6 խայտառակ ձևակերպում․ ինչո՞վ է այդքան հպարտ Մարուքյանը
Երկար ժամանակ գաղտնի պահելուց հետո ՀՀ իշխանությունները որոշեցին հրապարակել 6 առաջարկները, որոնք, իրենց իսկ խոսքով, փոխանցել են ադրբեջանական կողմին՝ ի պատասխան ամիսներ առաջ վերջինիս ներկայացրած 5 կետերի։
Երեկ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակեց ինչ–որ ձևակերպումներ, նրա խոսքով, թարգմանված ռուսերենից, որոնք հայկական առաջարկներն են․ ի դեպ, օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դրանք պարզապես ծաղրի էր ենթարկել, երբ նույնիսկ հայաստանյան հանրությունը տեղյակ չէր, թե ինչ է առաջարկվել Ադրբեջանին։
«Հայկական կողմի փաստաթուղթը եղել է հակազդման տեսքով՝ ընդդեմ Ադրբեջանի առաջարկների: Ես կարող եմ թվարկել 6 կետից բաղկացած արձագանքներից մի քանիսը և եզրակացնեք՝ որքանով դա կարելի է առաջարկություն անվանել»,- ասել էր Ադրբեջանի արտգործնախարարը։
Նախ՝ հիշեցնենք, որ դեռևս մարտի կեսերին Ադրբեջանի ԱԳՆ-ն առանց ձգձգելու, պաշտոնապես հրապարակեց, թե ինչ օրակարգով է մտնելու, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթաց։ Խոսքը հենց 5 կետերի մասին է՝
1. ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
2. պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
3. ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից,
4. պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
5. տրանսպորտի և կապի բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:
Այսպիսով՝ ներկայացնենք նաև այն, ինչ, ըստ Էդմոն Մարուքյանի, ներկայացրել է հայկական կողմը, որի մասին հանրությունը տեղեկացվեց միայն երեկ երեկոյան։
1. Առաջին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացել ենք Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում ենք,
2. Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ,
3. հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը,
4. հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունների կատարումը (ռազմագերիների վերադարձ, ճանապարհների ապաշրջափակում),
5. հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա,
6. համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Ի դեպ, ուշագրավ էր լսել, որ Էդմոն Մարուքյանը առանձնակի հպարտությամբ ներկայացրեց, որ, այսպես կոչված, «առաջարկներում» ներառվել է «կարգավիճակ» բառը, ինչը որպես այդպիսին՝ հայկական շահ կամ ընդհանրապես ոչինչ չի արտացոլում, քանի որ իրենից կարգավիճակ է ենթադրում նաև Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակը։
Հայկական շահը, այն էլ ոչ ամբողջական, կարտացոլվեր, եթե առաջարկում նշվեր ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին, որն ընդհանրապես երբևէ չի եղել ՀՀ ներկայիս իշխանությունների դիվանագիտական բառապաշարում։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին փոփոխություններից մեկը դիվանագիտական լեքսիկոնը, ավանդական ձևակերպումները փոխելու գործին ձեռնամուխ լինելն էր։ Դրա հետևանքով Հայաստանը կորցրեց 2016 թվականի Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի՝ նախկին իշխանությունների դիվանագիտական հաջողությունները, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ բառապաշարից իսպառ վերացավ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիշատակումը՝ որպես հիմնարար սկզբունք, ինչը կրկին նախկին իշխանությունների օրոք առկա էր բոլոր դիվանագիտական, բարձրաստիճան հայտարարությունների, հանդիպումների տեքստերում, և դա այն տրամաբանությունն էր, որով առաջնորդվում էր նաև միջազգային հանրությունը։ Դրա համար կան նաև հրապարակային ապացույցներ՝ Ալիևի հայտարարությունների տեսքով։
168․am–ի հետ տարբեր զրույցներում թե՛ ռուսաստանցի, թե՛ եվրոպացի վերլուծաբանները, մեղմ ասած, զարմանում են, թե ինչու այս երկբևեռ օրակարգն այսկերպ «ջնջվեց» ՀՀ ներկայիս իշխանությունների օրակարգից, որը կարող էր զսպել թե՛ 44-օրյա պատերազմը, թե՛ Ադրբեջանի դիվանագիտական գրոհն Արցախյան կարգավորման հարցում։
Վերադառնալով չարաբաստիկ «առաջարկներին», որոնք նույնիսկ դիվանագիտական բառապաշարի էթիկետին չեն համապատասխանում և ամենևին համարժեք չեն այն առաջարկներին, որոնք արել է ադրբեջանական կողմը՝ նշենք, որ կարգավիճակ բառի ներառումը որևէ տեքստում չի բացառում Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։
Եթե նույնիսկ ՀՀ իշխանությունները, ինչպես իրենք են նշում, չեն բարձրաձայնում որոշ դիրքորոշումներ ադրբեջանական կողմի հետ բանակցային պատուհանը չփակելու համար, ապա ինչո՞ւ որևէ խողովակով, որևէ մակարդակով չեն խոսում ինքնորոշման իրավունքի մասին կամ չեն ընդգծում, որ իրենց նպատակն է՝ բացառել Արցախն Ադրբեջանի կազմում, չեն պայքարում արցախահայության անկախ կարգավիճակի համար, այլ ընդհակառակը՝ հանրությանը պատրաստում են հանձնման, Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման, որի համար հղումներ են անում անանուն միջազգային հանրությանը։
ՀՀ իշխանությունները նաև չպարզաբանեցին, թե ում նկատի ունեն՝ միջազգային հանրություն ասելով, և ո՛ր երկիրն է, որ Հայաստանից ակնկալում է ինչ-որ զիջումներ Արցախի կարգավիճակի հարցում։
Երեկ Էդմոն Մարուքյանը նույնպես հղումներ արեց միջազգային հանրությանը՝ անտեսելով, որ նման հարցերում միջազգային հանրություն ընդհանրական հասկացությունը և ընդհանրապես այս իշխանությունների պատմածները որևէ նշանակություն չունեն, քանի որ միջազգային հանրության տարբեր սուբյեկտներ անում են հայտարարություններ, ու պատասխանատու իշխանությունն իրականում հղում պետք է անի արդեն իսկ հրապարակված հայտարարություններին, այլ ոչ թե հանրությանը ներկայացնի անհասկանալի, անանուն պատմություններ, դրա տակ կորցնելով հայկական շահը։
Ավելորդ է նույնիսկ անդրադառնալ Մարուքյանի ձևակերպումներին՝ որպես առաջարկներ, որովհետև դրանցում որևէ առաջարկ, հայամետ դիրքորոշում ներառված չէ։ Երևի թե սա էր նաև պատճառը, որ բավականին ուշ հայտնի դարձավ այս փաստաթղթի մասին, որն ադրբեջանական ԶԼՄ-ները նույնիսկ չեն քննարկում, չեն անդրադառնում, որովհետև փաստաթուղթը որևէ խնդիր, որևէ դիրքորոշում չի դրել ադրբեջանական կողմի առջև։ Այն, ըստ էության, իրենից որևէ արժեք չի ներկայացնում։ Ուստի, որքան էլ ցավալի է հայաստանյան հանրության համար, պարզ դարձավ, թե ինչու էր Ադրբեջանի ԱԳ նախարարը, Ադրբեջանը, որը չի փայլում իր դիվանագիտական ավանդույթներով, ծաղրում հայկական դիվանագիտական «առաջարկների փաթեթը»։
168․am-ի հետ զրույցում ռուսական դիվանագիտական շրջանակներից ասացին, որ ամենևին էլ զարմացած չեն այն բովանդակությունից, որը Երևանը դրել է այդ առաջարկներում, քանի որ Երևանը, հատկապես պատերազմից հետո, ցույց է տվել, որ հրաժարվել է Ղարաբաղյան հարցից։
Մոսկվայից նույնիսկ կարծում են, որ փաստաթուղթը դիվանագետ չէ կազմել, քանի որ անգամ ձևաչափի տեսանկյունից՝ անհասկանալի ու անտեղի է։ Երևանն ու Բաքուն, ըստ մեր զրուցակցի, բավականին համակարգված են աշխատում, նույն վեկտորներով, նույն դիրքորոշումներով, որոշ դրվագներում՝ ընդդեմ Ռուսաստանի։
«Սա այլևս զարմանալի չէ, քանի որ Փաշինյանի իշխանությամբ կառավարությունը լցվեց դիլետանտներով, հեղինակազրկվեց Արտաքին գործերի նախարարությունը՝ ամենապատկառելի կառույցը, որին բոլոր երկրներում առանձնակի հարգանքով ու զգուշավորությամբ են վերաբերվում՝ հատկապես կադրային փոփոխությունների դիմելիս։ Եթե երկրի ներսում չկա հարգանք այդ կառույցի նկատմամբ, ապա դրսում ինչպիսի հարգանք պետք է լինի՝ ինչպես այդ կառույցի, այնպես էլ՝ ընդհանուր առմամբ հայկական շահերի նկատմամբ, որոնք ոչ մի կերպ չեն ձևակերպվում։ Պարզ է նաև, որ սա հարմար է Հայաստանի արտաքին բոլոր գործընկերներին, անսկզբունքային պաշտոնյաների հետ էապես ավելի հեշտ է՝ հատկապես բանակցություններ վարելիս»,- ասաց մեր աղբյուրը։
Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ, անկախ բոլոր հայտարարություններից, կա մեկ կարևոր դրվագ՝ Նիկոլ Փաշինյանը չի այցելում Ղարաբաղ։
«Ես չգիտեմ, թե վերջին անգամ երբ է այցելել, սակայն Մոսկվայում բոլորը նկատել են, որ պատերազմից հետո նա չարեց որևէ այց Ղարաբաղ։ Ղարաբաղը պահելու քաղաքականություն ունենալու դեպքում նա շատ ավելի հաճախ պետք է լիներ Ղարաբաղում։ Իսկ եթե չեղավ, դա ի՞նչ էր նշանակում։ Եվ հարցն ամենևին այն չէ, որ չէր կարող գնալ, չէին ընդունի և այլն։ Հարցն այն էր, որ չեղավ քաղաքական որևէ այց, ինչը ևս ուղերձ կլիներ միջազգային հանրությանը, որ Երևանը, չնայած պատերազմում կրած ծանր պարտությանը, ցանկանում է պահել այն, ինչ մնաց հայաբնակ և չգրավվեց։ Ինչ վերաբերում է առաջարկներին, ապա, ամենայն հավանականությամբ, դա փաստաթուղթ է այն մասին, որ Երևանը համաձայն է Բաքվի բոլոր առաջարկներին»,- ասաց մեր զրուցակիցը՝ ակնարկելով, որ հայ ժողովուրդը պետք է մտահոգվի այս ամենի կապակցությամբ։
«Մոսկվայի տեսանկյունից ամեն ինչ բնականոն է դիտարկվում, քանի որ Ղարաբաղի հայությունը մեր պաշտպանության ներքո է, ԼՂ իշխանությունները գոհ են, հասկանալի է, որ ՀՀ իշխանություններն ամեն կերպ փորձելու են վերացնել այդ ներկայությունը՝ սկզբում Ղարաբաղից, հետո՝ Հայաստանից, բայց դա ևս կախված է Ուկրաինայի պարտությունից։ Այս պահին Ռուսաստանն իր բոլոր խաղադրույքները կապում է Ուկրաինայի հետ, չունի ռեսուրս ու հետաքրքրություն զբաղվելու այլ հարցերով»,- ասաց մեր զրուցակիցը։