Փորձում են մարդկանց համոզել, որ սկսել են ավելի լավ ապրել

Շատ հաճախ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության այլ պաշտոնյաները ցուցանիշներ են հրապարակում տպագրված ՀԴՄ կտրոնների ու առևտրի շրջանառությունների աճերի վերաբերյալ՝ փորձելով ցույց տալ, թե ինչքան լավ են սկսել ապրել մեր քաղաքացիները։ Ավելի շատ առևտուր են անում, ու դա նշանակում է, որ ավելացել են նաև նրանց եկամուտները։ Բայց թաքցնում են, թե իրականում ինչ կա քողարկված այդ ցուցանիշների տակ։

Թե ինչքանո՞վ է բարձրացել հասարակության գնողունակությունը, վկայում են մանրածախ առևտրի ծավալները։

Մանրածախ առևտուրն այս տարի պաշտոնական տվյալներով, ոչ շատ, բայց ավելացել է։ Հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ՝ մանրածախ առևտուրն աճել է 2,8 տոկոսով, փետրվարին՝ 0,3 տոկոսով, մարտին՝ 0,6 տոկոսով։

Ինչպես երևում է այս ցուցանիշներից, վերջին 2 ամիսներին աճի տեմպն էապես ընկել է։

Ընդ որում, դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով այդ երկրներից տասնյակ-հազարավոր քաղաքացիներ են տեղափոխվել և հաստատվել Հայաստանում։

Դա ներքին շուկայում լրացուցիչ պահանջարկ է ձևավորել։

Սակայն նույնիսկ այդ պայմաններում, մարտին, երբ սկսվեցին Ռուսաստանից քաղաքացիների ակտիվ հոսքերը, մեր երկրում մանրածախ առևտուրը նախորդ տարվա համեմատ շատ չնչին աճ է ունեցել. ավելացել է ընդամենը 0,6 տոկոսով։

Ընդհանուր առմամբ այս տարվա առաջին եռամսյակում մանրածախ առևտրի շրջանառությունը, որն ուղղակիորեն կապված է հասարակության սպառողական պահանջարկի հետ, կազմել է 340 մլրդ դրամ։ Անցած տարի կազմել էր 308 մլրդ դրամ։

Աճը 1,2 տոկոս է։ Բայց այդ աճն ապահովվել է ավելի քան 7 տոկոս գնաճի պայմաններում։ Հիմա պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ առևտրի շրջանառության աճը, եթե չլիներ գնաճի ազդեցությունը։ Գները բարձրացրել են ու արհեստականորեն հանգեցրել առևտրի շրջանառությունների ավելացմանը։

Թեև նույնիսկ այդ պարագայում առևտրի աճն անհամեմատ ավելի փոքր է եղել, քան գնաճինը։

Գնաճի հետևանքով, առևտրի արձանագրված ոչ մեծ, բայց աճի պարագայում, մարդիկ ստիպված են եղել շատ ավելի քիչ ապրանք ձեռք բերել, քան ձեռք էին բերում անցած տարի։ Տեղի է ունեցել նրանց սոցիալական վիճակի վատացում։ Նշանակություն չունի, որ մանրածախ առևտրի շրջանառությունն ավելացրել է։ Դա եղել է ոչ թե մարդկանց գնողունակության աճի կամ իրական սպառման ծավալների ավելացման, այլ գնաճի հաշվին։

Բացի այդ՝ կա ևս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանք. մանրածախ առևտրի ոլորտում արձանագրված 1,2 տոկոս աճը եղել է անցած տարվա բավական խորը անկումից հետ։ 2021թ. մանրածախ առևտուրն առաջին եռամսյակում կրճատվել էր գրեթե 9 տոկոսով։ Դրա վրա այս տարի հազիվ 1,2 տոկոսանոց աճ է գրանցվել, այն էլ՝ գների շատ ավելի առաջանցիկ բարձրացման պայմաններում։ Այս փաստը բավական է հասկանալու համար, թե ինչպես է փոխվել հասարակության սոցիալական վիճակը։

Թեև հասկանալու շատ բան չկա։ Բոլորն էլ տեսնում են, որ գների համատարած բարձրացումը հանգեցրել է իրական սպառման կրճատման։

Քաղաքացին դա ամեն օր զգում է իր կենցաղում։ Ավելի շատ փող է ծախսում, բայց ավելի քիչ ապրանք է կարողանում ձեռք բերել։

Թվում է, թե սա պիտի մտահոգեր իշխանություններին։ Բայց մտահոգվելու փոխարեն, իշխանությունները զբաղված են աճպարարությամբ. փորձում են համոզել մարդկանց, որ սկսել են ավելի լավ ապրել, որ առևտրի շրջանառությունների ավելացումը եղել է իրենց եկամուտների աճի հաշվին, որ ճիշտ չեն այն հայտարարությունները, թե բնակչության գնողունակ պահանջարկը վատացել է, որ իրական սպառումը կրճատվել է։

Առևտրի շրջանառությունների աճն իրականում չի ավելացրել շատերի սպառումը։ Ընդհակառակը՝ այն կրճատվել է։

Շատերի եկամուտները չեն բավարարում նույնիսկ սպառման նախկին մակարդակները պահպանելու համար, անկախ նրանից, որ պաշտոնական վիճակագրությունն առևտրի շրջանառությունների աճ է գրանցել։

Ի դեպ, այդ աճը տեղի է ունեցել առևտրի էլ ավելի բևեռացման պայմաններում։

Շահել են բացառապես առևտրի խոշոր օբյեկտները, մասնավորապես՝ խանութները։ Միայն խանութներում իրականացվող առևտրի ծավալն է ավելացել։ Հասկանալի է, որ խոսքը հիմնականում սուպերմարկետների մասին է։

Մյուս բոլոր առևտրային օբյեկտներում շրջանառությունները կրճատվել են։

Առավել մեծ չափով տուժել են սպառողական ապրանքների շուկաները, որտեղ առաջին եռամսյակում շրջանառությունները նվազել են գրեթե 13 տոկոսով։

Գյուղատնտեսական ապրանքների շուկաներում էլ անկումը եղել է 9 տոկոսի շրջանակներում։

Աստիճանաբար շուկայից դուրս են մղվում առավել փոքր առևտրի օբյեկտները։

Կրպակային առևտրի ծավալը տարեսկզբի 3 ամիսներին կրճատվել է 9-10 տոկոսով։ Անցած տարի էլ կրճատվել էր 32 տոկոսով։ Դա տեղի է ունեցել վերջին 2 տարիների համատարած գնաճի պայմաններում։ Եթե ընդամենը մեկ տարի առաջ փոքր առևտրի այս հատվածին բաժին էր ընկնում ընդհանուր առևտրաշրջանառության 1,7 տոկոսը, ապա այս տարի դարձել է 1,5 տոկոս։

Նվազել է նաև գյուղատնտեսական ու սպառողական ապրանքների շուկաների կշիռը։ Առևտուրն այդ շուկաներից տեղափոխվում է խանութներ։

Վերջին տվյալներով, սպառողական ապրանքների շուկաներին բաժին է ընկել՝ առևտրի 4,5, իսկ գյուղատնտեսական ապրանքների շուկաներին՝ ընդամենը 0,9 տոկոսը։ Առևտրի կենտրոնացումը գուցե լավ է սպառողների համար, բայց լրջորեն հարվածում է այն քաղաքացիների եկամուտներին, ովքեր այդ ոլորտում վաստակում են իրենց առօրյա հացը։ Իշխանությունների խնդիրն է՝ մարդկանց պաշտպանել խոշոր առևտրային օբյեկտների «հարվածներից», բայց իշխանությունները մատը մատին չեն խփում։ Ու թողնում են, որ խոշորներն աստիճանաբար կլանեն փոքրերին և դուրս շպրտեն շուկայից։ Ոչինչ, որ դրանց հետևում տասնյակ-հազարավոր քաղաքացիներ են կանգնած։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս