Բաժիններ՝

5 թագուհիներ, որոնք իսկապես տարօրինակ էին

1. Մարիա Տեկի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագուհին

Սկսենք ամենաանմեղ հնարքներից, որոնց հակված էին ամենահզոր մարդկանցից մի քանիսը։ Օրինակ՝ Նորին Մեծություն Մարիան (1867-1953)՝ Անգլիայի ներկայիս թագուհու՝ Էլիզաբեթի տատիկը, սիրում էր բառացիորեն նվերներ մուրալ։ Բավականին տարօրինակ հոբբի մի տիկնոջ համար, ով կարող էր գնել այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է, չե՞ք կարծում:

Դա սովորաբար տեղի էր ունենում այսպես՝ նորին մեծությունը գնում էր ինչ-որ մեկին այցելելու և փոխանակ բարձր հասարակության հետ խոսակցություններ վարելու, ինչպես վայել է արքայական արյունով տիկնոջը, Մարիան պարզապես սկսում էր լուռ նայել մի արժեքավոր փոքրիկ բանի, որը գրավում էր իր աչքը:

Դա նուրբ ակնարկ էր, որ թագուհուն պետք է տալ այն մանրուքը, որը նրան այքան շատ էր պետք։ Եթե տանտերերը չէին հասկանում ակնարկները, Մարիան կարող էր հառաչել և բարձրաձայն ասել, որ իրեն այնքան է գրավում այդ իրը՝ ժամացույցը, արձանիկը կամ այլ մանրուքը։

Իհարկե, ափսոս չէ թագուհուն տալ հուշանվերների խանութում գնված փոքր իրը, մանավանդ որ դուք կստանաք նրա բարեհաճությունը:

Նկատելով Մարիայի նման հակումները՝ նույնիսկ ամենահարուստ սուբյեկտները դադարեցին նրան իրենց տուն հրավիրել։ Եվ եթե այցն ամեն դեպքում պետք է կայանար, նրանք նախապես թաքցնում էին բոլոր թանկարժեք իրերը և ցուցադրում էին միայն անպետք ներքին իրերը։ Թագուհին հասկացել էր այս հնարքը և սկսել պարզապես այցելել առանց նախազգուշացման:

Հատկապես դժվար ժամանակներ ունեցան բրիտանացի հնավաճառները։ Նրանք չէին կարող ձևացնել, որ տանը չեն, նրանք պետք է աշխատեին: Թագուհին պարզապես գալիս էր նրանց խանութները, վերցնում այն, ինչ ուզում էր և գնում՝ մոռանալով վճարել։

Նորին Մեծության սպասավորները ուշադիր հետևում էին, թե ինչ է նա վերցրել և չեկեր ուղարկում վաճառականներին՝ վերցվածի դիմաց վճարով։ Հնավաճառների ազնվական պարոնները գիտակցաբար գլխով էին անում և ձևացնում, թե տիկինը գնումը կատարել է ապառիկ։

2. Խուանա I խելագար, Կաստիլիայի թագուհի

Խուանա առաջինը (1479–1555) ամուսնացավ Ֆիլիպ I Գեղեցիկի հետ և շատ, չափազանց շատ սիրում էր նրան։ Սկզբում Ֆիլիպը սիրալիր էր կնոջ հետ, սակայն ժամանակի ընթացքում նրա հիստերիկ ու խանդոտ բնույթը սկսեց զայրացնել նրան։

Կնոջ հետ վարվելու նրա մեթոդը պարզ էր՝ թագավորը պարզապես կռվարարին փակում էր ննջասենյակում և մեկնում պատերազմի կամ որսի՝ կախված այն բանից, թե ինչ էր նախատեսված ժամանակացույցով: Խուանան գոռում էր սենյակում և ամբողջ ուժով գլուխը հարվածում պատին։

Ժամանակի ընթացքում Ֆիլիպը հոգնեց այս ամենից և իր համար նոր ընտրյալ գտավ։ Նման պահվածքից վիրավորված թագուհին կտրեց նոր ընտրյալի մազերը։ Նրան հերթական անգամ տնային կալանքի ենթարկեցին, իսկ նա տրանսի մեջ ընկավ ու հացադուլ հայտարարեց։

Բայց 1506 թվականի սեպտեմբերի 25-ին նրա անհավատարիմ ամուսինը հանկարծամահ է լինում։ Մութ պատմություն. պաշտոնական վարկածը որովայնային տիֆն է։ Նաև լեգենդ կա, որ թագավորը ֆուտբոլ է խաղացել, սառը ջուր խմել, մրսել և մրսածությունից մահացել։

Խուանան հասկացավ, որ չի կարող այդքան հեշտությամբ բաժանվել իր սիրուց։ Նա բաց չթողեց մարմինը և թույլ չտվեց նրան թաղել, իսկ ծառաների՝ իրեն դագաղի մոտից տանելու փորձերին կատաղության նոպաներով արձագանքեց։ Իրավիճակը բարդանում էր նրանով, որ թագուհին հղի էր՝ նա կրում էր Ֆիլիպի վերջին երեխային՝ արքայադուստր Կատալինային։

Մի քանի ամիս թաղման թափորը ձիավարում էր Իսպանիայում, քանի որ Խուանան չէր կարողանում ընտրել սիրելիի աճյունը թաղելու արժանի վայր։

Լեգենդներն ասում են, որ ամեն գիշեր թագուհին հրամայում էր բացել դագաղը, որպեսզի պառկի ամուսնու հետ և այդպես քնի։ Սակայն պատմաբանները համաձայն են, որ սա գեղարվեստական հորինվածք է: Իրականում, Խուանան առաջին անգամ հրամայեց բացել սարկոֆագը միայն երկրով մեկ շրջագայության հինգերորդ շաբաթում, երբ երթը Բուրգոս քաղաքում էր: Դե նրա համար էր, որ նա համոզվի, որ ոչ ոք հանկարծակի չի գողացել իր ամուսնուն: Ընդհանուր առմամբ, նրա խնդրանքով դագաղը բացվել է չորս անգամ։

Բուրգոսում ժանտախտի համաճարակ էր։ Թագուհին հրամայեց գնալ Գրանադա։ Սակայն մինչև հարամանի կատարումը նրանք կանգ առան Տորկեմադա գյուղում, որտեղ Խուանան դուստր ծնեց՝ Կատալինային։ Մի քանի ամիս անց թագուհին համաձայնեց թաղել Ֆիլիպի աճյունը։ Ֆիլիպին հուղարկավորեցին, բայց խիստ պայմանով՝ կանանց դագաղից հեռու պետք է պահեն։ Ի վերջո, Ֆիլիպ I Գեղեցիկը, նույնիսկ մահացած, այնքան գեղեցիկ էր, որ գրավում էր տիկնանց, ովքեր պատրաստ էին նրան խլել Խուանայից:

3. Զինգա Մբանդի Նգոլա, Անգոլայի թագուհի

Զինգա Մբանդի Նգոլան (1583–1663) Նդոնգո նահանգի թագուհին էր, որը գտնվում է ներկայիս Անգոլայում։ Նա անընդհատ թշնամանում էր պորտուգալացիների հետ, ովքեր ձգտում էին գաղութացնել Նդոնգոն: Ընդհանրապես, Զինգան լավ քաղաքական գործիչ էր՝ նա դաշինք կնքեց հոլանդացիների հետ, միավորվեց Կոնգոյի թագավորի հետ և գրեթե 40 տարի հաջողությամբ հակադրվեց Պորտուգալիային:

Բայց նա պատմության մեջ նշանավորվեց մեկ այլ ձեռքբերումով՝ երիտասարդ տարիներին այս տիկինը պահում էր 60 երիտասարդ աֆրիկացիներից բաղկացած մի ամբողջ հարեմ: Շատ, չէ՞: Զինգան անընդհատ կանգնած էր լուրջ խնդրի առաջ՝ նա չէր կարողանում որոշել, թե ում հետ է այսօր զվարճանալու։ Ուստի թագուհին էլեգանտ ելք գտավ ստեղծված իրավիճակից։ Պարբերաբար, երբ Զինգան չէր կարողանում ընտրություն կատարել երիտասարդների մեջ, ստիպում էր նրանց պայքարել իր համար։ Նա ուշադրություն էր դարձնում ամենաուժեղին:

by Achille DevÈria, printed by FranÁois Le Villain, published by Edward Bull, published by Edward Churton, after Unknown artist, hand-coloured lithograph, 1830s

Երբեմն թագուհու համար կռիվներն ավարտվում էին մահով։ Նաև խոսվում էր, որ սիրո գիշերից հետո Զինգան մահապատժի էր ենթարկում հաղթողին, բայց սա կարծես հորինվածք է, քանի որ սա հաստատող ոչ մի ապացույց չկա: Ըստ երևույթին, այս հատկանիշը վերագրվել է աֆրիկյան թագուհուն՝ նրան նմանեցնելով Կլեոպատրային։ Ի վերջո, նա իբր սպանել է տղամարդկանց մեկ գիշեր անց, բայց դա նույնպես ճիշտ չէ:

Ի դեպ, Զինգայի ստրուկները նրան ծառայել են ոչ միայն որպես խաղալիք, այլև որպես կահույք։ Մի անգամ թագուհին եկավ բանակցելու պորտուգալացի նահանգապետ Կորեյա դե Սոուզայի հետ, և այս բորը նույնիսկ աթոռ չառաջարկեց Նորին Մեծությանը։ Զինգան առանց աչք թարթելու հրամայեց իր ստրուկներից մեկին նստել չորս ոտքերի վրա և նստեց նրա մեջքին։

Բայց 75 տարեկանում թագուհին վերջապես որոշեց, որ բավական է: Այսպիսով, նա լուծարեց իր սերալիոն՝ թողնելով իրեն միայն մեկ տղամարդու՝ ամենաերիտասարդին: Եվ նա ամուսնացավ նրա հետ:

Իսկ հետո պորտուգալացիները գրավեցին Նդոնգոն, իսկ Զինգան հրաժարվեց գահից։

4. Մարի Անտուանետա, Ֆրանսիայի և Նավարայի թագուհի

Մարի Անտուանետան պատմության մեջ մտավ իր շռայլության և նրան վերագրվող «թող տորթեր ուտեն» արտահայտության շնորհիվ՝ ուղղված սովամահ հասարակ մարդկանց։ Չնայած իրականում թագուհին դա չի ասել։

Ավելին, նա շատ ավելի հետաքրքրված էր գյուղացիների կյանքով, քան իր դասի տիկինները։ Ճիշտ է, Անտուանետան (կամ Էնթոնին, ինչպես նրան անվանում էին Ավստրիայում) դա արեց հետաքրքրությունից դրդված, և ոչ թե սովորական ֆրանսիացիների դժվարությունները զգալու ցանկությամբ: Եվ այս հետաքրքրությունը դրսևորվեց շատ յուրօրինակ կերպով։

Մարի Անտուանետան ուներ իր մինի պալատը, որը գտնվում էր Վերսալի տարածքում և կոչվում էր Փոքր Տրիանոն: Նրա կողքին Նորին Մեծության հրամանով իսկական գյուղ է կառուցվել։ Երբ թագուհին հոգնում էր արքունիքում շքեղությունից, նա իր շքախմբի և սպասավորների հետ հեռանում էր այդ «խաղալիք» գյուղը:

Կեղծ գյուղը պարունակում էր 11 տուն, լիճ, ջրաղաց, գործող կաթնամթերքի ֆերմա, հողմաղաց (ի տարբերություն նախորդ շենքերի, այն զուտ դեկորատիվ էր), աղավնանոց, հավաբուն, ջերմոց և փարոս։ Ինչու՞ էր դա անհրաժեշտ դեպի ծով ելք չունեցող գյուղում, անհասկանալի է։ Հավանաբար, ճարտարապետները պարզապես չեն համարձակվել առարկել թագուհուն։

Այս գյուղում Մարի Անտուանետը պարբերաբար ապրում էր իր տիկնանց հետ։ Նրա խնդրանքով նրանք հանում էին իրենց շքեղ հանդերձանքները և հագնվում պարզ գյուղացի կանանց զգեստներով, իսկ հետո պահում ոչխարներ, սովորում կով կթել և նույնիսկ հաց թխել: Հայտնի չէ, թե որքան լավ էին դա աղջիկները, որոնք նախկինում երբեք ձեռքի աշխատանք չէին կատարել, բայց երբ թագուհին պահանջում է, պետք է փորձել։

Բացի այդ, թագուհին իր երեխաներին բերում էր գյուղ և ցույց տալիս, թե այնտեղ ինչ և ինչպես է աշխատում, որպեսզի իր ժառանգները հասկանան գյուղատնտեսությունից։ Եվ երբ նա հոգնում էր «պարզ հովիվուհու» կյանքից, նա վերադառնում էր Փոքր Տրիանոն և այնտեղ բեմադրում թատերական ներկայացումներ՝ հիմնված իր իսկ ստեղծագործության պիեսների վրա, որոնցում նա կրկին ձևացնում էր, թե սովորական մարդ է:

Այսպիսով, թագուհին անկեղծորեն տոգորված էր հասարակ մարդկանց կյանքով: Ճիշտ է, գյուղացիության հետ «մոտ լինելը» նրան չփրկեց գլուխը կորցնելուց։

5. Մարիա Էլեոնորա, Շվեդիայի թագուհի

Բրանդենբուրգի արքայադուստր Մարիա Էլեոնորային մանկուց սովորեցրել էին, որ իր գլխավոր առաքելությունը ապագայում ժառանգ ունենալն է, ում էլ կփոխանցվի գահը։ Մարիան ամուսնացավ Շվեդիայի թագավոր Գուստավ II-ի հետ։ Բայց նա չկարողացավ հաղթահարել արքայազն ծնվելու իր խնդիրը և ծնեց աղջիկ՝ Քրիստինա Ալեքսանդրային։

Սկզբում արքայադստերը նույնիսկ շփոթեցին տղայի հետ, քանի որ նա չափազանց «մազոտ» էր և «գոռում էր չար խռպոտ ձայնով», ինչպես պալատականներն էին ասում: Բայց Գուստավ թագավորը գոհ էր: Նա հայտարարել է, որ իր դուստրը «շատ խելացի կլինի, քանի որ ծնված ժամանակ արդեն բոլորին հիմարացրել է»։ Թագուհին, սակայն, շատ դժգոհ էր։

Պալատականները նրան երկու օր չեն ասել երեխայի սեռը՝ թագուհուն շոկից փրկելու համար։ Թե ինչպես էին նրանք խուսափում պատասխանել նրա հարցերին, կարելի է միայն կռահել։

Երբ ճշմարտությունը, այնուամենայնիվ, բացահայտվեց, Մարիա Էլեոնորան հիստերիայի մեջ ընկավ։ Նա բղավեց. «Որդու փոխարեն ինձ աղջիկ են տալիս, այնքան սև ու տգեղ, մեծ քթով, սև աչքերով։ Հեռացրե՛ք նրան ինձանից, ես չէի կարող նման հրեշ ծնել»։

Գուստավ II-ը պաշտում էր իր դստերը և մեծացնում նրան որպես տղամարդ: Նա աղջկան իր հետ տանում էր ամենուր՝ ներառյալ որսորդական և ռազմական ստուգատեսները: Քրիստինան արագորեն աճեց և ցույց տվեց իր տարիքի համար ակնառու գիտական նվաճումներ: Արքայադուստրը լավ էր բոլորի հետ, բայց Մարիա Էլեոնորան աներևակայելի նյարդայնացած էր այն փաստից, որ նա աղջիկ ուներ, ոչ թե որդի:

Մանկուց Քրիստինա Ալեքսանդրայի հետ տարբեր վատ բաներ են պատահել։ Երբ նա շատ փոքր էր, փայտե գերանը «խորհրդավոր կերպով» ընկավ նրա օրորոցի վրա։ Մի անգամ աղջկան գցել են քարե հատակին՝ վնասելով նրա ուսը՝ դրա համար մեղադրել են մանկաբարձուհուն։ Ավելի ուշ երեխան «պատահաբար» ընկել է աստիճաններից։ Ընդհանրապես, մայրը, խիստ վրդովված ժառանգորդուհու սխալ սեռից, մի քանի անգամ փորձել է սպանել իր սխալ երեխային, որպեսզի հետո հանգիստ խղճով վերջապես նորմալ արքայազն ծնի։

Տեղեկանալով այս ամենի մասին՝ Գուստավ II-ն աղջկան հանձնեց իր քրոջ՝ Եկատերինայի խնամքին, իսկ ինքն էլ պատերազմեց Գերմանիայի հետ։ Այնտեղ նա մահացավ։ Թագավորի մարմինը բերեցին Շվեդիա։ Վշտից վրդովված Մարիա Էլեոնորան թույլ չտվեց նրան թաղել 18 ամիս և նույնիսկ հանգուցյալ ամուսնու հետ քնեց նույն սենյակում։ Բացի այդ, նա ստիպում էր յոթամյա Քրիստինային նստել նրանց հետ։

Զարմանալի չէ, որ արքայադուստրը բոլորովին չտխրեց, երբ ռեգենտների խորհուրդը նրան խլեց բոլորովին մոլորված Մարիա Էլեոնորայից։

Արդյունքում կոմս Ակսել Օքսենստիերնան դարձավ Քրիստինա Ալեքսանդրայի խնամակալը։ Նա մեծացավ և դարձավ բավականին լավ թագուհի, հովանավորեց գիտնականներին և իր ժամանակի ամենակիրթ կանանցից մեկն էր:

Ճիշտ է, այն փաստի հետևանքները, որ արքայադուստրը մեծացել էր որպես տղա, չուշացան, քանի որ Քրիստինան ատում էր ժամանակ անցկացնել արքունիքի տիկնանց հետ, իսկ նրա սիրելի զբաղմունքը արջի որսն էր: Նա չէր հիշում իր մորը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս