«Պատգամավորին բացակայության համար մանդատից զրկելը, որքան հասկացա, կարգապահական պատասխանատվության ենթարկելու եղանակ է». Արա Ղազարյան

Ինչպես տարբեր կայքեր գրում են, այս օրերին մինչ ընդդիմությունը շարունակում է փողոցային պայքարը՝ իշխանությանը հեռացնելու պահանջով, ԱԺ իշխանական թևը՝ խորհրդարանի պատերի ներքո, քննարկում է ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատից զրկելու հարցը։

Ըստ հրապարակումների, 14 պատգամավոր հատել են բացակայությունների թույլատրելի սահմանը, այդ հիմքով էլ իշխանությունը քննարկում է նրանց մանդատից զրկելու հարցը։

Այսպիսով՝ 13 պատգամավորները ԱԺ «Հայաստան» դաշինքից են՝ Իշխան Սաղաթելյանը, Վահե Հակոբյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Ռուստամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, և  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

168.am-ի հետ զրույցում իրավաբան Արա Ղազարյանն ասաց, որ փողոցում պատգամավորների պայքարը հասարակական հիմունքով է՝ կապ չունի նրանց պատգամավորական կարգավիճակի հետ։

«Պատգամավորին բացակայության համար մանդատից զրկելը, որքան հասկացա, կարգապահական պատասխանատվության ենթարկելու եղանակ է։ Բայց դա որևէ կապ չունի նրանց հանրային գործունեության հետ, որովհետև չէ՞ որ նրանք հանրային գործունեությամբ չեն զբաղվում՝ որպես պատգամավոր։ Պետք է նայել ու տեսնել, թե դա ինչի հիման վրա է, պետք է նայել ԱԺ կանոնակարգ օրենքը։ Տարբեր երկրներում նման դեպքերում պատգամավորների նկատմամբ կան նման սանկցիաներ՝ լիազորությունների ժամանակավոր դադարեցում մի քանի ամսով, կամ նիստերին մասնակցելու իրավունքից զրկում, և այլն»,-նշեց Արա Ղազարյանը։

Ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածով սահմանված է, թե որ դեպքում կարող են դադարեցնել պատգամավորի լիազորությունները. Մասնավորապես, Մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով կարող են դիմել Սահմանադրական դատարան: Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաև կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

Ինչ վերաբերում է պատգամավոր Արմեն Չարչյանի բացակայություններին, որ վերը նշված պատգամավորներից ամենաշատն է բացակայել, քանի որ մի քանի ամիս գտնվել է անազատության մեջ, Արա Ղազարյանը պարզաբանեց՝ անազատության մեջ գտնվելու հանգամանքն Արմեն Չարյանը կարող է օգտագործել ի շահ իրեն։

«Իր կամքից անկախ է նա բացակայել, քանի որ գտնվել է անազատության մեջ»,- եզրափակեց Արա Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս