«Թոռնիկ Ալիյանի ցուցմունքն ամբողջությամբ հերքվել է. Չալաբյանի գործը Փաշինյանի ստեղծած կալանքի դատարանների խայտառակության դրոշակն է». պաշտպան

Թեև Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մայիսի 14-ին երկու ամսով կալանավորվեց «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր և «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը, սակայն առ այս պահը նախաքննութամբ չկա ձեռք բերված գեթ մեկ ապացույց, ըստ որի՝ Ավետիք Չալաբյանը որևէ մեկին, էլ չեմ ասում՝ 2 և ավելի անձանց, նյութապես շահագրգռել է, որպեսզի նրանք մասնակցեն հանրահավաքների։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի ու նրան կալանավորելու հիմքերի մասին, նման պնդում արեց Չալաբյանի պաշտպանական թիմի անդամ Վարազդատ Հարությունյանը։

«Քրգործով հրապարակված ձայնագրությունն ընդամենը պատառիկներից է կազմված, ինչի նպատակն է՝ ստեղծել տպավորություն, որ նյութական շահագրգռվածություն է եղել։ Կաշկանդված լինելով նախաքննական գաղտնիքով՝ կարող եմ միայն ասել, որ առերես հարցաքննության ժամանակ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի ցուցմունքն ամբողջությամբ հերքվել է, ուստի Ավետիք Չալաբյանի վրա այս պահին որևէ ցուցմունք դրված չէ, հետևապես, Ավետիք Չալաբյանի կալանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված ձայնագրություն և կալանավորումը որպես խափանման միջոց առաջարկած քննիչի միջնորդության արտատպումը։ Ուշագրավ է, որ կալանք տվող նախագահող դատավորը՝ արդեն հայտնի Արուսյակ Ալեքսանյանը, ոչ միայն հաշվի չի առել, որ կալանք տալու համար հիմնավոր կասկած չկա, ինչպես նաև հաղթահարված չէ հանցանք կատարած լինելու մինիմալ շեմը, այլ նաև այն, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր Քրեական օրենսգրքով Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքը ապաքրեականացվում է»,- ասաց Վարազդատ Հարությունյանը։

Ըստ պաշտպանի՝ դատարանում Ավետիք Չալաբյանը պահանջել է, որպեսզի հրապարակեն ձայնագրության ամբողջական տարբերակը, ինչը, սակայն, առ այս պահը տեղի չի ունեցել։

«Պարզ տրամաբանությունը հուշում է՝ եթե խոսակցությունը վերաբերել է մարդուն փողով շահագրգռելուն, ապա հրապարակեք ամբողջական տարբերակը, եթե չեք հրապարակում, դա նշանակում է, որ հրապարակելով՝ ձեր նպատակին չեք հասնի»,- ասաց պաշտպանը՝ հավելելով՝ այս ու այլ փաստեր ևս ապացուցում են, որ Ավետիք Չալաբյանի դեպքում գործ ունենք կալանավորումը որպես ուղղակի պատժի միջոց կիրառելու հետ։

«Արդեն 5 օր է՝ դատական ակտը բողոքարկել ենք վերաքննիչ ատյան։ Ձեռքով մակագրումների դեպքում որևէ նորմալ ակնկալիք ունենալ հնարավոր չէ, որովհետև ամիսներ շարունակ կատարվող գործընթացները մեզ հուշում են, որ քաղաքական նրբերանգ ունեցող գործերը մակագրվում են իշխանության սրտի դատավորներին, որոնք էլ կայացնում են շատ կանխատեսելի դատական ակտեր,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով,- Ուստի, այս ամենով հանդերձ՝ ակնհայտ է, որ Ավետիք Չալաբյանի կալանավորումը Փաշինյանի ստեղծած կալանքի դատարանների խայտառակության դրոշակն է. սա դատական չպատճառաբանված ակտի դասագրքային օրինակ է։ Ուշագրավ է, որ նույն դատավորն է կալանավորել նաև Իգոր Խաչատուրովին և պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին»։

Հարցազրույցին մասնակից «ԱրԱր» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանն էլ շեշտեց՝ կալանավորելով Ավետիք Չալաբյանին, իշխանությունը փորձ է անում լռեցնել նրան, սակայն, ի հեճուկս այս իշխանության ցանկության, Չալաբյանի նկատմամբ հանրության հետաքրքրվածությունն է՛լ ավելի է մեծանում ու նրանով սկսում են հետաքրքրվել անգամ նրան չճանաչած մարդիկ։

«Հետևապես, լռեցնելու փորձը չի ստացվել»,- ասաց Խաչիկյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս