Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
«Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև
աշխարհի վախճանը» (Մատթ․ 28։20)
Այսօր՝ մայիսի 26-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն տոներից մեկն է՝ Քրիստոսի Հարության 40-րդ օրը, երբ Քրիստոս համբարձվեց երկինք։
Ավետարանիչներից մեզ հայտնի է դառնում այս դրվագը, երբ Հրաշափառ Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այս 40 օրերին Քրիստոս նրանց ուսուցանում էր՝ կարծես պատրաստելով իր համբարձմանը, ապա վերջին հանդիպման ժամանակ օրհնելով ու պատգամներ տալով իր առաքյալներին, համբարձվեց երկինք:
«Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19),- հիշատակում է Ավետարանիչը: Քրիստոս, այո՛, համբարձվեց երկինք, բարձրացավ վեր՝ դեպի Իր փառքի գահը, սակայն էլ ավելի մոտեցավ մարդկանց։ Քրիստոս՝ Փրկիչը, բնակություն հաստատեց յուրաքանչյուրի մեջ։
Այսօր՝ Համբարձման տոնին, բացում ենք մեր սրտերը Տիրոջ առաջ՝ ցույց տալով, թե որքան կարևոր է Նրա բնակությունը մեր հոգիներում, որքան ենք ցանկանում, որ Նա մեզ հետ մնա։Միաժամանակ քաջալերվում ենք՝ հիշելով Քրիստոսի վերջին խոսքերը, որ Նա ասաց՝ մինչ Իր համբարձումը՝ խոստանալով․ «Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ․ 28։20)։
Քրիստոսի Հարությունը, ապա 40 օր անց նաև Համբարձումը ուրախությամբ են լցնում քրիստոնյաներիս սրտերը, քանի որ սրանցով է, որ ականատեսն ենք լինում մահի նկատմամբ հաղթանակի, սրանցով է, որ մահը կորցնում է իր զորությունը քրիստոնյաներիս նկատմամբ:
Միաժամանակ տանջում է հարցը, թե ինչ կլինի, եթե Քրիստոս գնա, ինչով կմխիթարվենք մինչև Գալուստը։ Սրա պատասխանը, ինչպես բոլոր հարցերի պատասխանները, գտնում ենք Սուրբ Գրքում, ուր Քրիստոս ասում է․ «Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26)։
Քրիստոսի այս պատգամով էլ մենք, տոնախմբելով Համբարձումը, սպասում ենք նաև Հոգեգալուստին, ինչը ևս մխիթարանքի մի աղբյուր է մեր հոգիների համար։ Արդեն ասացինք, որ Քրիստոս համբարձվելով հեռացավ ֆիզիկապես, սակայն էլ ավելի մոտեցավ մեզ՝ բբնակություն հաստատելով մեր հոգիներում։ Ինչո՞ւ ենք այսպես կարծում։
Պատասխանը պարզ է․ քանի որ Քրիստոս իր ողջ կյանքը ծառայեցրեց մարդկությանը՝ ուրանալով սեփական անձը։ Նրա ոչ միայն կյանքը, այլ նաև մահը, հարությունն ու համբարձումը եղավ՝ հանուն մարդկության փրկության։
Այսօր մեր աչքերն ու հոգիները ուղղված են երկինք՝ այնտեղ, ուր գնաց Նա և որտեղից պիտի գա։ Այսօր, Նրա սովորեցրածի համաձայն աղոթում ենք՝ «Հայր մեր, որ երկնքում ես․․․» (Մատթ․ 6։9)։ Վստահ ենք՝ լինելու է երկրորդ հանդիպումը, իսկ մինչ այդ ունենք Քրիստոսի օգնությունը, զորակցությունն ու օրհնությունը, չէ՞ որ արդեն ասվել է, թե «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ․ 28:20):
Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում: