Փաշինյանն ու Ալիևը շարունակում են վախենալ Խաչատուրովներից. նոր արշավ են սկսել
Հայաստանի իշխանությունները, Ադրբեջանի քարոզչական մեքենան, նրանց օգտին աշխատող փաշինյանական բլոգերները կրկին սկսել են թիրախավորել Խաչատուրովներին, և դա անում են բավականին սինխրոն և նույնաբովանդակ տեքստերով, գրեթե նույն մեթոդներով:
168.am գրել էր, որ մայիսի 17-ին Պուշկին-Սարյան խաչմերուկից առանց որևէ դիմադրության բերման էին ենթարկել ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդուն` Իգոր Խաչատուրովին՝ շինծու ցուցմունքներով, առանց դիմադրության:
Ավելի կոնկրետ՝ այդ օրն առավոտյան Կիևյան-Բաղրամյան խաչմերուկում կայացած ակցիայի ժամանակ հարված ստացած ինչ-որ ոստիկան կեղծ ցուցմունք էր տվել, իբրև թե իրեն հարվածել է Իգոր Խաչատուրովը, ինչն իրականությանը չի համապատասխանում: Չնայած այդ ամենին՝ ոստիկանի շինծու ցուցմունքի հիման վրա Իգոր Խաչատուրովին բերման էին ենթարկել Երևանի քննչական վարչություն:
Այսօր արդեն ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից պարզվեց, որ Իգոր Խաչատուրովին կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Ի դեպ, ՔԿ-ն իր հաղորդագրության մեջ նման հավելում է արել. «Քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց»:
Իգոր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր սրան՝ նշելով.
«Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ, ինչի կապակցությամբ պետք է նշանակվի փորձաքննություն»։
Ինչ վերաբերում է ադրբեջանական քարոզչամեքենային, ապա նրանք չեն բավարարվել Խաչատուրովներին վերաբերող նմանօրինակ լուրերը մեծ ոգևորությամբ արտատպելուց, և հիշել են նաև գեներալ Յուրի Խաչատուրովին՝ փորձելով իրենց համար աշխատող Ռոման Բաղդասարյան անունով բլոգերի ձեռամբ իբր «վարկաբեկել» նրան:
Եվ ինչպես միշտ դա արվել է բավականին անգրագետ կերպով: Մասնավորապես այս բլոգեր կոչեցյալը, որի առջև բանակի դռները Նիկոլ Փաշինյանի օրոք բացվեցին, մի տեսանյութ է «ջրի երես» հանել և պնդել, թե իբր այդտեղ զինվորին նվաստացնողը Յուրի Խաչատուրովն է: Անտեղյակների համար ասենք, որ այդ տեսանյութը մոտ 12 տարվա պատմություն ունի և դեպքը տեղի է ունեցել Արցախում, այդ ժամանակ շրջանառված տեղեկություններով՝ «Եղնիկներում»: Իսկ տվյալ հրամանատարը, որը զինվորին փորձում էր օղի խմեցնել, հեռացվել էր ծառայությունից:
Երկրորդ՝ որքան պետք է մարդ տրամաբանությունից զուրկ լինի, որ մտածի՝ ԳՇ ղեկավարը կարող է անտառում շարքային զինվորների հետ «պիկնիկ» անել:
Ի դեպ, տեսանյութում անգամ այդ հարբած հրամանատարի դեմքը չի էլ երևում, մյուս կողմից, շատ հստակ դրանից կարելի է հասկանալ՝ դա Յուրի Խաչատուրովը չէ: Վարկաբեկման նույն՝ ադրբեջանական և փաշինյանական մեթոդները: Ոչ ոք չի ասում, որ վատ երևույթներ բանակում չեն եղել այդ ժամանակահատվածում, բայց աստիճանաբար դրանք նվազագույնի են հասցվել, իսկ նման ոչ կադրային, գողական «պանյատներով» ապրող սպաները գրեթե «մաքրվել են» բանակից: Բայց սա այլ խոսակցության թեմա է:
Իսկ նշված բլոգերը առաջին անգամ չէ, որ ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի կողմից որպես գործիք օգտագործվում է Խաչատուրովների և առհասարակ Հայաստանի, Արցախի դեմ արշավում:
Երբ դեռ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, որից ամեն կերպ Նիկոլ Փաշինյանը փորձում էր ազատվել, 2021-ի մայիսի 29-ին Բերդի զորամասում միջադեպ է տեղի ունենում, ինչի մեջ նույն այդ բլոգերի՝ Ռոման Բաղդասարյանի «մատն է խառը» լինում:
Նա փորձել էր իր ծանոթ զինվորի միջոցով Բերդի զորամասում «բունտ» կազմակերպել, հաջողվել էր 30 հոգու կարճ ժամանակով զորամասից դուրս հանել: Նպատակը՝ անկայունություն մտցնել 3-րդ բանակային կորպուսում:
Ի դեպ, այս բլոգեր կոչեցյալը միջադեպի մասին անմիջապես գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ Գրիգորի Խաչատուրովի հասցեին մեղադրանքներով «համեմված», թե պետք է հեռացնել բանակից գեներալին:
Մեկ այլ գրառման մեջ նա, ըստ էության, ընդունել էր իր միջամտությունը տեղի ունեցածին՝ «երբ մի ամբողջ բատալյոն լսում է ժուռնալիստի խորհուրդը, ոչ թե Յուրի Խաչատուրովի որդուն»,- ասել էր նա՝ իրեն լրագրող հորջորջելով:
Որոշ ժամանակ հետո Բաղդասարյանը հեռացրել էր իր գրառումները:
Մի քանի անգամ գրել ենք, թե ինչից հետո և ինչու ակնհայտ կերպով Նիկոլ Փաշինյանը սկսեց թիրախավորել Գրիգորի Խաչատուրովին, ուստի նորից չենք անդրադառնա դրան:
Կհիշեցնենք, սակայն. ադրբեջանական caliber.az-ի ռեպորտաժը, որտեղ ասվում էր. «ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուս, որը ղեկավարում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, ըստ էության, ապրում է իր կյանքով, և կարելի է ասել՝ այնքան էլ չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին»:
Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեկն է այն գեներալներից, ով ստորագրել էր ՀՀ ԶՈՒ հայտարարության տակ, և երբ պարզ դարձավ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն «իրավունքի ուժով» ազատված է ԳՇ պետի պաշտոնից, Խաչատուրովը, լինելով 3-րդ բանակի կորպուսի հրամանատարը, հայտարարություն տարածեց և միանձնյա հաստատեց այն պահանջը, որին միացել էր:
«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը:
Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան: Ուստի կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»,- նշված էր Խաչատուրովի հայտարարության մեջ:
2021-ի ամռանից փորձառու զինվորական Գրիգորի Խաչատուրովը բանակում չէ, Յուրի Խաչատուրովը՝ ավելի վաղուց, 2018-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Յուրի Խաչատուրովին հետ կանչեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, բայց միևնույն է՝ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանը շարունակում են վախենալ Խաչատուրովներից, ինչո՞ւ չէ՝ բանակ նրանց հնարավոր վերադարձի մտքից: