Պոլսո հայոց պատրիարքը թութակի պես կրկնում է Էրդողանի խոսքերը. Հարութ Սասունյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մայիսի 3-ին կայացած Ռուբինյան-Քըլըչ երրորդ հանդիպմանը զուգահեռ՝ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը ԱՄՆ, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում նշել էր, որ ԱՄՆ-ը լիովին աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և կարևորում Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերն այդ գործընթացում՝ բաց թողնելով հարցը՝ արդյոք Թուրքայի կողմից ցուցաբերվածը կառուցողականությո՞ւն է, թե՞ նախապայման։
Փոխարենը՝ թուրքական կողմից Հայաստանի հետ հարաբերություններ հատատելու նախապայմանների մասին բարձրաձայնել է Թուրքիայում Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը՝ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նշելով. «Թուրքիան Հայաստանի հետ փաթեթային լուծում է ցանկանում, ներառյալ՝ Արցախի հարցը»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Էրդողանի ծրագիրն ըստ էության փոխանցեց Պոլսո Հայոց պատրիարքը, այն, ինչը թուրքական կողմը բացահայտ և այսպես համապարփակ չէր ասում, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն ասաց.
«Երկար տարիներ հետևում եմ Պոլսո Հայոց պատրիարքի հիմար հայտարարություններին։ Պատրիարքը թութակի նման կրկնում է այն, ինչ Էրդողանն է ցանկանում, նա կրկնում է Էրդողանի խոսքերը։ Ապրիլի 24-ի օրն էլ, առանց ամաչելու, խորանի մոտ կանգնած քարոզ էր անում, որտեղ խոսեց Ցեղասպանության մասին և կրկնեց այն, ինչն ասել էր Էրդողանը, թե հայերը զոհ են գնացել Առաջին համաշխարհային պատերազմին, հետևապես՝ մենք կարիք չունենք Պոլսո Հայոց պատրիարքին լսելու, որովհետև թուրքական կառավարությունը բացահայտ ասում և ցույց է տալիս իր քաղաքականությունը. օրինակ՝ շարունակում է «Գորշ գայլերի» նշանը ցույց տալ, կամ Կարո Փայլանին ասում է՝ Թուրքիայից հեռացիր»։
Ըստ Հարութ Սասունյանի՝ ի հեճուկս թուրքական կողմի, ՀՀ իշխանությունից ու նրանց սատարողներից բացի, ողջ հայ ժողովուրդը՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի, պահանջատիրության հարցում ունի այլ դիրքորոշում և տեր է կանգնելու՝ ինչպես Արցախին, այնպես էլ՝ իր պահանջատիրությանը՝ շարունակելով պահանջել հատուցում Թուրքիայից։
Մանրամասները՝ տեսանյութում