ԱՄՆ-ում ներկայացվել է երկրի 250-ամյակին նվիրված հուշանձնագրի սահմանափակ շարքը՝ Թրամփի դիմանկարով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել է ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված ամերիկյան հուշանձնագրի սահմանափակ շարքը, հայտնում է The Guardian-ը։
Փաստաթղթի ձևավորման մեջ օգտագործվել են նախագահի պատկերները, ինչպես նաև Անկախության հռչակագրի հետ կապված խորհրդանիշներ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտը և Սպիտակ տունը։
Սպիտակ տանը նոր փաստաթուղթը անվանել են «հայրենասիրական անձնագիր», իսկ ինքը՝ Թրամփը, Truth Social սոցիալական ցանցում այն բնութագրել է որպես «ԱՄՆ-ի նոր անձնագիր, որը ասում է. «Բարի գալուստ, բայց ձեզ լավ պահեք»»։
Պետդեպարտամենտի տվյալներով, հուշանձնագիրը կսկսեն տրամադրել 2026 թվականի հուլիսի 6-ից Վաշինգտոնի անձնագրային գործակալությունում։ Թողարկումը կլինի սահմանափակ և կապված է երկրի 250-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների հետ։
Հաղորդվում է, որ նոր դիզայնում օգտագործվում է Թրամփի դիմանկարը, որի հեղինակը Սպիտակ տան լուսանկարիչ Դենիել Թորն է։ Պատկերում նախագահը ներկայացված է Ռեզոլյուտ սեղանի մոտ՝ իր բնորոշ կեցվածքով, իսկ նրա ստորագրությունն ու «United States of America» գրությունը տեղադրված են դիմանկարի ներքևում։ Կից էջում տեղադրված է նկարազարդում, որը հիշեցնում է Անկախության հռչակագրի ստորագրման տեսարանը։
Փաստաթուղթը ներառում է նաև «Freedom 250» հոբելյանական ձևավորման տարրեր, այդ թվում՝ ոսկեգույն դեկորատիվ մանրամասներ շապիկի վրա։

