Ի՞նչ է ակնկալում Երևանն Անկարայից, ու ինչո՞ւ Անկարան ընդառաջ քայլ չի անում

«Երևանի հաշվարկներն Անկարայի վերաբերյալ, մեղմ ասած, միամիտ են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հնդկական «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշել է, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։

Նա նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը 1990-ականների սկզբին միակողմանի փակվել է Թուրքիայի կողմից, և երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն։ «Ինչպես հավանաբար գիտեք, այժմ կարգավորման գործընթացի համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, և արդեն կայացել է երեք հանդիպում, որտեղ կողմերը որոշել են առանց որևէ նախապայմանների առաջ շարժվել՝ սահմանները բացելու նպատակով։

Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես վերջերս ընդունեցի Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և մեկնեցի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, և ֆորումի շրջանակներում հանդիպեցի իմ գործընկերոջ հետ։ Կարծում ենք, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։ Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերվել է, և նույնն ակնկալում ենք թուրքական կողմից»,- ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ, չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը։ Ի դեպ, Ռուբինյան-Քըլըչ երրորդ հանդիպումը կայացել էր մայիսի 3-ին Վիեննայում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։

«Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների»,- ասված էր հաղորդագրությունում:

Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշեց, որ տպավորություն է, թե Երևանն Անկարայից լուրջ քայլեր, այդ թվում՝ սահմանի միակողմանի բացման քայլ է ակնկալում, քանի որ սահմանը Թուրքիան միակողմանի փակել է:

Ըստ նրա, գուցե Երևանի այս հույսերը պայմանավորված են այն հանգամանքով, որ ԱՄՆ-ը ուշադիր է այս գործընթացի նկատմամբ: Սակայն, թուրքագետի խոսքով, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Անկարայի արտաքին քաղաքականությունը այդքան էլ միանշանակ չէ, և այն որակել արևմտամետ, ռուսամետ՝ հնարավոր չէ:

«Ես կարծում եմ, որ նման քայլերն ակնկալելը միամտություն է, քանի որ Անկարան իր քայլերը համաձայնեցնում, պայմանավորում է Բաքվի հետ, և Երևանի կողմից կարծելը, թե գործընթացն իսկապես առանց նախապայմանների է, երրորդ կողմեր չկան դրանում, անիմաստ է, քանի որ ընթացքն իսկ արդեն ցույց է տալիս, որ Անկարան որևէ անկախ, ինքնիշխան քայլի չի դիմելու քանի դեռ մեծ առաջընթաց չի գրանցել Բաքուն իր բանակցություններում, իսկ դրանք դեռ նոր սկսվում են, Խաղաղության համաձայնագրի մասին կողմերը միայն խոսում են: Բաքվի համար հայ-թուրքական հարաբերությունները և Թուրքիայի հնարավոր բոլոր քայլերը Հայաստանին ընդառաջ գործիք են: Թուրքիան ինչ-որ քայլեր, որոնք ուշացած են, որոնց դեպքում այլևս Թուրքիան որպես կողմ ստանալու ոչինչ չունի, կանի միայն հայ-ադրբեջանական բանակցություններում էական հստակություններից հետո:

Ուստի այս դեպքում կարևոր էլ չէ, թե ինչ է անում Երևանն Անկարային ընդառաջ, դա որևէ կշիռ չունի, քանի որ գլխավոր ակնկալիքները Ղարաբաղյան հակամարտության կարևոր հարցերի տեսքով Ադրբեջանն է ակնկալում, որ մինչև վերջ կստանա իր ակնկալիքները: Այդ մասին Ադրբեջանի նախագահը հստակ խոսում է, իսկ Թուրքիան շտապելու տեղ չունի, այնպես որ՝ թե ինչ է ակնկալում Երևանն Անկարայից, հստակ պատկերացում ունենալով Էրդողանի քաղաքականության, թուրք-ադրբեջանական սերտ հարաբերությունների և աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի մասին, բարդ է պատկերացնել»,- ասաց վերլուծաբանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայ-թուրքական երկխոսություն կա արդեն շուրջ 5 ամիս, եղել է 3 հանդիպում, որոնց արդյունքները նույնիսկ փորձագիտական հանրության համար հստակ չեն:

«Արվել են մի քանի վստահության ձևավորմանն ուղղված քայլեր, Հայաստանը որևէ պատմական պահանջ չի հնչեցնում, և բոլոր կարևոր քայլերը հետաձգվելու են, թողնվելու ապագայի Թուրքիայի կողմից: Դա էլ հենց կոտրում է այն միֆը, թե գործընթացն առանց նախապայմանի է և առանց երրորդ կողմերի»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս