Ակնկալում ենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած Իսրայելը կաջակցի հիշողության հավերժացմանը՝ պայքարելով դրա ժխտման դեմ․ ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդ

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդը հայտարարություն է տարածել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առիթով․

«Իսրայելի կառավարությունն այսօր միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի նախագծին։ Ըստ հաղորդումների՝ ճանաչման բանաձևի նախագիծն այժմ կուղարկվի խորհրդարան՝ ընդունման նպատակով։

Արտաքին գործերի նախարարն իր խոսքում նշել է, որ նախկինում ևս եղել են նման նախաձեռնություններ, որոնք, սակայն, չեն հասել իրենց տրամաբանական ավարտին։

Նախարարը նաև հայտարարել է, որ այս քայլը պատասխան չէ Թուրքիայի նախագահի գլխավորությամբ Իսրայելի դեմ ուղղված «սարսափելի հռետորաբանությանը և թշնամական գործողություններին»՝ ակնարկելով, ենթադրաբար, ոչ միայն Թուրքիային, այլև միջազգային հանրության բազմաթիվ անդամների այն հիմնավոր պնդումներին, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցի ժողովրդի դեմ։

Հաշվի առնելով այն փաստը, որ բազմաթիվ հրեա անհատներ դեռևս Ցեղասպանության օրերին բարձրաձայնել են այդ մասին՝ որպես ականատեսներ, իսկ հետագայում՝ որպես մտավորականներ, քաղաքական գործիչներ և կուսակցություն («Մերեց»), պահանջելով, որ Իսրայելի պետությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նախարար Սաարը իրավացի է, երբ հայտարարում է. «Երբեք ուշ չէ ճիշտ քայլն անել։ Սա թե՛ բարոյական, թե՛ պատմական պարտականություն է։ Իմ կարծիքով, դրանից խուսափելու որևէ լուրջ պատճառ չկա»։

Եթե և երբ այս նախաձեռնությունը հասնի իր տրամաբանական ավարտին, և Իսրայելի խորհրդարանը ևս հաստատի Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես պետական դիրքորոշում, մենք կողջունենք այդ քայլը՝ միաժամանակ կրկնելով նախարար Սաարի՝ Թուրքիային ուղղված այն միտքը, որ նման ճանաչումը «իրեն (այս դեպքում՝ Իսրայելին) չի տալիս անձեռնմխելիություն պատմական ճշմարտություններից», ներառյալ՝ Արցախի հայության դեմ կատարված հանցագործություններում իր մեղսակցության հարցում։

Միաժամանակ ակնկալում ենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած Իսրայելը կստանձնի իր պատասխանատվությունը՝ աջակցելով հիշողության հավերժացմանը և պայքարելով դրա ժխտման դեմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930