
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է՝ որն է ՌԴ-ի նպատակը մինչ մայիսի 9-ը

Ռուսաստանը փորձում է մինչև մայիսի 9-ն ամբողջությամբ գրավել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքները, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Ալեքսանդր Մոտուզյանիկը։
Նա Ռուսաստանի Դաշնության ծրագրերի մասին խոսել է ՌԲԿ Ուկրաինային տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ ապրիլի 20-ին։
«Այժմ նրանց նպատակը միանգամայն պարզ է՝ դուրս մղել ուկրաինական ուժերը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վարչական սահմաններից և պահպանել «ցամաքային միջանցքը» դեպի ժամանակավոր օկուպացված Ղրիմ: Հենց այս «հաղթանակն» է, որ իրենց կառավարությունը կփորձի «վաճառել» իր հասարակությանը»,- ասել է խոսնակը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ապագայում Ռուսաստանի Դաշնությունը կփորձի զարգացնել հարձակումն այլ տարածքներում, մասնավորապես՝ Խերսոնում՝ հնարավորինս շատ տարածքներ գրավելու համար։
«Հիմա հակառակորդը պատրաստվում է դրան՝ ուժեր հավաքելով և ոտք դնելով այն տարածքներում, որոնք նա արդեն գրավել է: Բայց դա կախված կլինի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ռազմական գործողությունների արդյունքներից»,- հավելել է Մոտուզյանիկը։