Հայաստանը չպետք է ներքաշվի գերտերությունների «աշխարհաքաղաքական խաղերի» մեջ և չպետք է այդ խաղերում իրեն «խաղալիքի» դեր վերապահի
Չինաստան-Ռուսաստան համագործակցությունը՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի համատեքստում։ Ի՞նչ էր նշանակում Պուտին-Սի հայտարարությունը՝ ճգնաժամի նախօրեին, որո՞նք են դրա հետևանքները ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների համար։ Դեռևս նախքան Ուկրաինայում ռուսական «հատուկ ռազմական օպերացիան»՝ փետրվարի 11-ին, «Լույս» հիմնադրամը հրապարակել էր վերլուծություն՝ «Ձմեռային աշխարհաքաղաքական խաղեր-2022․ ի՞նչ է նշանակում ՌԴ և ՉԺՀ առաջնորդների հայտարարությունը միջազգային հարաբերությունների վերաբերյալ» թեմայով։
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում այս թեման առավել հետաքրքիր և ակտուալ է դարձել, ուստի այն քննարկել ենք «Լույս» հիմնադրամի արտաքին քաղաքական և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանի հետ։
– Ի՞նչ ուղերձ էր կրում փետրվարի 4-ի ռուս-չինական հայտարարությունը, և ինչո՞ւ է այն կարևոր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։
– Շատ փորձագետներ միջազգային հարաբերություններում ներկայումս ստեղծված իրավիճակը համեմատում են «Սառը պատերազմի» ամենալարված ժամանակահատվածների՝ Բեռլինյան, նույնիսկ Կարիբյան ճգնաժամերի հետ։ ՌԴ-ԱՄՆ առճակատումը, Արևմուտքի կողմից, այսպես կոչված, «ժողովրդավարությունների դաշինք» ստեղծելու ձգտումը, Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված անվտանգության երաշխիքների վերաբերյալ «առաջարկ-վերջնագիրը» և Արևմուտքի անզիջում պատասխանը, ի վերջո՝ Ուկրաինայում սկսված «հատուկ ռազմական օպերացիան», Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու Արևմուտքի կողմից վերջինիս լիարժեք մեկուսացումն աննախադեպ շիկացրել են միջազգային մթնոլորտը։
– Այո, սա, թերևս, հետսառըպատերազմյան ժամանակաշրջանի ամենալուրջ ճգնաժամն է ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում։ Սակայն ինչո՞վ է այն տարբերվում Սառը պատերազմի ժամանակահատվածից։
– Ի տարբերություն սառըպատերազմյան ճգնաժամերի, այժմ առկա է մի շատ կարևոր առանձնահատկություն՝ հզոր Չինաստանի գործոնը, որն ի վիճակի է խառնել՝ ինչպես Մոսկվայի, այնպես էլ՝ Վաշինգտոնի խաղաքարտերը, ինչպես նաև կտրուկ մեծացնել կողմերից մեկի առավելությունը մյուսի նկատմամբ։ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև, այսպես կոչված, նոր «game of chicken»-ը, ի տարբերություն Կարիբյան ճգնաժամի, այժմ ունի կարևոր «արբիտր»՝ ի դեմս Պեկինի, որը կարող է կտրուկ փոխել խաղի ընթացքը։
Միջազգային հարաբերություններում ստեղծված բարդ և բազմաշերտ լարվածությունն ավելի ցցուն դարձավ Արևմուտքի կողմից Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի համատեքստում։ Պեկինի օլիմպիադիայի բացման արարողությունը նշանավորվեց դրանից անմիջապես առաջ Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների տարածած համատեղ հայտարարությամբ «Նոր դարաշրջան թևակոխող միջազգային հարաբերությունների և կայուն գլոբալ զարգացման» մասին։ Հայտարարությունը հստակ աշխարհաքաղաքական ուղերձներ էր պարունակում և կարող է համարվել նոր գլոբալ անվտանգային համակարգի ձևավորման նախերգանքը։
– Որո՞նք էին այդ հայտարարության հիմնական ուղերձները։ Ինչո՞ւ այն ընդունվեց հենց այս ժամանակահատվածում՝ միջազգային հարաբերությունների աննախադեպ լարվածության համատեքստում։
– Կողմերը հայտարարությունը սկսում են՝ նախ արձանագրելով, որ ներկայումս աշխարհում տեղի են ունենում զանգվածային փոփոխություններ, մարդկությունը թևակոխում է արագ զարգացման և մասշտաբային վերափոխումների փուլ, ձևավորվում է ուժերի համաշխարհային հավասարակշռության վերաբաշխման միտում։ Պեկինն ու Մոսկվան բոլոր երկրներին կոչ են անում «պաշտպանել ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարության վրա հիմնված միջազգային համակարգը, միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը, հասնել իրական բազմաբևեռության՝ ՄԱԿ-ի և նրա Անվտանգության խորհրդի համակարգող և կենտրոնական դերակատարության շրջանակներում»։ Ըստ էության՝ Չինաստանն ու Ռուսաստանը հանդես են գալիս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգի և միջազգային համակարգերի տրամաբանության պահպանման օգտին՝ միաժամանակ ընդունելով տեղի ունեցող արագ փոփոխությունների փաստը և գործող մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտությունը։
Ուշագրավ է, որ հայտարարությունը տարածվեց Ուկրաինայում սկսված ռազմական օպերացիայից ընդամենը 20 օր առաջ։ Այն ըստ էության ռուս-չինական համատեղ ուղերձ էր՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ենթադրում էր ակտուալ միջազգային հարցերում երկու երկրների դիրքորոշումների համաձայնեցում և միասնական ճակատով հանդես գալու վճռականություն։ Հետաքրքրական է, որ հայտարարության տարածումից որոշ ժամանակ անց չինական և միջազգային ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՉԺՀ արտգործնախարարի վրա, տեղեկատվություն տարածեցին, որ Չինաստանը պատրաստվում է օլիմպիական խաղերի ավարտից հետո հանդես գալ կարևոր արտաքին քաղաքական հայտարարությամբ։ Օլիմպիադայի ավարտին հետևեց Ուկրաինայում ռուսական օպերացիան, իսկ չինական կողմի հայտարարության մասին մինչ այժմ ոչինչ հայտնի չէ։ Կա տեսակետ, որ այն վերաբերելու է Թայվանի խնդրին, և դրա բովանդակությունը կախված կլինի նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքից։
– Այսինքն, ստացվում է, որ նախքան Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունները, Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնեցրե՞լ էին իրենց դիրքորոշումները։ Արդյո՞ք դա նշանակում է, որ Չինաստանը տեղյակ էր սպասվող իրադարձությունների մասին և կանխավ իր համերաշխությունն էր հայտնել ռուսական կողմին։
– Իհարկե, հնարավոր չէ միանշանակ պնդել այդ տեսակետը, սակայն ամեն ինչ խոսում է այն մասին, որ կողմերն առնվազն պայմանավորվել էին չկատարել միմյանց շահերին հակասող գործողություններ և Արևմուտքի ճնշումներին դիմակայել համատեղ ճակատով։ Առնվազն այդ մասին են վկայում մինչ այժմ Չինաստանի պաշտոնական հայտարարությունները՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, ռուսական նարատիվի և դիրքորոշման ակտիվ շրջանառությունը չինական մամուլում, ինչպես նաև Չինաստանի դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։ Այս տեսակետից փետրվարի 4-ի հայտարարության բովանդակությունը շատ խոսուն է, այնտեղ անդրադարձ է կատարվում միազգային հարաբերությունների տարբեր ասպեկտներին։
– Որո՞նք են այդ փաստաթղթի հիմնական դրույթները։
– Փաստաթուղթը պայմանականորեն կարելի է բաժանել երեք հատվածների՝ ըստ դրանցում առկա արտաքին քաղաքական ուղերձների․
1․ Ռուս-չինական միասնական տեսակետը ժողովրդավարության և «գունավոր հեղափոխությունների» վերաբերյալ:
2․ Միջազգային անվտանգություն:
3․ Նոր աշխարհակարգը՝ Ռուսաստանի և Չինաստանի պատկերացմամբ:
– Հակիրճ անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին: Ինչպե՞ս են Պեկինն ու Մոսկվան ներկայացնում իրենց դիրքորոշումը ժողովրդավարության և «գունավոր հեղափոխությունների» վերաբերյալ։
– Ռուս-չինական հայտարարության տեքստում հատկապես մեծ ուշադրության են արժանացել ժողովրդավարության, դրա ընտրողական մեկնաբանությունների, տարբեր երկրներում ժողովրդավարության առանձնահատկությունների թեմաները։ Մասնավորապես, կողմերը համարում են, որ «ժողովրդավարությունը համամարդկային արժեք է, այլ ոչ թե՝ առանձին երկրների մենաշնորհ»։ Պեկինն ու Մոսկվան ընդգծում են, որ «կախված կոնկրետ երկրի հասարակական-քաղաքական կառուցվածքից, պատմությունից, ավանդույթներից և մշակութային առանձնահատկություններից՝ վերջինիս ժողովուրդն իրավունք ունի ընտրել ժողովրդավարության իրացման այնպիսի ձևեր և մեթոդներ, որոնք համապատասխանում են տվյալ երկրի առանձնահատկություններին»։
– Իսկ ինչո՞վ է պայմանավորված այսքան մանրամասն անդրադարձը ժողովրդավարության խնդրին։
– ՌԴ և ՉԺՀ առաջնորդների հայտարարության տեքստում ժողովրդավարության թեմայի վերաբերյալ այսքան խոր և համապարփակ արձագանքը պատահական չէ։ Այսպես, Պեկինն ու Մոսկվան իրենց հստակ դիրքորոշումն էին արտահայտում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից նախաձեռնված և անցկացված Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի կապակցությամբ։ Հայտարարության հեղինակները միասնական դիրքորոշում էին ներկայացնում ժողովրդավարական արժեքների պաշտպանության պատրվակով տարբեր երկրների ներքաղաքական գործընթացներին միջամտելու անթույլատրելիության կապակցությամբ․ «Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են արտաքին ուժերի գործողություններին՝ միտված ընդհանուր սահմանակից երկրների անվտանգության ու կայունության խաթարմանը, մտադիր են դիմակայել արտաքին դերակատարների միջամտությանը երկրների ներքին գործերին՝ ցանկացած պատրվակով, դեմ են «գունավոր հեղափոխություններին» և մեծացնելու են համագործակցությունը վերոհիշյալ ոլորտներում»։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և Չինաստանի այս մոտեցումը կարող է շատ ընկալելի լինել աշխարհի տարբեր երկրների համար, որոնք ունեն ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ սեփական պատկերացումները, բայց և չեն ուզում այդ սկզբունքները ստորադասել պետության և ժողովրդի շահերին։ Պեկինն ու Մոսկվան այդ երկրներին առաջարկում են ընտրել «այլընտրանքային ժողովրդավարության» տարբերակը, որը նույնքան ժողովրդավարական է, որքան արևմտյան տարբերակը, սակայն ավելի «ճկուն» է ու չպարտավորեցնող։
– Փաստորեն, կարելի է պնդել, որ Չինաստանն ու Ռուսաստանն աշխարհին առաջարկում են ժողովրդավարության «այլընտրանքային» կամ պայմանականորեն «արևելյան» մոդել։ Իսկ ինչպե՞ս է արտահայտվում երկու երկրների միասնական դիրքորոշումը միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ։
– Պուտին-Սի հայտարարության մյուս կարևոր հատվածը նվիրված էր միջազգային անվտանգային խնդիրներին։ Ըստ էության՝ Չինաստանն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Ռուսաստանին և կիսում է միջազգային անվտանգության վերաբերյալ վերջինիս հիմնական մտահոգությունները։ Մասնավորապես, համատեղ հայտարարության տեքստում բառացիորեն կրկնվում է ՌԴ-ի կողմից պարբերաբար շրջանառվող այն թեզը, որ «ոչ մի երկիր չի կարող և չպետք է ապահովի սեփական անվտանգությունը՝ այլոց անվտանգության հաշվին և համաշխարհային անվտանգությունից զատ»։ Չինաստանը պաշտպանում է անվտանգության անբաժանելիության սկզբունքի վերաբերյալ ռուսական կողմի մեկնաբանությունները, և այս հարցում երկու երկրները հանդես են գալիս միասնական ճակատով։ «Չինական կողմն ըմբռնումով է մոտենում և պաշտպանում է Ռուսաստանի Դաշնության կողմից առաջ քաշած առաջարկները՝ Եվրոպայում անվտանգության երկարաժամկետ և իրավաբանորեն պարտադիր երաշխիքների ձևավորման վերաբերյալ»,- նշված է համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ «կողմերը դեմ են հանդես գալիս ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը, Հյուսիսատլանտյան Դաշինքին կոչ են անում հրաժարվել «Սառը պատերազմին» հատուկ գաղափարականացված մոտեցումներից»։ Հայտարարության այս հատվածը լիարժեք համապատասխանում էր անվտանգային երաշխիքների վերաբերյալ ռուսական կողմից Արևմուտքին ներկայացրած պահանջների տրամաբանությանը։
– Ստացվում է, որ ռազմական գործողությունների մեկնարկից առաջ Չինաստանն իր աջակցությունն է հայտնել Մոսկվային՝ Արևմուտքին ներկայացրած անվտանգային պահանջների հարցում։ Կարելի՞ է պնդել, որ Ռուսաստանը սա ընկալել է որպես լրացուցիչ երաշխիք՝ նախքան կտրուկ քայլեր ձեռնարկելը։
– Այո։ Սա շատ կարևոր է, որովհետև հետագայում, երբ Արևմուտքը հրաժարվեց ռուսական առաջարկներից, և դա հանգեցրեց Ուկրաինայում ռազմական գործողությունների, Չինաստանն արդեն հավատարիմ էր իր կողմից նախօրոք ներկայացված դիրքորոշմանը։ Ուշագրավ է նաև, որ հայտարարության տեքստում Ռուսական կողմն իր հերթին վերահաստատում էր իր դիրքորոշումը Թայվանի և «Մեկ Չինաստանի» հարցում։ Հայտարարության մեկ այլ ուշագրավ դրվագ է Չինաստանի և Ռուսաստանի մտահոգությունը միջազգային կենսաբանական անվտանգության կապակցությամբ։
– Կարծես Չինաստանն ակտիվորեն աջակցում է այս հարցում Ռուսաստանի ջանքերին, ընդհուպ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պաշտպանում է Ուկրաինայում ամերիկյան բիոլաբորատորիաների գործունեության վերաբերյալ ռուսական կողմի ներկայացրած բանաձևերը։
– Փետրվարի 4-ի փաստաթղթում նույնպես կողմերը հանդես էին գալիս կենսաբանական և տոքսիկ զենքերի արգելման կոնվենցիայի մեխանիզմների ամրապնդման, դրա ինստիտուցիոնալիզացիայի օգտին՝ առաջարկելով դրա վերաբերյալ ընդունել իրավաբանորեն պարտավորեցնող հուշագիր։ Կողմերը նաև իրենց մտահոգությունն են հայտնում երրորդ երկրներում ռազմակենսաբանական ոլորտում ԱՄՆ և դաշնակիցների գործունեության կապակցությամբ։ Եվ դուք ճիշտ եք, պատահական չէ, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական կողմը հատկապես բարձրաձայնում է Ուկրաինայում գործող ամերիկյան բիոլաբորատորիաների խնդիրը, ինչն արժանացել է նաև Չինաստանի համակ ուշադրությանը։ Ըստ էության, դեռ նախքան ռազմական օպերացիան, երկու երկրները մտահոգված են եղել Ուկրաինայում այդ լաբորատորիաների գործունեության կապակցությամբ։
– Ակնհայտ է, որ Չինաստանին և Ռուսաստանին այլևս չի բավարարում գործող միաբևեռ աշխարհակարգը, և վերջիններս ձգտում են փոփոխել ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված կարգերը, որտեղ գերակայում էր Հավաքական Արևմուտքը։ Ո՞րն է Պեկինի և Մոսկվայի պատկերացված նոր աշխարհակարգը։ Ինչպե՞ս է դա ձևակերպված երկկողմ հայտարարության մեջ։
– Այն, որ գործող միաբևեռ աշխարհակարգն իրենց չի բավարարում, Չինաստանն ու Ռուսաստանը հայտարարել են բազմիցս, և այս մասին խոսակցություններն էլ ավելի ակտիվացան 2010-ականներից։ Երկու երկրները սկսեցին գործնականում հակադրվել այդ կարգերին, ընդ որում, եթե Ռուսաստանը դա անում էր ուժային մեթոդներով՝ Վրաստան, Սիրիա, Ուկրաինա և այլն, ապա Չինաստանը նախապատվությունը տալիս է տնտեսական գործիքակազմին, որի լավագույն մեխանիզմը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունն էր։ Այո, փոփոխվող աշխարհակարգի վերաբերյալ երկու երկրների պատկերացումներն արտահայտված են նաև փետրվարի 4-ի համատեղ հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանն ու Ռուսաստանը՝ որպես երկու համաշխարհային գերտերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, մտադիր են միասին կառուցել ավելի բարգավաճ, կայուն և արդար աշխարհ, միասին ստեղծել նոր տիպի միջազգային հարաբերություններ։ Ընդ որում, կողմերը միասնական տեսակետ ունեն նաև այդ հարաբերությունների գաղափարական հենքի վերաբերյալ։ Մասնավորապես, ռուսական կողմը դրական է գնահատում «ընդհանուր ճակատագրով մարդկության համայնքի» վերաբերյալ չինական հայեցակարգը, Պեկինն էլ ողջունում է «միջազգային հարաբերությունների արդար բազմաբևեռ համակարգի ձևավորման» հարցում ռուսական կողմի ջանքերը։
– Ի՞նչ տեսակետ ունեն երկու երկրները գործող միջազգային ինստիտուտների և կառուցակարգերի հարցում։
– Չինաստանն ու Ռուսաստանը հանդես են գալիս գործող միջազգային կառուցակարգերի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և նրա Անվտանգության խորհրդի կենտրոնական դերակատարության պահպանման օգտին։ Բացի այդ, հայտարարության մեջ Պեկինն ու Մոսկվան ընդգծում են միջազգային համագործակցության «Մեծ քսանյակի» հարթակի կարևորությունը՝ շեշտելով այլ միակողմանի և գաղափարականացված հարթակների բացասական դերակատարության մասին։ Խոսքը, իհարկե, առաջին հերթին «Մեծ յոթնյակի», «Ժողովրդավարությունների գագաթնաժողովի», «AUKUS» և Արևմուտքի կողմից խրախուսվող այլ հարթակների մասին է: Փոխարենը՝ կողմերը հանդես են գալիս Շանհայի համագործակցության կազմակերպության, ԲՐԻԿՍ-ի ակտիվացման, դրանց մեխանիզմների հետագա կատարելագործման, Եվրասիական տնտեսական համագործակցության և «Գոտի և ճանապարհ» ծրագրերի ավելի ներդաշնակեցման օգտին։
– Արդյո՞ք փետրվարի 4-ի ռուս-չինական հայտարարությունը ռազմավարական բնույթ է կրում, թե՞ դա ուղղակի տվյալ պահի աշխարհաքաղաքական կոնյունկտուրայից բխող հերթական հայտարարություն էր։ Որքանո՞վ է այն ակտուալ այսօր՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ռուսաստանի միջազգային մեկուսացման պայմաններում։
– Օլիմպիական խաղերի նախաշեմին Ռուսաստանի և Չինաստանի նախագահների տարածած հայտարարությունը զուտ արարողակարգային տեքստ չէր, այն համապարփակ ձևով ներկայացնում է միջազգային հարաբերությունների ակտուալ հարցերի վերաբերյալ երկու երկրների միասնական դիրքորոշումը և իր բնույթով հանդիսանում է աննախադեպ և յուրահատուկ փաստաթուղթ։ Այս տեսանկյունից ուշագրավ է փաստաթղթում առկա հետևյալ միտքը․ կողմերը հաստատում են, որ «ռուս-չինական նոր տիպի միջպետական հարաբերությունները գերազանցում են «Սառը պատերազմի» ժամանակների ռազմաքաղաքական դաշինքները»։ Երկու երկրների բարեկամությունը սահմաններ չունի, համագործակցությունը չունի «արգելված ոլորտներ», երկկողմ ռազմավարական համագործակցության ամրապնդումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և ենթակա չէ փոփոխվող միջազգային միջավայրի ու երրորդ երկրներում իրավիճակային փոփոխությունների ազդեցությանը»։
Այսինքն՝ հայտարարության տեքստից հստակ երևում է, որ դեռ փետրվարի սկզբին կողմերն ակնկալում էին սպասվող միջազգային փոփոխությունները՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ, և նախօրոք հավաստիացնում էին, որ դրանք չեն ազդելու երկկողմ հարուստ օրակարգի վրա։ Այն, որ այդ հայտարարությունն այսօր էլ պահպանում է իր արդիականությունը, ակնհայտ է, և դրանում համոզվելու համար բավական է ուսումնասիրել ՌԴ արտգործնախարար Լավրովի մարտի 30-ի այցը Չինաստան։ Այցի ընթացքում երկու երկրների արտգործնախարարների հայտարարությունները գրեթե նույնությամբ կրկնում էին փետրվարի 4-ի հայտարարության հիմնական դրույթները։
– Մանրամասնենք հայտարարության այն հատվածը, որտեղ նշվում է, որ ռուս-չինական հարաբերությունները գերազանցում են «Սառը պատերազմի» ժամանակների ռազմաքաղաքական դաշինքները։ Ի՞նչ է սա նշանակում։
– Այո, Պուտինի և Սիի հայտարարության այդ հատվածը բավականին ուշագրավ է։ Այս ձևակերպումը, ըստ էության, կարող է մեկնաբանվել նաև այնպես, որ Պեկինն ու Մոսկվան երկկողմ հարաբերությունները գնահատում են՝ որպես ավելի ամուր դաշինքի օրինակ, քան, ենթադրենք, ՆԱՏՕ-ն, որը նույնպես «Սառը պատերազմի» ժամանակների ռազմաքաղաքական դաշինքներից մեկն է։ Այսինքն՝ թեև երկու երկրները ֆորմալ առումով չեն կազմել ռազմաքաղաքական դաշինք, սակայն միջազգային և համաշխարհային ռազմական և քաղաքական տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումներն այնքան մոտ են, որ նույնիսկ գերազանցում են գործող կառուցակարգային դաշինքներին։ Այս առումով ուշագրավ է, որ հայտարարության տարածմանը զուգահեռ՝ ընթանում էին ՌԴ-Չինաստան-Իրան հերթական ռազմածովային զորավարժությունները՝ Հնդկական օվկիանոսում։
– Ինչպե՞ս կգնահատեք Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիայի հարցում։ Որքանո՞վ է հավանական, որ Չինաստանը, ի վերջո, տեղի կտա Արևմուտքի ճնշումներին և կմիանա հակառուսական պատժամիջոցներին, այս հակամարտությունը Չինաստանի համար ինչպիսի՞ աշխարհաքաղաքական, տնտեսական հետևանքներ կունենա։
– Ուկրաինայի հարցում Չինաստանը փորձում է հնարավորինս բալանսավորված վերաբերմունք արտահայտել։ Պեկինի հռետորաբանությունը երկակի է․ մի կողմից՝ պարբերաբար կրկնում է տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում իր ավանդական մոտեցումը, մյուս կողմից՝ նշում է, որ իր համար ընդունելի են անվտանգության հարցերում Ռուսաստանի մտահոգությունները, և առհասարակ չի դատապարտում ռազմական օպերացիան։ Չինաստանը նաև պարբերաբար նշում է, որ անընդունելի է համարում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, ինչից կարելի է եզրակացնել, որ Չինաստանը դժվար թե միանա մի բանի, ինչն իր համար անընդունելի է։ Դա, սակայն, չի բացառում, որ ամերիկյան որոշ պատժամիջոցներ կարող են այնուամենայնիվ ստիպել կոնկրետ չինական ընկերություններին սահմանափակել տնտեսական կապերը ռուսական կողմի հետ։
– Իսկ գազի, նավթի, սննդամթերքի գների ա՞ճը։ Գաղտնիք չէ, որ Չինաստանի տնտեսությունը մեծապես կախված է այդ ռեսուրսներից։
– Գլոբալ առումով, ճիշտ եք, Չինաստանի համար կարող է խնդրահարույց լինել ռուսական օպերացիայի հետևանքով էներգակիրների և պարենային ապրանքների աննախադեպ գնաճը, քանի որ Չինաստանը հանդիսանում է այս ապրանքների ամենախոշոր համաշխարհային սպառողներից մեկը։ Սակայն չի բացառվում, որ այս ապրանքների հարցում կարող են գործել ռուս-չինական ինչ-ինչ պայմանավորվածություններ, և շատ հավանական է, որ Չինաստանը Ռուսաստանից այս ապրանքատեսակները ստանում է իջեցված գներով՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը ստիպված է իր արտահանման և ներմուծման ավանդական խողովակները Եվրոպայից տեղափոխել դեպի Ասիա։ Այս դեպքում ստեղծված իրավիճակը ոչ միայն բացասաբար չի ազդի Չինաստանի տնտեսության վրա, այլ նույնիսկ կարող է դրական ազդեցություն ունենալ, եթե հաշվի առնենք մրցակցային շուկաներում, օրինակ՝ ԵՄ-ում ստեղծված իրավիճակը։
– Չինաստանին կարող է ձեռնտու լինել նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ միջազգային վստահության թուլացումը։
– Անշուշտ, համաշխարհային շուկայում չինական յուանի դիրքերի ամրապնդման ցանկացած հեռանկար Պեկինի շահերից է բխում, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հետաքրքրության նվազումը միայն կնպաստի դրան։ Բանն այն է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ՌԴ դոլարային պահուստների առգրավումը մի շարք երկրների ստիպում է վերանայել միջազգային պահուստների և առևտրի հարցերում իրենց դրամային քաղաքականությունը։ Շատ երկրներ արդեն իսկ սկսել են անցում կատարել այլընտրանքային արժույթների, և որպես արևմտյան արժույթներին հիմնական այլընտրանք՝ կարող է աստիճանաբար մեծանալ չինական յուանի դերը։ Այսպիսի զարգացումները կնվազեցնեն նաև Արևմուտքի հնարավոր տնտեսական պատժամիջոցների նկատմամբ Չինաստանի խոցելիությունը։ Ուշագրավ է, որ Ռուսաստանը Եվրոպային առաջարկել է ռուսական էներգակիրների համար վճարել ռուբլով, ինչը մերժել են ԵՄ մի շարք երկրներ։ Չի բացառվում, որ որպես կոնսենսուսային տարբերակ, ի վերջո, կողմերը կընտրեն չինական արժույթը։
Մյուս կողմից, Արևմուտքի և Ռուսաստանի հակասությունների խորացումը Ռուսաստանին վերջնականապես կգցի Չինաստանի գիրկը։ Ավելին, որքան հյուծված և թուլացած դուրս գա Ռուսաստանն այս իրավիճակից, այնքան ավելի կմեծանա վերջինիս կախվածությունը Չինաստանից։ Ընդ որում, սա վերաբերում է նաև Ռուսաստանից տնտեսական կախվածության մեջ գտնվող երկրներին, առաջին հերթին՝ ԵԱՏՄ անդամներին։
– Անդրադառնալով վերջին մտքին, որ ստեղծված իրավիճակն իր ազդեցությունը կունենա նաև երրորդ երկրների, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամների վրա, ի՞նչ եք կարծում, ձևավորվող նոր միջազգային իրադրությունն ինչպե՞ս կազդի Հայաստանի և մեր տարածաշրջանի վրա։ Արդյո՞ք դա ավելի կնեղացնի Հայաստանի՝ միջազգային հարաբերություններում խուսանավելու հնարավորությունները։ Ընդհանուր առմամբ ի՞նչ է պետք սպասել աշխարհաքաղաքական այս փոփոխություններից, դրանք մեզ համար ավելի շատ ռիսկե՞ր, թե՞ հնարավորություններ են ստեղծում։
– Իրոք ռուս-չինական այս համատեղ հայտը՝ միջազգային հարաբերությունների ոլորտում, կարող է մեծապես փոխել միջազգային հարաբերությունների տրամաբանությունը։ Ձևավորվում է երկու գերտերություններից բաղկացած նոր ռազմաքաղաքական բևեռ, որոնցից յուրաքանչյուրը, թեև պահպանում է իր ինքնուրույնությունն ու առանձնահատկությունները, սակայն կարևոր միջազգային հարցերի շուրջ հանդես է գալիս միասնական դիրքորոշմամբ։ Սա նշանակում է, որ առաջիկայում ավելի է սրվելու մի կողմից՝ Ռուսաստան և Չինաստան, մյուս կողմից՝ ԱՄՆ և ՆԱՏՕ հակադրումը տարբեր միջազգային հարցերի շուրջ, ինչն իր հերթին՝ բարդ աշխարհաքաղաքական ընտրության առջև է կանգնեցնելու փոքր պետություններին։
«Լույս» հիմնադրամը նախորդ տարիներին տարբեր վերլուծությունների շրջանակներում անդրադարձել է փոփոխվող աշխարհակարգի առանձնահատկություններին և փոքր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար դրանից բխող նոր սպառնալիքներին և հնարավորություններին։ Ցավոք, այս կապակցությամբ մեր մտահոգություններն ու առաջարկներն անտեսվել են Հայաստանում որոշումներ կայացնող ինստիտուտների կողմից։ Այլապես ինչպե՞ս բացատրել մի կողմից՝ Հայաստանի մասնակցությունը «Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովին», մյուս կողմից՝ Պեկինի օլիմպիական խաղերի փաստացի դիվանագիտական բոյկոտը։
– Իրոք, վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մեղմ ասած, խնդրահարույց է:
– Եվ դա շատ վտանգավոր է։ Հաշվի առնելով հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի առանձնահատկությունները, Հայաստանի անվտանգային սպառնալիքները՝ մեր երկիրն իրավունք չունի սխալ աշխարհաքաղաքական ընտրություն կատարել, ինչի արդյունքում Հայաստանը կարող է վերածվել մանրադրամի՝ գերտերությունների ձեռքերում։ Մենք չենք կարող մի կողմից՝ մեր երկրի անվտանգությունը 100 տոկոսով վստահել Ռուսաստանին, մյուս կողմից՝ մասնակցել ակնհայտորեն Ռուսաստանի և նրա հետ միջազգային հարցերում միասնական դիրքորոշմամբ հանդես եկող Չինաստանի դեմ ուղղված միջազգային գագաթնաժողովին, մի կողմից՝ անդադար խոսել հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին, մյուս կողմից՝ փաստացի միանալ գերտերություններից մեկի դեմ մյուսի կազմակերպած դիվանագիտական բոյկոտին։
– Ինչպե՞ս կազդեն այս փոփոխությունները Հայաստանի և տարածաշրջանի վրա։
– Ուկրաինայի իրադարձություններն ու Եվրոպայում անվտանգության մեխանիզմների վերափոխումները միտված են տարածաշրջանում նոր միջազգային կարգի հաստատմանը, որտեղ ակտիվորեն և ընդգծված ռուսամետ դիրքորոշմամբ իր դերակատարությունն է ունենալու նաև Չինաստանը։ Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը և մյուս փոքր երկրներն այդ վերադասավորումների վրա ազդեցության որևէ լծակ չունեն, սակայն արտաքին քաղաքական սխալ հաշվարկների ու անհեռատես որոշումների արդյունքում կարող են դառնալ այս գործընթացի հիմնական զոհերը։
– Ուկրաինայի պարագայում կարծես սա արդեն ակնհայտ է։
– Այո, այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, իրոք սարսափելի է։ Մեր հարևաններից Վրաստանը դեռևս փորձում է խուսափել հնարավոր ցնցումներից, իսկ Ադրբեջանը՝ օգտվել ստեղծված իրավիճակից։ Ինչ վերաբերում է մեզ, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ներքաշվել գերտերությունների «աշխարհաքաղաքական խաղերի» մեջ, սակայն նաև չի կարող այդ խաղերում իրեն «խաղալիքի» դեր վերապահել։ Ի վերջո, այսօր աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների արդյունքում ձևավորվելու է միջազգային հարաբերությունների նոր համակարգ, և կախված նրանից, թե պետություններից յուրաքանչյուրն ինչպես կտեղավորվի այդ համակարգում, ինչպիսի մեկնարկային պայմաններ կապահովի իր համար, կախված կլինի հաջորդ տասնամյակների ընթացքում վերջինիս զարգացման ընթացքն ու հեռանկարը։