Դպրոցի բակում այսօր 4-րդ անվանական եղևնին տնկվեց՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Ազատյանի
Հովհաննես Պողոսյանի անվան հ. 82 դպրոցի բակում այսօր չորրորդ անվանական եղևնին տնկվեց՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի ևս մեկ սանի։
Մինչև վերջ ծնողներն ու դպրոցի անձնակազմը հույս էին փայփայում, որ Դավիթը ողջ է ու տուն է վերադառնալու։
«Ցորի» տղերքից էր Ազատյան Դավիթը։
Այս ողջ ընթացքում նրանք անհետ կորած էին համարվում։ 1 տարի 2 ամիս անց՝ 2021-ի դեկտեմբերին, տղերքի մասունքները թշնամին հանձնեց հայկական կողմին։ Նրանց մեջ էր նաև Դավիթը…
Ու այսօր Չատինյան Լևոնի, Շաբոյան Մնացականի և Խաչատրյան Լևոնի անվանական եղևնիների կողքին ավելացավ ևս մեկը՝ Ազատյան Դավիթինը։
Դպրոցի պատերից մեկին ամրացավ պաստառ, որում ամփոփվել էին դպրոցի չորս հերոսի կենսագրությունները, մարտական ուղիները և պարգևները։ Չորս տարբեր կյանք, բայց մի ճակատագիր՝ նահատակվել հանուն հայրենիքի ու հանուն գալիք սերնդի։
Դպրոցի տնօրեն Լիլիթ Ասլանյանը հանձնեց պատվոգրեր հերոսածին մայրերին՝ պատվոգրերում շեշտելով հերոս տղաների անմնացորդ նվիրումն ու անձնազոհ հայրենասիրությունը։
Տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, դպրոցում դեռ սեպտեմբերին մի դասասենյակ անվանակոչվել է իր սաներից մեկի՝ Չատինյան Լևոնի անունով և առաջիկայում նախատեսում է անվանակոչել ևս երեք դասասենյակ մյուս երեք հերոս տղաների անունով։