Բաժիններ՝

Խաչակնքելու հիմքերը. Ձեռքի պարզ շարժո՞ւմ, թե՞ տիեզերական խորհուրդ

Քրիստոնեական աշխարհում չկա ավելի տարածված, հաճախակի կրկնվող և տեսանելի մի արարողակարգ, քան խաչակնքելը։ Մենք դա անում ենք տաճար մտնելիս, աղոթելիս, ճանապարհ գնալիս, նեղության կամ ուրախության պահին։

Քրիստոնյայի համար շատ կարևոր է աստվածաբանական և պատմական խորությամբ քննել, թե որոնք են խաչակնքելու հիմքերը, ի՞նչ է այն խորհրդանշում և ինչո՞ւ է այն համարվում քրիստոնյայի ամենազորեղ վահանը։ Խաչի նշանի գաղափարը խորապես արմատավորված է Սուրբ Գրքում։ Դեռևս Հին Կտակարանում Աստծո կողմից ընտրված մարդկանց ճակատին դրվող «նշանը» համարվում էր պաշտպանության և փրկության երաշխիք. «Անցի՛ր Երուսաղեմ քաղաքի մեջտեղով և նշա՛ն դիր այն մարդկանց ճակատներին, որոնք հեծեծում ու ողբում են…» (Եզեկիել Թ 4)։

Հռոմեական կայսրությունում խաչը խորհրդանշում էր մահապատժը, սարսափը և անարգանքը: Քրիստոսի խաչելությամբ և Հարությամբ այն ամբողջությամբ փխակերպվեց՝ դառնալով կյանքի և հաղթության նշան։ Պողոս առաքյալն ասում է. «Որովհետև խաչի քարոզությունը կորուսյալների համար հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Ա Կորնթացիներ Ա 18)։

Խաչակնքելիս ձեռքի մատների դասավորությունը պատահական չէ։ Այն քրիստոնեական հավատքի համառոտագիրն է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն՝ մենք միացնում ենք աջ ձեռքի առաջին երեք մատները (բութը, ցուցամատը և միջնամատը), իսկ մյուս երկուսը՝ սեղմում ափին: Միացած մատները խորհրդանշում են Սուրբ Երրորդությունը, սեղմված մատները՝ Քրիստոսի երկու միասնական՝ Աստվածամարդկային բնությունը:

Կարդացեք նաև

Երբ մենք ձեռքը տանում ենք ճակատից կուրծք, ապա ձախից աջ (ուղղափառների մոտ՝ աջից ձախ), մենք վերարտադրում ենք փրկագործության ողջ պատմությունը: Ճակատին դնելը խորհրդանշում է, որ Քրիստոս երկնքում էր, կրծքին արձանագրելը՝ ցույց է տալիս, որ Նա իջավ երկիր և մարդացավ, ձախ կողմը խորհրդանշում է մեր մեղավոր վիճակը կամ դժոխքը, աջ կողմը ցույց է տալիս, որ Նա մեզ ազատեց ձախակողմյան մեղքերից և բարձրացրեց աջակողմյան արդարության դասը։

Փիլիսոփայական տեսանկյունից խաչակնքումը տարածության և ժամանակի սրբագործումն է։ Մարդը լինելով նյութական արարած՝ կարիք ունի ֆիզիկական գործողության, որպեսզի արտահայտի իր ներքին վիճակը։

Խաչակնքելը մաքրում է մտքերը, հեռացնում չար խորհուրդները, սանձում է կրքերը, բերում է խաղաղություն և սեր, զորացնում է ֆիզիկական և հոգևոր ուժերը գործելու համար: Ժամանակակից հոգեբանության լեզվով ասած՝ խաչակնքումը «հոգևոր ծես» է։ Այն օգնում է մարդուն ակնթարթորեն կտրվել արտաքին քաոսից, կենտրոնանալ և գիտակցել Աստծո ներկայությունը տվյալ պահին։

Հայ ժողովրդական կենցաղում խաչակնքմանը միշտ վերագրվել է մեծ պաշտպանական ուժ։ Խաչով կնքել են նաև հացը՝ մինչ թխելը, խաչակնքել են ջուրը խմելիս, երեխային քնեցնելիս։ Ժողովրդական ասացվածքն ասում է. «Խաչն էլ է զորավոր, խաչապաշտպանն էլ», սակայն այստեղ կարևոր է տարբերակել հոգևոր գիտակցությունը սնահավատությունից: Խաչակնքումը մոգական ժեստ չէ, որն ավտոմատ կերպով հաջողություն է բերում կամ պաշտպանում «չար աչքից»։

Այն զորավոր է միայն այն ժամանակ, երբ կատարվում է հավատքով, գիտակցությամբ և երկյուղով։ Մեխանիկական կամ արագ-արագ, անփույթ արված շարժումը կորցնում է իր ողջ հոգևոր արժեքը։ Խաչակնքելը քրիստոնյայի անձնագիրն է։ Ձեռքի այդ պարզ շարժումով մենք աշխարհին, ինքներս մեզ և չար ուժերին հայտարարում ենք, թե ում ենք պատկանում։ Այն հիշեցում է, որ մենք մենակ չենք այս աշխարհում, և Տիեզերքի Արարիչը Իր խաչով հաղթել է մահվանն ու վախին։

Ուստի, ամեն անգամ ձեռքը ճակատին պետք է գիտակցել, որ մեզ վրա ենք կրում հավիտենական կյանքի և սիրո մեծագույն կնիքը։ Ամեն անգամ, երբ ձեռքը բարձրացնում ենք խաչակնքելու, պետք է հիշել՝ դա սոսկ սովորույթ կամ շարժում չէ, այլ մեր հոգու լուռ դաշինքը Երկնքի հետ։ Այդ պարզ ու սրբազան նշանով մենք մեր մտքերին բերում ենք լույս, մեր սրտին՝ խաղաղություն, իսկ կյանքին՝ Աստծո անխախտ պաշտպանությունը։ Երբեք պետք չէ խաչակնքել ինքնաբերաբար կամ շտապելով։ Խաչակնքել պետք է հպարտությամբ ու գիտակցումով, որովհետև այդժամ մեր մատների ծայրին հառնում է քրիստոնյայի ամենամեծ հաղթանակի խորհրդանիշը։

Ուստի, այդպես Խաչի զորությունը կլինի մեզ վահան նեղության պահին, կողմնացույց՝ կյանքի խաչմերուկներում, և հավիտենական հիշեցում, որ մենք երբեք մենակ չենք։

Դիանա ՔՈՉԱՐՅԱՆ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930