Ցանկանում են մեզ ամեն գնով թուլացնել, ազատվել մեզանից. դա ոչ ոքի երբեք չի հաջողվել, չի հաջողվի հիմա և չի հաջողվի նաև ապագայում. Վլադիմիր Պուտին
«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին փորձում են թուլացնել և ազատվել նրանից՝ որպես համաշխարհային մի գործոնի, որը միշտ կանգնած է եղել չարիքի ճանապարհին։
Նա վստահ է՝ Ռուսաստանից ազատվել ոչ ոքի երբեք չի հաջողվել և չի հաջողվելու։ «Տեսեք, հենց որ մենք դրսևորում ենք որևէ թուլություն՝ անկախ նրա տեսակից, Ռուսաստանի հետ անմիջապես դադարում են հաշվի նստել և սկսում են խոսել ուժի լեզվով։ Փորձում են, ինչպես ժողովուրդն է ասում, «ատամով»։ Ցանկանում են մեզ ամեն գնով թուլացնել։ Ազատվել մեզանից՝ որպես համաշխարհային այն գործոնի, որը միշտ կանգնած է եղել չարիքի ճանապարհին։ Դա ոչ ոքի երբեք չի հաջողվել, չի հաջողվի հիմա և չի հաջողվի նաև ապագայում»,- նշել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ սեպտեմբերյան ընտրությունների ժամանակ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրական հանձնաժողովների աշխատակիցների, թեկնածուների, դիտորդների և ընտրողների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև քվեարկության արդյունքները արտաքին ցանկացած ազդեցությունից ու մանիպուլյացիաներից պաշտպանելու համար։ «Անհրաժեշտ հանձնարարականները ձևակերպված են և անկասկած կտրվեն»,- հավելել է նք։
Սեպտեմբերին կձևավորվի Պետդումայի իններորդ գումարումը։ Մի շարք մարզերում նույնպես տեղի կունենան օրենսդիր և ներկայացուցչական մարմինների ընտրական լայնածավալ արշավներ, որոնց ընթացքում կթարմացվի դրանց կազմը։
Վ. Պուտինը շեշտել է, որ ընտրությունները կանցկացվեն սահմանված ժամկետներում՝ օրենքի խստագույն պահպանմամբ. «Վստահ եմ, որ մրցակցային պայքարը կլինի բաց և ազնիվ, քանի որ ժողովրդի վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ մեր հասարակության կայունության և միասնության անհրաժեշտ պայմանն է»։
Ըստ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովայի՝ 2026 թվականի քվեարկության միասնական օրը նշանակված է սեպտեմբերի 20-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա եռօրյա ձևաչափով՝ սեպտեմբերի 18-ից 20-ը։
Վլադիմիր Պուտինը հաստատել է Պետդումայի իններորդ գումարման պատգամավորների ընտրությունների ամսաթիվը։ Պաշտպանության նախարարության, ԱԴԾ-ի և մարզերի ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո ընտրություններ են նշանակվել նաև այն նոր մարզերում, որտեղ գործում է ռազմական դրություն։ Ապրիլին Վ. Պուտինը նախազգուշացրել էր, որ ընտրությունները կանցնեն բարդ պայմաններում, և արտաքին հակառակորդները «կփորձեն օգտագործել ցանկացած հնարավորություն ռուսական հասարակությունը պառակտելու և ապակայունացնելու համար»։

