Ինչպե՞ս հայերը հաստատվեցին Քաբուլում և հիմնեցին եկեղեցի. Րաֆֆու բացառիկ հոդվածը

Հայկական սփյուռքի, օտար ափերում հայ մարդկանց կատարած գործերի մասին բազմաթիվ տեղեկություններ կան։ Երբեմն բարդ է գտնել երկրներ, որտեղ հայկական սփյուռք կամ ազգությամբ հայեր չկան։ Հետաքրքրական է, որ աշխարհի տարբեր երկրներում հայերի մասին տեղեկություններ իմանում ենք տարբեր շրջաններում ապրած և ստեղծագործած հայ գրողներից և մտավորականներից։

Այդ ցանկում պետք է հիշատակել նաև հայ ականավոր վիպասան Րաֆֆու անունը։ Րաֆֆու հոդվածներում և հուշագրություններում մենք տարբեր երկրներում ապրած հայերի մասին հետաքրքրական տեղեկություններ հանդիպում ենք։ Մասնավորապես 1880 թվականին Րաֆֆին «Մշակ» թերթին է հանձնում իր «Հայերը Քաբուլի մեջ» հոդվածը։ Րաֆֆին նշում է, որ Անգլիայում հրատարակվող մի պարբերականում տպագրվում է մի հոդված, որի հեղինակը Հնդկաստանի Փեշավուր քաղաքում բնակվող ոմն Հյուզ ազգանունով մի պարոն է, ով աֆղանների համար հիմնել էր դպրոց, և Քաբուլ այցելության ժամանակ նա հանդիպում է հայերի և այդ մասին գրառում է կատարում։ Րաֆֆին իր հոդվածում հետաքրքրական հիշատակումներ է անում անգլիացի ճանապարհորդի հուշերից։

Հոդվածում նշվում է, որ Քաբուլում եղել է հայկական եկեղեցի, որը գտնվել է Բալահիսար ամրոցի մեջ։ Հենց այդտեղ է սպանվել Քաբուլում Անգլիայի դեսպանը։ Նշվում է, որ այդ եկեղեցում տարբեր ժամանակներում քարոզներ են կարդացել անգլիացի քարոզիչները։

«Քաբուլ տարվեցան հայերը Նադիր Շահի ձեռքով. որտեղի՞ց, պարոն հոդվածագիրը չէ հիշում, միայն ասում է, որ սկզբում նրանց թիվը հասնում էր 200 ընտանիքի, իսկ այժմ մնացել է 4 այր, 8 կին և 2 երեխաներ, ընդամենը` 14 հոգի։ Դրանք երկար տարիներ քահանա չեն ունեցել և մկրտվում էին անգլիական եկեղեցու ներկայացուցիչների ձեռքով, որոնք ժամանակ առ ժամանակ այնտեղ այցելություն էին գործում։ Երկու հոգի մկրտվեցան 1839 թվին, 3 հոգի` 1842-ին, իսկ շատերը դիմում էին Հնդկաստանի Փեշավուր քաղաքի միսիոներներից մկրտություն ընդունելու համար։

1842 թվին Քաբուլի մեջ հայոց եկեղեցուն այցելող մստեր Ալլեն անունով անգլիացի քարոզիչը նույնպես մկրտեց մի քանի հայերի, որոնցից մեկը` Սարգիս Խըդր-խան, դեռ կենդանի է։ Այդ այցելության մասին քարոզիչը հետևյալն է գրում»։ (Հատվածը վերցված է Րաֆֆի «Երկերի ժողովածու» գրքից, հատոր 11, էջ 317-318)։

Րաֆֆին ևս իր հոդվածի սկզբում կատարում է մեջբերումներ, ապա իր խոսքին ավելացնում նաև վերլուծական մաս։ Սակայն անգլիացի քարոզչի պատմությունը Րաֆֆին ներկայացնում է բոլոր մանրամասնություններով։ Մենք ևս ներքևում կներկայացնենք հուշագրություն-հոդվածը իր բոլոր հետաքրքիր մանրամասնություններով։

«1842 ամ. Օգոստոսի 1-ին Շեհրե գնացի։ Իմ բարեկամ մստեր Ֆիկոթից լսած էի, որ նա Քաբուլի մեջ հայազգի քրիստոնյաներ է գտել և 1839 թվին նրանցից երկուսին մկրտել է, ես էլ սկսեցի նրանց որոնել։ Շատերից հարցնելով, հայերին գտա Բալահիսար ամրոցում, դեպի Ճելալեբադի դուռը տանող մի նեղ փողոցի մեջ։ Նրանց տները գտնվում էին փողոցի հարավային կողմում։ Այս փողոցից դուրս գալով, անցա բազազխանայի մեջ, որի շուրջը խանութներ և մեջը հայերի արհեստի և  պարապմունքների վերաբերյալ գործիքներ ու պարագայք կային։ Այստեղից մի նեղ դռնով մտա եկեղեցու բակ։

Եկեղեցին փոքր-ինչ մութն էր, բայց հատակը խալիներով պատած և խիստ մաքուր պահած տեսա։ Եկեղեցու սեղանը գտնվում էր արևելյան կողմում, որ նայում էր դեպի արևմուտք, սեղանի վրա գտնվում էր հին պատկեր, որ Հիսուսի, Մարիամի և Հովսեփի նկարագիրն էր ներկայացնում։ Սեղանի վրա 6 աշտանակ, երկու խաչ և 2 Ավետարան կային։ Իսկ նրա հանդեպ կար մի գրքակալ, որի վրա դրած էր ժամագիրքը։ Մեզ եկեղեցին տանող հայերը պատմում էին, թե իրանց նախնիքը Քաբուլ բերված են եղել Նադիր-շահի ձեռքով, որոնց թիվը հասնում էր 200 ընտանիքի, իսկ այժմ մնացել է 14 ընտանիք միայն, որոնք հաշվում են 35 հոգի թե արական և թե իգական սեռից։ Այստեղի հայերի արհեստը Շիրազի գինի պատրաստել և արաղ քաշելն է։ Մեզ մոտ գտնվող հայերը հայտնում էին, թե ավղաններից խիստ հարստահարություններ և բռնաբարություններ են կրում»։ (Նույն տեղում` էջ 318):

Հոդվածի մեկ հատված կարդալով՝ տեսնում ենք, որ հաստատվելով Քաբուլում՝ հայ մարդիկ առաջին հերթին իրենց ազգային մշակույթն են բերել օտար իրականություն և բոլորի աչքում հայտնի էին հենց դրանով։ Հայկական եկեղեցին, սրբապատկերները, եկեղեցու ծիսական համակարգը, ինչպես նաև արհեստները արդեն իսկ փաստում են հայ մարդու ներկայությունն օտար միջավայրում։

Օտարազգիները ևս փաստում են հայ մարդու աշխատասիրությունն ու անգամ օտարության մեջ արարելու ցանկությունն ու կարողությունը։ Հաջորդ համարում կներկայացվի հոդվածի շարունակությունը, որը նոր մանրամասներով ցույց կտա հայկականության նկատմամբ հայ մարդու ամուր արմատների մասին։ Սակայն ցավալիորեն դա այդպես էր 1-2 դար առաջ, երբ իրավիճակն ավելի վատ էր, պատմական շրջանն ավելի բարդ, իսկ կրթության համար ստեղծված պայմաններ գրեթե չկային։ Հենց այդ արժեքներն են հայ մարդուն պահպանում արդեն մի քանի հազարամյակ։

Շարունակելի…

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս