Փառուխից զորքի հետքաշումը չի եղել Վիտալի Բալասանյանի միանձնյա որոշումը

Սոցցանցերում և մամուլում վերջերս լուրեր շրջանառվեցին, թե Փառուխից հայկական զորքերի հետքաշման հրամանը տվել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը դրա հետ համաձայն չեն եղել: Այսինքն, Վիտալի Բալասանյանը, այսպես ասած, միանձնյա որոշում է կայացրել, որը տեղավորվել է ռուս-ադրբեջանական պայմանավորվածության տրամաբանության մեջ:

Այն, որ Արցախի և ՀՀ-ի տարբեր հատվածների հետ կապված կարող են լինել ռուս-ադրբեջանական գործարքներ, դա ոչ ոք չի բացառում, բայց որ Արցախի ԱԽ քարտուղարը միանձնյա որոշում կայացնի և իրականացնի, դա հնարավոր չէ, քանի որ չունի նման լիազորություններ, և մտնում է Արցախի նախագահի աշխատակազմի կառուցվածքի մեջ:

168.amի՝ արցախյան իշխանական աղբյուրների փոխանցմամբ, Փառուխից հայկական զորքերի հետքաշման որոշումը կայացվել է համատեղ՝ Արցախի Անվտանգության խորհրդի նիստում, ադրբեջանական ներխուժումից մոտ 10 օր առաջ: Այսինքն, սա եղել է և՛ Արայիկ Հարությունյանի, և՛ Վիտալի Բալասանյանի, և՛ Կամո Վարդանյանի համատեղ որոշմամբ։

Նշենք, որ Փառուխի հատվածում ադրբեջանական ներխուժումն արձանագրվել է մարտի 24-ին։ Ավելին, արցախյան աղբյուրների մեզ փոխանցած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը Փառուխ է ներխուժել ռուս խաղաղապահների տեղակայումից 2-3 օր առաջ:

Հավելենք, որ մարտի 13-ին՝ Փառուխի դեպքից 10-11 օր առաջ, Արցախի նախագահը Երևանում մասնակցում էր ՀՀ նախագահի երդմնակալությանը, և չի բացառվում, որ այդ երևանյան այցի ընթացքում փակ հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ:

Ի դեպ, ամփոփելով Ալիևի հետ բրյուսելյան հանդիպումը, Նիկոլ Փաշինյանն ասել էր.

«Քննարկում եղավ Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես՝ Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին միասնական գնահատականի։ Այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պիտի քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչն անում ենք և կանենք։ Այս թեմայով մեր դիրքորոշումը հրապարակել եմ, ըստ այդմ ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար»:

Եվ որքան էլ ՀՀ իշխանությունները տարբեր հարթակներում հայտարարում էին, թե Ադրբեջանը պետք է վերադառնա մարտի 23-ի ելման դիրքեր, փաստ է՝ դա տեղի չունեցավ, և թեման, ըստ էության, արդեն մոռացվել է։ Այսինքն, Քարագլուխ բարձունքի կորստի հետ, կարելի է ասել՝ հայկական կողմը հաշտվել է:

Հավելենք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը լրագրողներին հայտնել էր, որ ռուսական կողմի առաջարկով հայկական և ադրբեջանական ստորաբաժանումները հանել են իրենց դիրքերն Արցախի Փառուխ գյուղից, որից հետո, սակայն, ադրբեջանցիները հետ են եկել և նորից դիրքավորվել։

«Երբ Խրամորթում խնդիրներ եղան, ռուսական կողմն առաջարկեց, որ այդտեղից և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը հանի դիրքերը, և ոչ մի խնդիր չի լինի: Եկել են այդ համաձայնության»,- շարունակել էր Բաբայանը:

Իր հերթին՝ Ադրբեջանի ՊՆ-ն իր քայլը հետևյալ կերպ էր բացատրում. տեղի է ունեցել դիրքերի և տեղակայման կետերի ճշգրտման գործընթաց՝ հղում տալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:

Իսկ թե ինչ երաշխիքների կամ հաշվարկների հիման վրա է Արցախի ԱԽ-ն նման որոշում կայացրել, արցախյան մեր աղբյուրները փոխանցեցին, որ խոսքը գաղտնի որոշման մասին է, ուստի դետալներ չեն կարող մանրամասնել:

Այս համատեքստում, թերևս, նշենք, որ մայիսի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ տարածեցին,  թե «ռուս խաղաղապահների աչքի առաջ Ղարաբաղում հայկական զինյալները խրամատավորվում են»:

Միգուցե այսպես ռուս խաղաղապահները փորձում են հավասարակշռություն պահել, կամ փոխհատուցել Քարագլխի կորուստը: Գուցե:

Տեսանյութեր

Լրահոս