«6 ոստիկան և 5 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց». Փոխոստիկանապետ
«Ոստիկաններն օրենքով սահմանված կարգով պարգևատրում են ստանում, տարիներ են եղել, որ նույնիսկ 3 անգամ են ստացել։ Օրինակ, 2018 թվականին ոստիկանությունը 3 անգամ պարգևատրվել է. 2 անգամ՝ ապրիլ ամսին, մեկ անգամ՝ արդեն հեղափոխությունից հետո։ Նման պարգևատրումներ եղել են 2019, 2020, 2021 թվականներին։ Դա գործընթաց է, որն իրականացվում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը՝ անդրադառնալով ոստիկանությանը 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգևավճար տալուն։
Ըստ փոխոստիկանապետի, ոստիկանները կարող են տարվա ընթացքում, բացի ամսական վճարներից, պարգևատրվել մեկ դրույքաչափով, ոստիկանի միջին աշխատավարձը կազմում է 215 հազար դրամ։
Հարցին՝ մարզերից ինչո՞ւ են ոստիկաններին բերում Երևան, փոխոստիկանապետը պատասխանեց, թե աշխատանքային պրոցես է՝ ոստիկանության ուժեղացված ռեժիմով, որն իրականացվում է ոստիկանության ծառայությունն ուժեղացնելու նպատակով, հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար։
«Տեղի են ունենում ցույցեր, հավաքներ, և հասարակական կարգը պահպանելու նպատակով՝ մարզերից կարող են գործուղվել նաև ոստիկանության ծառայողներ։
Հիմա ոստիկանությունում մոտ 80 ծառայողական քննություն է իրականացվում, 10 քրեական գործ է հարուցվել, կան անձինք, որ գործով անցնում են որպես տուժող, շատ բաներ չեմ կարող հրապարակել։ Դեռ բերման են ենթարկվում, եթե գնում է ոստիկանին չենթարկվելու խոսք, ապա մենք կիրառում ենք… »,- ասաց նա։
Ինչ վերաբերում է անչափահասների նկատմամբ ոստիկանության կողմից ուժ կիրառելուն, փոխոստիկանապետն ինքը հարց բարրձրացրեց, թե անչափահասներն ինչ գործ ունեն բողոքի ակցիաներին։
«Գիտեմ՝ ինչի մասին է խոսքը, գիտեմ, որ այդ անչափահասին տեղափոխել են հիվանդանոց, որևէ լուրջ բան չի եղել, մենք հետաքրքրվել ենք, անձամբ ես եմ հետաքրքրվել առաջին հիվանդանոցում։ Նրան այնտեղ ցույց են տվել առաջին օգնություն, չգիտեմ՝ քերծվածքներ եղե՞լ են, թե՞ ոչ, սակայն որևէ կոտրվածք չի եղել։ 6 ոստիկան և 5 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկաններից միայն մեկի մոտ է կողերի կոտրվածք»,- շեշտեց Վ. Մովսիսյանը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ որևէ մեկի կողմից չի կարող հրաման լինել՝ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու մասին, այդ ամենը տեղի է ունենում, եթե առկա է հասարակական կարգի կոպիտ խախտում, ոստիկաններն այդ ժամանակ համաչափ ուժ են կիրառում։