Իսրայելի որոշմամ մասին՝ առանց էմոցիաների. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Իսրայելի որոշմամ մասին՝ առանց էմոցիաների
Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշումը, որը դեռ պետք է հաստատվի Քնեսեթի կողմից, անկասկած, կարևոր քաղաքական իրադարձություն է։ Սակայն այն գնահատելիս պետք է խուսափել զգացմունքային մոտեցումներից և վերլուծել կայացված որոշումը՝ որպես ռազմաքաղաքական իրողությունների արդյունք։
Նախ, այս քայլն առավելապես վկայում է Իսրայել–Թուրքիա հարաբերությունների խոր ճգնաժամի, քան մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգության նկատմամբ Իսրայելի վերաբերմունքի էական փոփոխության մասին։ Տասնամյակներ շարունակ Թել Ավիվը խուսափում էր Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից՝ չվտանգելու համար Անկարայի հետ ռազմավարական հարաբերությունները։ Այսօր, երբ այդ հարաբերությունները հասել են պատմական նվազագույն մակարդակի, նույն հարցը վերածվել է Թուրքիայի նկատմամբ քաղաքական ճնշման գործիքի։
Օրինակ, Թուրքիան 2024 թվականին կասեցրել է Իսրայելի հետ ողջ առևտուրը, նույն թվականի նոյեմբերին Թուրքիայի նախագահը հայտարարել է դիվանագիտական հարաբերությունները խզելու մտադրության մասին, իսկ Գազայի պատերազմի ընթացքում Անկարան հետևողականորեն պահպանել է կոշտ հռետորաբանություն, աջակցել ՀԱՄԱՍ-ին և միացել Իսրայելի դեմ միջազգային իրավական նախաձեռնություններին։ Հետևաբար, կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Եթե քաղաքական միջավայրը փոխվի, չի կարելի բացառել, որ այս թեման կորցնի իր առաջնահերթությունը Իսրայելի օրակարգում։
Երկրորդ, Իսրայելը շարունակում է Հոլոքոստը դիտարկել որպես մարդկության պատմության բացառիկ ողբերգություն։ Հենց այս մոտեցումն է երկար տարիներ ձևավորել Թել Ավիվի զգուշավոր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում՝ սահմանափակելով մյուս ցեղասպանությունների նկատմամբ համարժեք քաղաքական գնահատականների ձևավորումը։
Երրորդ, նույնիսկ եթե Քնեսեթը հաստատի կառավարության որոշումը, դա դժվար թե էականորեն փոխի Իսրայել–Ադրբեջան ռազմավարական գործընկերության բնույթը։ Այդ հարաբերությունները հիմնված են անվտանգության, հետախուզական, էներգետիկ և ռազմատեխնիկական համագործակցության վրա և կարևոր դեր են խաղացել ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ հետպատերազմյան տարածաշրջանային իրողությունների ձևավորման գործընթացում։ Հետևաբար, Հայոց ցեղասպանության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, չի ազդի այդ ռազմավարական դաշինքի հիմքերի վրա։
Չորրորդ՝ Իսրայելն այսօր շարունակում է Իրանի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունը։ Այդ դիմակայության հետագա խորացումը կարող է նոր ռիսկեր ստեղծել Հարավային Կովկասում, որոնց բացասական ազդեցությունից Հայաստանը չի կարող մնալ անմասն։ Հետևաբար, Երևանը պարտավոր է այս գործընթացները գնահատել ոչ միայն պատմական արդարության, այլև ազգային անվտանգության տեսանկյունից։
Հինգերորդ, Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով այդ երկրի միջազգային հեղինակությունը լրջորեն տուժել է։ Միջազգային հանրության զգալի մասը, բազմաթիվ պետություններ և հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ Իսրայելին մեղադրում են միջազգային հումանիտար իրավունքի ծանր խախտումների և ցեղասպանական գործողությունների մեջ։ Ակնհայտ է, որ Իսրայելը զգալիորեն կորցրել է հումանիտար արժեքների պաշտպանի բարոյական հեղինակությունը։
Եվ վերջապես՝ եթե կառավարության որոշումը հաստատվի նաև Քնեսեթի կողմից, այն կարող է որոշ չափով սահմանափակել Թուրքիայի և Իսրայելի միջև մանևրելու Ադրբեջանի հնարավորությունները։ Սակայն դժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից, քանի դեռ արտաքին քաղաքականությունը շարունակում է տառապել սահմանափակ սուբյեկտությունից, նախաձեռնողականության պակասից և ռազմավարական մտածողության ճգնաժամից։
Միջազգային հարաբերություններում նույնիսկ պատմական արդարությանն առնչվող որոշումները, որպես կանոն, պայմանավորված են ոչ թե բարոյական սկզբունքներով, այլ պետությունների ռազմավարական շահերով։ Հետևաբար, հենց այս ելակետային հիմքով պետք է գնահատել Իսրայելի կառավարության այսօրվա որոշումը»։

