Շիրակում և Լոռիում կարող ենք մաթեմատիկայի ուսուցիչների լուրջ խնդիր ունենալ. կրթության փորձագետ
Ընդունելության քննություններում ամենամեծ թիվը գրանցվել է անգլերեն առարկայից՝ 5587 հոգի: Երկրորդ տեղում մաթեմատիկան է՝ 5429, իսկ երրորդ տեղում հայոց լեզու և հայ գրականությունն է: Մնացած բոլոր առարկաները 1600 և պակաս թվեր են: Այս մասին մայիսի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
«Ինձ համար զարմանալի էր, որ Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանում մաթեմատիկա մասնագիտությամբ որևէ մեկը չի դիմել: Նույնը՝ նաև Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական համալսարանում»,- հավելեց ԳԹԿ փոխտնօրենը:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին ևս զարմացրել է մարզային երկու բուհերում ստեղծված իրավիճակը:
«Մաթեմատիկայի դեպքում անակնկալ էր, որովհետև այդ նույն բուհերում ժամանակին կար նաև ֆիզիկայի ֆակուլտետ: Օրինակ, Գյումրիում դեռևս 2-3 տարի առաջ կար ֆիզիկայի ֆակուլտետ, սակայն, քանի որ դիմորդ չեղավ՝ փակվեց: Արդեն էլ ոչ Վանաձորն ունի ֆիզիկայի ֆակուլտետ, ոչ Գյումրին, միայն Մանկավարժական համալսարանն է մնացել, և հիմա ալիքը կարծես հասնում է մաթեմատիկա առարկային: Ինչո՞ւ է այսպես լինում, որովհետև ցանկացած դիմորդ, որը քիչ թե շատ մաթեմատիկա գիտի, նախընտրում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները: Եվ այո, եթե նայում ենք Գյումրիի ու Վանաձորի դեպքերը, երկու քաղաքներն էլ ամբողջական մարզի են սպասարկում, այսինքն՝ մենք առաջիկայում Շիրակում և Լոռիում կարող ենք մաթեմատիկայի ուսուցիչների լուրջ խնդիր ունենալ»,- մեզ հետ զրույցում ասաց Սերոբ Խաչատրյանը:
Խնդիրը հետագայում որպես ուսուցիչ աշխատելն ու աշխատավա՞րձն է, թե՞ պարզապես դպրոցներում լավ չեն դասավանդում, դրա համար սեր չկա դեպի մաթեմատիկան՝ հարցին ի պատասխան՝ կրթության փորձագետը նշեց.
«Համարվում է, որ մաթեմատիկա կա՛մ հասկանում ես, կա՛մ չես հասկանում: Մեզ մոտ դեռ այն հասկացողությունը չկա, որ մաթեմատիկա եթե ոչ՝ գերազանց, ապա՝ լավ կարող են սովորել բոլոր երեխաները: Այն դրվածքն է, որ մաթեմատիկան միայն խելացիների համար է, իսկ խելացիներն էլ ուզում են ծրագրավորող դառնալ»:
Խոսելով անգլերեն քննություն հանձնելու համար գրանցված մեծ թվին՝ Սերոբ Խաչատրյանն ասաց՝ պատճառն այն է, որ անգլերենի դեպքում թվանշանն ավելի բարձր է, և այդտեղ անհամաչափություն կա:
«Երբ դիմորդները հայոց լեզվից են քննություն հանձնում, քանի որ մայրենի լեզու է, թեստն ավելի բարդ է, իսկ քանի որ անգլերենն օտար լեզու է, թեստն ավելի պարզ է: Ստացվում է, որ անգլերենից ավելի հեշտ է 19, 20 ստանալ, քան հայոց լեզվից»,- մանրամասնեց կրթության փորձագետը: