգնածության զգացումը։ Սովորական պայմաններում առողջ մարդը կարող է նույնիսկ չնկատել այս ազդեցությունները, սակայն բարձր ջերմաստիճանի պայմաններում իրավիճակը փոխվում է։
Շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
«Ստացվում է կրկնակի ջրազրկում, որը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա»,- նշել է մասնագետը։
Արյան խտացումը մեծացնում է սրտի ռիթմի խանգարումների՝ առիթմիայի առաջացման հավանականությունը։ Եթե առողջ մարդու մոտ մեկ բաժակ էսպրեսսոյից հետո սրտի զարկերը կարող են աճել 15-20 հարվածով, ապա ռիթմի սահմանային խանգարումներ ունեցող մարդկանց համար դա երբեմն բավական է նոպա հրահրելու համար։
Սուրճը կարող է նաև բացասաբար ազդել մարսողական համակարգի վրա։ Այն խթանում է ստամոքսահյութի արտադրությունը և թուլացնում կերակրափողի ստորին սեղմանը, ինչի հետևանքով մեծանում է այրոցի և գաստրիտի սրացման վտանգը։ Մասնագետի խոսքով՝ շոգը, սուրճը և յուղոտ կամ քաղցր սնունդը միասին հաճախ դառնում են ամառային մարսողական խնդիրների պատճառ։
Ռիսկերը նվազեցնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս շոգ եղանակին սահմանափակվել օրական մեկ բաժակ սուրճով, այն օգտագործել սննդից հետո, նախընտրել սառույցով կամ կաթով նոսրացված տարբերակները և անպայման լրացնել հեղուկի կորուստը բավարար քանակությամբ ջուր խմելով։

