«Գերագույն կապիտուլյանտը վախեցած է». Դավիթ Ջամալյան
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ կառավարական շարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելը և անօգնական թողնելը «այլասերված նիկոլական բարքերի ողբերգական, բայց կանխատեսելի հետևանքներից մեկն է»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ նման ձևով այդ շարասյունը արդեն երկար ժամանակ է երթևեկում Հայաստանում. «Դուք կհիշե՞ք, որ մոտ մեկ տարի առաջ Սյունիքում մեր պայքարի ակտիվ գործիչներից մեկի մեքենայի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է շարասյան միջից այդ պահպանության մեքենաներից մեկը դուրս գալիս հանդիպակաց երթուղի, և ուղղակի հրաշքով այդ ակտիվիստը կարողանում է փախցնել մեքենան և վթարի չենթարկվել: Ես երեկոները մի քանի անգամ հանդիպել եմ, թե սորոսական պարեկային ծառայությունը ինչ արագությամբ է գնում: Անպատժելիության մթնոլորտ է: Այս մարդը ոստիկանության որոշ աշխատակիցների մոտ սպանել է մարդկայինը, մենք հիմա էլ ենք տեսնում ոստիկանների, որոնց մեջ մարդկային ոչինչ չկա. Ոչ միայն հայկական ոչինչ չկա, մարդկային էլ ոչինչ չկա: Հիմա այդ անպատժելիության մթնոլորտն է պատճառը, որ նման այլանդակ կերպով իրենք շարժվում են քաղաքով»:
Նա դիմեց այն ոստիկաններին, որոնք «ինքնամոռաց, հերթական պարգևավճարի ակնկալիքով՝ հատուկ ընդգծված դաժանությամբ ուզում են ցրել» պայքարի դուրս եկած քաղաքացիներին. «Ձեզ այսպես զոհելու է, ինչպես զոհեց այդ շարասյան՝ իրեն հավատարիմ ծառայող ոստիկանին: Այս ամենի պատճառը մեկն է՝ գերագույն կապիտուլյանտը վախեցած է, շատ վաղուց օտարված է իրեն իշխանության բերած ժողովրդից, անդունդ ու անջրպետ կա, որն օրեցօր ավելի մեծանում է, և հերթական անգամ, երբ սարսափած ճողոպրել է, սպանել են հղի կնոջ: Սա հատկանշական է, որ դուրս էլ չեն եկել օգնելու: Լավ, պահպանության հետ կապված կանոններ կան, ինքը կարող էր և դուրս չգալ, բայց որևէ մեկը չէ՞ր կարող դուրս գալ այդ շարասյան միջից: Իր անվտանգությունը հիմա մեզ շատ պետք է, ինքը պետք է պատասխան տա: Չգիտեմ՝ ով է շահագրգռված, որ իր հետ կապված փորձանքներ լինեն, բայց այս ոտքի ելած արժանապատիվ քաղաքացիները դրանում շահագրգռված չեն, ինքը ողջ-առողջ պետք է պատասխան տա ամեն ինչի համար, նաև այս սարսափելի ողբերգության համար»:
Դավիթ Ջամալյանը վստահ է, որ այս անգամ փողոցային պայքարը հաջողելու է:
«Փաշինյանը բարոյական տաբուներ չունի, Դարվինը կենդանի լիներ՝ գուցե որպես նոր գիտական աշխատանքի օբյեկտ՝ ուսումնասիրեր սրան: Սա չունի բարոյական որևէ տաբու, իր շուրջը հավաքվածներն էլ չունեն, իր պահպանությամբ զբաղվողներն էլ չունեն: Սա շատ խորը հաշվարկված անգլոսաքսոնական տեխնոլոգիա է, երբ դու քեզ շրջապատում ես մարդկանցով, ում հետո հանցակից ես դարձնում ու հետո ատելություն ես սերմանում այլոց նկատմամբ: Բայց այդ զանգվածի թիվը փոքր է, իրենք կարողանում են ինչ-որ քայլերի դիմել, երբ ակցիաներին քիչ մարդ է մասնակցում: Կոմիտաս փողոցի երթը շատ խորհրդանշական էր. երբ անգամ մի քանի հազար պայքարելու պատրաստ մարդու ներկայությունը թույլ չտվեց այդ ոստիկան կոչեցյալներին իրենց սև գործն առաջ տանել: Փաշինյանն ամենայն հավանակությամբ արդեն մտածում է ինչ-որ երաշխիքների մասին, ինքը որքան էլ վախկոտ լինի ու բարոյական տաբուներ չունենա, պետք է հասկանա, որ ուժի կիրառումը իր դեմ է աշխատելու, անկանխատեսելի է դարձնելու զարգացումները»,- ասաց նա:
Դավիթ Ջամալյանի գնահատմամբ՝ մարդու ինտելեկտը պետք է մթագնած լինի, որ հավատա Փաշինյանի հայտարարություններին. «Այս մարդը ստի, կեղծիքի վիրտուոզ է, այս մարդը երևի Աստծուն խաբելով էր ծնվել, երևի Աստված չէր նախատեսել, որ պետք է ծնվի, նա Աստծուն էլ է կարողացել խաբել, որ ծնվել է ու դարձել է պատուհաս մեր գլխին: Հիմա ո՞նց կարելի է այս մարդուն հավատալ: Տարբեր հայտարարություններով փորձում են բթացնել, բայց նրանք աշխատում են միայն իրենց կուրորեն հավատացողների վրա»:
Նա կոչ արեց ժողովրդին՝ լինել ակտիվ, մասնակցել պայքարին. «Կանգնեք՝ ում կողքն ուզում եք: Շատ անհատներ կան, որ էլի իրենց դեմքով դուրս են եկել պայքարի, գնացեք նրանց կողքին կանգնենք, գնացեք մենակ կանգնեք հրապարակում՝ ձեր խոսքն ասեք: Բայց տեսնելով ոգևորությունը, օր օրի ավելի մասսայական դառնալը պայքարի, ես այն հույսն ունեմ, որ շատ շուտով ունենալու ենք իշխանափոխություն և լծվելու ենք պետությունը վերականգնելու բարդ գործին»:
Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից հիմա պատերազմ սկսելու խոսակցությունները «նիկոլական նենգ թեզեր» են. «Այդ 30 կետանոց հայտարարությունը ՌԴ-ի հետ ստորագրվեց, որպեսզի պատերազմ չլինի, ինքը դա ճարահատյալ ստորագրեց, ուղղակի ՌԴ-ն դրեց նրա դիմաց, նա էլ ստորագրեց: Պատերազմը ձեռնտու չէ ՌԴ-ին և Իրանին, հետևաբար, տեսնելով ներկայիս վայրիվերումները՝ ռուսական կողմն ուղղակի կանխարգելիչ քայլերի դիմեց, ստեղծեց այն իրավական հիմքը, որ եթե հանկարծ անգլոսաքսոնական ուժերի ուղղորդմամբ Ալիևը գնա արկածախնդրության, իրենք օպերատիվ միջամտելու իրավաքաղաքական հիմք ունենան: Այնպես որ, մեծ պատերազմ չի լինի, բայց միանգամայն տրամաբանական է, որ երկու հարազատներ իրար հետ կապ հաստատեն, Ալիևը ձեռք մեկնի իր օղլուին և այստեղ իրավիճակը բեկելու համար՝ սահմաններին լարվածություն առաջացնի: Որքան հասկանում եմ՝ Ներքին Հանդի հատվածում իրենք փորձում են ինչ-որ բան անել, բայց այդ տեղային բնույթի լարվածությունները, ընդհակառակը՝ մեր հանրությանն էլ ավելի կմոբիլիզացնեն՝ հաղթանակն ավելի շուտ ձեռք բերելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում