Բաժիններ՝

Tete A Tete․Մաքս Բարսկիխը՝ ռուս-ուկրաինական, արցախյան պատերազմների մասին

«Տետ ա տետ» հաղորդման հեղինակ Մհեր Բաղդասարյանը ներկայացրել է նոր թողարկումը, որի հյուրը Ուկրաինայի ամենահայտնի արտիստներից մեկն է՝ Մաքս Բարսկիխը:

– Ողջույն, Մաքս: Շնորհակալ եմ զրուցի իմ առաջարկն ընդունելու համար: Կարևոր է պատմել Ուկրաինայի ներկայիս պատմությունը…

– Գիտես, հիմա ես օգտագործում եմցանկացած հնարավորություն լսված լինելու համար: Եվ շնորհակալ եմ քեզ այս հարցազրույցի համար: Տվյալ դեպքում ես հանդիսանում եմ իմ երկրի խոսախողը, և գտնում եմ, որ Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացի և հատկապես նրանք, որոնք կապ ունեն ոլորտի հետ, ներկայում պարտավոր են պատմել տեղի ունեցող իրադարձությունների մասին, քանի որ աշխարհում ոչ բոլորն են, որ տեղյակ են կամ տիրապետում են տեղեկություններին: Բացի այդ, գոյություն ունի նորությունների «հնանալու» գործոն: Երբ այդ իրադարձությունը նոր է տեղի ունենում, բոլորը խոսում են այդ մասին, սակայն ցավոք, որոշ ժամանակ հետո, օրինակ՝ 1 ամիս անց այն դառնում է ոչ հրատապ, չնայած որ շարունակվում են սոսկալի ռազմական հանցագործությունները՝ մարդկանց սպանությունները, սակայն դա արդեն իրենից թեժ իրադարձություն չի ներկայացնում: Ուստի յուրաքանչյուր ուկրաինացու ամենագլխավոր խնդիրն այժմ տեղեկությունները տեղ հասցնելն է՝ տարատեսակ համաշխարհային պարբերականների, լրատվամիջոցների և լսելի դառնալու բոլոր հարթակների միջոցով: Դա է պատճառը, որ այսօր ես այստեղ եմ, հաճույքով կզրուցեմ քեզ հետ, կպատասխանեմ ցանկացած հարցի, կպատմեմ իմ ապրումների, և այն մասին, թե ինչի միջով է անցնում յուրաքանչյուր ուկրաինացի:

– Արդոք Լաս Վեգասում Billboard Music Awards-ի պանելային քննարկմանը քո ելույթը ևս հնարավորություն էր՝ միջազգային հանրությանը ասելիքդ տեղ հասցնելու:

– Իմ այստեղ գտնվելու պատճառներից մեկն այն է, որ մի քանի օր առաջ Վեգասում էի: Ինձ հրավիրել էին Բիլբորդ Մեգեզինին կից Ուկրաինային նվիրված կոնֆերանսի, որպես խոսնակ, ուստի ես ժամանել էի այնտեղ կիսվելու իմ անձնական պատմությամբ, կիսվելու փորձով, բացի այդ ներկայացրեցի, թե ներկայում ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, ինչ խնդիրների հետ ենք բախվում:

Այժմ ես այստեղ եմ, հարցազրույց եմ տալիս, և նախատեսում եմ շուտով վերադառնալ Ուկրաինա, սակայն՝ Եվրոպայով: Ես և իմ թիմը որոշել ենք մի քանի համերգներով հանդես գալ Գերմանիայում: Նախ՝ Ուկրաինայի ԶՈւ-ին օգնելու համար միջոցներ հայթայթելու նպատակով, քանի որ ներկայում զբաղվում եմ նաև մեր մարտիկներին անհրաժեշտ իրերի մատակարարմամբ, Կիևում կցված լինելով մի զորամասի, որի հրամանատարը ինձ նշանակել է պատասխանատու զրահաբաճկոններ ձեռք բերելու գործում: Ամեն օր նոր կամավորականներ են գալիս, որոնք նախպատրաստական փուլ են անցնում, և նրանցից յուրաքանչյուրին համազգեստ, զրահաբաճկոն է պետք: Եվ քանի որ երկիրը պատերազմի մեջ է, ապա ամեն ինչ ժամացույցի պես արագ է աշխատում: Այսինքն երբեմն մարդիկ իրենք են ձեռք բերում և տալիս անհրաժեշտ ամեն ինչ՝ սաղավարտներ, զրահաբաճկոններ, ջերմորսիչ նշանոցներ, դրոններ: Այս ամենը միշտ էլ անհրաժեշտ է:

Մենք որոշեցինք իրականացնել այդ համերգաշարը, նախ դրամահավաք կազմակերպելու նպատակով, ինչպես նաև իմ թիմին աջակցություն ցուցաբերելու համար, քանի մի քանի ամիս է ինչ նրանք նստած են առանց աշխատանքի, ֆինանսական խնդիրներ ունեն ու ցրված են Եվրոպայի տարբեր մասերով: Ես առայժմ չգիտեմ, թե ինչպես եմ բեմ դուրս գալու: Հույզերի առումով բավականին տարօրինակ զգացողություն ունեմ և բավականին դժվար է: Այսինքն՝ հաստատ երաժշտությունն ինձ համար այժմ առաջին տեղում չէ, չնայած այն բանին, որ ներկայում երբեմն ինչ-որ երգեր եմ թողարկում, սակայն երբեմն նույնիսկ ինքս-ինձ ստիպելով եմ դա անում, բայց և հասկանում եմ, որ երաժշտությունը մարդկանց միավորելու միջոցներից մեկն է՝ հոգին, մարտական ոգին ամուր պահելու, կարեկցելու, բարոյական վիճակը պինդ պահելու համար: Ուստի այդ համերգները տեղի են ունենալու: Բոլորին սպասում եմ և հուսով եմ ամեն ինչ լավ կլինի, հուսով եմ, որ երբ բեմ դուրս գամ ու նայեմ մարդկանց աչքերին, ապա կվերադառնա անցյալի էներգիան:

– Ես լավ եմ հասկանում, թե ինչ ես զգում: Իմ երկիրն էլ անցավ նույն փորձությամբ: Խոսքն արցախյան պատերազմի մասին է: Ի՞նչ էիր պատերազմի առաջին օրերին զգում:

– Նախ, տարվա սկզբին երբ մեզ մոտ խոսում էին, թե ինչ-որ պատերազմ է լինելու կամ ինչ որ բան է սպասվում, ապա ոչ-ոք չէր կարող հավատալ դրան, այդ թվում և ես: Տարեսկիզբը ցնցող էր մեզ համար: Համաշխարհային շրջագայության, նոր թողարկումների, երաժշտության նոր ալբոմների, հետխորհրդային բոլոր երկրներով շրջագայությունների պլաններ ունեինք: Եվ ահա, ես գտնվում էի Լոս Անջելեսում, սկզբում արձակուրդում, հետո եկա Լոս Անջելես: Եվ ահա իմ մենեջերը զանգահարեց ու ասաց, որ գործ կա Ուկրաինայում:

Ես ժամանեցի, բառացիորեն՝ երկու շաբաթով, հետադարձ տոմսը գնել էի ամսի 23-ի համար: Մեկնելուս օրն արդեն մոտենում էր, քանի որ կարիք կար հանդիպել թիմով, քննարկել բոլոր պլանները, վերջնական տեսք տալ ամենին, միանգամայն անհասկանալի պատճառներով ստիպված եղա մեկնումս հետաձգել 1 օրով: Եվ ահա ամսի 24-ին նախատեսել էի այդ թռիչքը, վերադարձա տուն, երեկոյան հավաքեցի պայուսակներս, գիշերվա 3-ին պառկեցի քնելու, և ժամը 5-ին հնչեց հեռախոսի զանգը, և քույրս հեկեկալով պարզապես բղավում էր՝ որ ամեն ինչ սկսվել է: Եվ առաջին վայրկյաններին, ազնվորեն, ողջ մարմնովս շատ տհաճ սարսուռի ալիք անցավ, գլխումս անգամ առկայծումներ եղան, այսինք, ես անգամ չհասկացա, թե ինչ է նշանակում՝ «սկսվեց»: Եվ հետո, նրա այդ մասին ասելուց բառացիորեն հետո, ողջ օրվա ընթացքում, ես նույնիսկ մեխանիկորեն վայր դրեցի հեռախոսափողը, արթնացա, այսինքն վեր կացա մահճակալից, գնացի խոհանոց ու լսեցի Կիևում առաջին պայթյունի որոտը: Այո, իսկապես դա իմ կյանքում վերապրած ամենասոսկալի պահերից մեկն էր՝ գիտակցումն այն բանի, որ պատերազմ է սկսվել, որ դա տեղի է ունենում 21-րդ դարում, և որ Ռուսաստանը Պուտինի գլխավորությամբ ագրեսիվ պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ:

– Պատերազմից հետո երգեր գրե՞լ ես: Եթե այո, ապա ինչի մասին են դրանք:

– Առաջին մի քանի օրերի ընթացքում ձգտում էի մաս-մաս հավաքել ինձ, բառացիորեն հաջորդ օրը, նույնիսկ այդ օրը՝ 24-ին, սկսեցի զանգահարել բոլոր հարազատներիս, հավաքել նրանց ողջ Ուկրաինայով առավել անվտանգ վայր տեղափոխելու համար: Մայրս այդ ժամանակ Խերսոնում էր՝ դա իմ հայրենի քաղաքն է, որն այժմ ժամանակավորապես օկուպացված է ռուսական զինվորների կողմից, ուստի երաժշտության մասին չէի էլ մտածում անգամ, սակայն արդեն 3-րդ օրը, երբ բոլորին հավաքեցի մի վայրում, եթե չեմ սխալվում՝ դա ուկրաինա-հունգարական սահմանին էր, և արդեն գիտեի, որ վաղը-մյուս օրը նրանք արդեն ավտոբուսներով կանցնեն սահմանը: Եվ ահա, նստած էի հյուրանոցի համարում ու հասկանում էի, որ հիմա ես պետք է աջակցեմ մարդկանց, պետք է աջակցեմ շոկային իրավիճակում հայտնված յուրաքանչյուր ուկրաինացու, որը ցավ է ապրում, որն զգում է նույն բանն ինչ ես, իսկ գուցե ավելի սաստիկ: Գիտես, մահն աչքի առաջ տեսած յուրաքանչյուր մարդու պես: Եվ ցանկություն առաջացավ երաժշտության միջոցով մարդկանց հասցնել այն միտքը, որ նրանք միայնակ չեն, որ բոլորս կմիավորվենք ու կհաղթենք այս պատերազմում: Ճիշտն ասած, հուզական առումով, դա շատ դժվար էր անել, բայց նստեցի, վերցրեցի նոթատետրս, ու ասացի, որ դա անհրաժեշտ է անել, և դա պետք է անել հենց հիմա: Եվ ինչ-որ էներգիա համակեց ինձ ու կես ժամվա ընթացքում բանաստեղծություն գրեցի:

Բարեբախտաբար համակարգիչս մոտս էր, բացեցի այն նախնական դեմո տարբերակ կազմեցի, և քանի որ խոսափողը միշտ հետս է լինում, նստեցի հատակին ու ձայնագրեցի երգը, և արդեն հաջորդ օրը թողարկեցի այն: Սակայն, ճիշտն ասած, ոչ մի արձագանք, ոչ մի նման բան չէի սպասում: Ներքուստ հասկանում էի, որ դա անհրաժեշտ է նախ՝ ինձ՝ բոլոր այդ հույզերը բռունցքելու ու ազատ արձակելու համար, և հետո ինձ համար կարևոր էր միավորել մարդկանց ու էներգիայի կծիկ տալ նրանց բարոյապես աջակցելու համար:

– Հայ-ադրբեջանական վերջին պատերազմի ընթացքում Ուկրաինայի իշխանությունները սատարում էին Ադրբեջանին: Կան մի շարք փաստեր: Արդյո՞ք դա նաև ժողովրդի տեսակետն էր, թե միայն իշխանությունների:

– Գիտես, մինչև ամսի 24-ը երբեք չեմ հետաքրքրվել քաղաքականությամբ ու քաղաքական պատմությամբ: Միշտ գիտեի, որ դրանք ինչ-որ խաղեր են, որոնցում միշտ առկա են ոչ ազնիվ, ոչ կարգին բաներ: Եվ ինչպես ցույց է տալիս կյանքի փորձը՝ պետության ղեկավարի և ժողովրդի կարծիքները երբեմն տարբեր են լինում: Պարզ է, որ ամսի 24-ից հետո, ես ավելի շատ սկսեցի հետաքրքրվել դրանով: Ես իմ հանդիսատեսին ու մարդկանց երբեք չեմ բաժանել քաղաքական, կամ ազգային պատկանելության հատկանիշներով: Չեմ կարող ասել ողջ ուկրաինական ժողովրդի տեսանկյունից, բայց կնշեմ ելնելով իմ փորձից: Իմ շրջապատում շատ մեծ թվով հայեր կան, որոնք ամենաբարի և ամենահյուրասերներից են: Լավագույն ընկերս և մենեջերս, որի հետ ես ծանոթ եմ ու աշխատում եմ արդեն ավելի քան 15 տարի, նա հայ է: Եվ ես նրան միշտ օրինակ եմ բերում՝ մարդկայնության, ազնվության, արդարամտության առումով: Եվ հիշում եմ, թե նա ինչպես էր ապրումակցում պատերազմի ժամանակ, հիշում եմ Լոս Անջելեսի բոլոր ընկերներիս, իսկ նրանք շատ են, և քեզ հետ էլ ծանոթ ենք արդեն վաղուց: Հիշում եմ, թե ինչ ապրումներ էին ունենում հուզական մարդիկ: Անձամբ, ես փորձում էի բարոյապես աջակցել իմ յուրաքանչյուր ընկերոջն ու ծանոթին, այդ թվում և սոցիալական ցանցերում, սակայն չգիտեմ, ցավոք՝ չեմ կարող ասել բոլոր ուկրաինացիների առումով: Բայց գիտես, մենք՝ Ուկրաինան ու ամեն ոք այդ ամենն զգում ենք սեփական կաշվի վրա, և դա նույնն է, ինչի միջով անցան Հայաստանի քաղաքացիները, ուստի այժմ մենք զգում ենք այդ ողջ ցավը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս