Ժողովրդավարությունն ընդդեմ ժողովրդավարության

«Դեպի ժողովրդավարություն» շինծու օրակարգով Արևմուտքի հովանավորությամբ քայքայվեցին  երկրներ, կործանվեցին ազգային պետականություններ  ու դեռ շարունակում են քայքայվել: Լիբիա, Իրաք, Սիրիա, Վրաստան, Ուկրաինա, հերթը հասել է Հայաստանին: Գունավոր ու ծաղկային հեղափոխություններով, լավ մշակված հատուկ քաղաքական տեխնոլոգիաներով ու քաղաքացիական ընդվզումներով արևմտյան ժողովրդավարությունը ներխուժեց այս երկրներն ու սասանեց գործող ազգային ու ավանդական հենասյուները:

Ժողովրդավարությունը համեմելով պոպուլիզմով՝ Հայաստանի իշխանությունը, ինչպես վերջին 4 տարիներին, այնպես էլ այսօր աշխարհին ներկայանում է՝ իբրև  բացառիկ ժողովրդավար պետություն, որը, ըստ Փաշինյանի, հենց այն ճիշտ վայրն է, որտեղ պիտի անցկացվեր  «Ժողովրդավարության հայկական ֆորումը»: Փակ դռների ետևում, բացառապես  իշխանական խմբի և միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ Ֆորումին ներկայանալու համար ժողովրդավարության բաստիոնի հիմնադիր Նիկոլ Փաշինյանը «Մարիոթ» հյուրանոցի շենքին մոտեցավ ոստիկաններով ու կարմիրբերետավորներով շրջապատված ու ներս մտավ հետնամուտքից` անտեսելով հավաքված մարդկանց, որոնք փորձում էին իրացնել ժողովրդավարությամբ տրված իրենց ազատ արտահայտվելու իրավունքը:

«Ժողովրդավարությունը ՀՀ միջազգային հիմնական բրենդն է, եթե սովորաբար ժողովրդավարության մասրն խոսելիս հղում եմ անում միջազգային կառույցների զեկույցներին, հիմա ես հղում եմ անում ՀՀ քաղաքացուն»,- ֆորումի ժամանակ հայտարարել է Փաշինյանը:

Եթե այս խոսքերը զուտ պոպուլիզմ չեն, ինչի վարպետն է Նիկոլ Փաշինյանը, ուրեմն նա առնվազն  վերջին մեկ ամսում ապրում է իրականությունից կտրված, ծուռ հայելիների աշխարհում ու չի տեսնում, թե ինչ է կատարվում իր ղեկավարած երկրի փողոցներում: Թարմացնենք Փաշինյանի հիշողությունը. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություն վերնագրով կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո հանրապետությունում ժամանակ առ ժամանակ հասարակական դժգոհության ալիք է բարձրացել, լրահոսին ուշադիր  հետևելու դեպքում կարելի է նկատել, որ ալիքն ամեն անգամ բարձրանում է Նիկոլ Փաշինյանի չկշռադատված, երբեմն ինքնախոստովանական ցուցմունք հիշեցնող ելույթները: Ապրիլին 13-ին խորհրդարանում նման մի ելույթից հետո, Հայաստանում և մարզերում սկիզբ առան ու առ այսօր շարունակվում  են բողոքի ակցիաներն ու ցույցերը, հենց իր՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով ու Արցախի հարցում նրա վարած քաղաքականության դեմ: Եթե Փաշինյանի համար քաղաքացին ու նրա խոսքն արժեք ունենային, արդեն հրաժարական տված պիտի լիներ, ինչպես, օրինակ, նախորդ իշխանությունը:

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ու իրականության հետ որևէ աղերս չունեցող  ժողովրդավարության մասին մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս