«Նիկոլն իրավունք չունի խոսելու Արցախի անունից. ով մտածում է, որ Արցախը չի լինելու, գլուխը պատովն է տալիս». արցախցի ազատամարտիկ
Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանի հետ մեր ծանոթությունը տեղի ունեցավ Ստեփանակերտում։
Հյուրանոցից դուրս գալուց հետո, երբ օպերատորի հետ քայլում էինք դեպի Վերածննդի հրապարակ, երկու տղամարդ մեզ տեսնելով, հավանաբար արդեն հասկանալով, որ Արցախից չենք, կատակեցին՝ ասելով, թե՝ «բա մի եկեք, մեզ հարցեր տվեք, ասելիք շատ ունենք Երևանում նստած էդ ձեր իշխանությանը»։
Երբ մոտեցանք և ասացինք, որ տեսախցիկը միացնենք, որպեսզի իրենց ասելիքը փոխանցեն, հրաժարվեցին՝ նշելով, թե տեսախցիկի առաջ չեն խոսի։
Նրանցից մեկը պատմեց, որ զինվորական է, մայորի կոչումով, և արդեն մեկ ամիս է՝ թոշակի է անցել. «Բայց մենք մի ընկեր ունենք, ինքը բոլոր պատերազմներին մասնակցել է, տեսախցիկից էլ չի «վախենում», հիմա զանգեմ՝ գա, բոլորիս անունից կխոսի»։
Ընկերոջ զանգից մի քանի րոպե անց եկավ Մարտին Եսայանը՝ զինվորական համազգեստով, ինչպես հետո պարզեցինք, այդ համազգեստը նրա ամենօրյա հագուստն է, որովհետև նրա առօրյան չի սկսվում ու ավարտվում Ստեփանակերտում, նա լինում է դիրքերում, սարերում, որտեղ տվյալ պահին նրա կարիքը զգացվում է։ Հետևաբար՝ նա միշտ կազմ ու պատրաստ է։
Արցախի երեք պատերազմների, հայության պայքարի, ներկայիս անելիքների ու Արցախի ճակատագրի վերաբերյալ էլ ծավալվեց մեր զրույցը Մարտին Եսայանի հետ։
Առաջին հարցը, որն ուղղեցինք Մարտին Եսայանին, 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած պարտության մասին էր։ Ի վերջո, ինչո՞ւ հայկական կողմը պարտվեց։
«Մինչև մեր հարցազրույցին անցնելը, խոնարհվում եմ մեր բոլոր հերոսների առջև, որովհետև նրանց շնորհիվ փրկվեց այդ հողակտորը։ Ինչ վերաբերում է մարտի դաշտին, ասեմ՝ չպետք է մենք մեր գլուխը կախենք, որ այսպես է ստացվել, բայց հայ ժողովուրդը պետք է իրականությունն իմանան, թե ինչի դեմ ենք մենք պայքարել։
Ո՞վ չգիտի, որ 10-ից ավելի երկրներ օգնել են Ադրբեջանին, նա միայնակ չէր կարող գնալ այս քայլին, ապրիլյան պատերազմին նրան ոչինչ չհաջողվեց, ու նա գնաց այդ քայլին։ Ո՞վ չգիտի, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է, կար Պակիստան, Իսրայել, բոլոր այդ երկրները, բոլորն օգնել են Ադրբեջանին, ու դա հասել է դրան, իսկ ներսի թշնամին տարավ դրան։ Ուղղակի այսօրվա ՀՀ իշխանությունը մի քաղաքականություն է որդեգրել, որով մեր հերոսների՝ Մոնթեի, Լեոնիդի բոլոր գաղափարները մտցրեց գետինը։ Ինչպե՞ս կարելի էր նման ճանապարհ ընտրել։ Այսինքն՝ այսօրվա իշխանությունը, չեմ ուզում իր անունը տամ, իր ամբողջ թիմով, պետակաշինությունից որևէ գաղափար չունեն։ Այդ հերոսների շնորհիվ է, որ մենք այս ամենը պահել էինք։ Մենք մոռացե՞լ ենք, թե մեր որդիները որտեղ էին ծառայում, հիմա մեր զավակները սարերում են, տեսեք՝ ո՞ւր է հասել թշնամին։
Որպես ռազմական փորձագետ՝ ասեմ, որ՝ այո՛, թշնամին մեծ կորուստներ ուներ, միայն Քարվաճառի շրջանից՝ Ակնայի ուղղությամբ հազարավոր կորուստներ է ունեցել։ Իրենք էլ են ջախջախվել, այնպես չէ, որ չեն ջախջախվել։ Մենք մեր գլուխները պետք է բարձրացնենք, մեր մեջքն ուղղենք ու կանգնենք իրար կողքի և ընդունենք մեկ բան, որ Արցախը կա ու պիտի լինի։
Եթե կա մարդ, որը մինչև այսօր ձեռքը չի տարել ու զենք չի բռնել, պիտի բոլորս զենք բռնենք ու կանգնենք մեր բանակի կողքին»,- նշեց Մ. Եսայանը։
Նրա խոսքով՝ չգիտես՝ ինչու, ժողովրդի մոտ ստեղծվել է մի գաղափար, ոչ նորմալ պայքարի մի տեսլական, որի հետևանքով էլ համախմբում տեղի չունեցավ։
«1988 թվականին հզոր մոտեցում կար, երբ մենք ինքնաշեն զենքերով անում էինք ամեն ինչ, որպեսզի ստեղծվի հաղթանակի գաղափարը, և դա կատարվեց։ Ինչ վերաբերում է այս պատերազմին՝ ասեմ՝ հարգելի հայրենակիցներ, հայ ժողովուրդ, մենք իսկապես պայքարել ենք, բայց մինչև ներսի թշնամին չոչնչացվի, մենք լիարժեք արդյունքների չենք հասնելու։
Տեսեք, թե այսօր Հայաստանի ղեկավարներն ինչ արտահայտություններ են անում, հարց են տալիս՝ Արցախը մեզ պե՞տք է, կոնկրետ չեն ուզում պատասխանել։ Բայց կրկնում եմ՝ մենք հանդուգն քայլի տեր մարդիկ ենք, դա մեր մեջ կա, մենք պայքարելու ենք։ Ով մտածում է, որ Արցախը չի լինելու՝ գլուխը պատովն է տալիս, Արցախը կա ու կմնա, դրոշը կա ու կմնա։ Բա դրոշի համար ենք մենք այդքան պայքարել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա արցախցիների անունից հայտարարեց, որ իմքայլականներից որևէ մեկն իրավունք չունի Արցախ մտնելու։
«Մարդ, որն իր կնոջ տեղը չգիտի, երկրի տեղը գիտի՞։ Անընդհատ ասում է՝ նախկիներ հա նախկիներ, բա այդ հերոսները զենքերը ձեռքին եղել են խրամատում, կռվել են, մարտնչել են մեր կողքին, անմիջապես մեզ հետ, նրանք իրավունք չունե՞ն ուտելու՝ ունեն, անխոցելի են պահել երկիրը։ Իր թիմում կա՞ մեկը, որը զենքը ձեռքին կռվել է։ Խոսքս ուղղում եմ հայ ժողովրդին, խելքի եկեք, գլուխներդ բարձրացրեք, ձեր բոլորի զավակները վտանգված են, այս իշխանության ներքո վտանգված են։
Մի դիրքում մնացել էինք 7 հոգի, մեկ հոգին վիրավոր էր, 6 հոգով 200-ից ավելի թշնամուն սատկացրել ենք, այդ ինչպե՞ս է եղել, նույն տղաները չե՞նք։ Հիմա Արցախում ապրելն արդեն պայքար է, բա այդ դուխով տղան ինչո՞ւ մեկ անգամ Արցախ չայցելեց։ Ազգի դեմ պատասխան է տալու, դրա ժամանակը գալու է։ Լավ, ինքը կարող է փախչել, փրկել իր ընտանիքը, բա իր ամբողջ թի՞մը։
Կամ՝ Քոչարյան Անդրանիկը գիտի՞՝ ինչ է խոսում, այդ ինչպե՞ս են արտահայտվում։ Մտածում են, որ Արցախը հանձնեցին, խնդիրները լուծեցի՞ն, ո՛չ, կգան-կհասնեն ձեր տան բակ։ Պետք է ստեղծել մեկ ուղի, մեկ գաղափար, մարդկանց բերել շրջանագծի մեջ ու ասել՝ սա է մեր Նժդեհի, Անդրանիկ, Չաուշի գաղափարը։
ՀՀ իշխանություն, դուք պատասխան եք տալու՝ այս հազարավոր տղաների ու չքնաղ երկիրը քանդելու համար, Նիկոլն իրավունք չունի խոսել Արցախի անունից, պետք է պայքարենք ու երես չթեքենք մեր գաղափարներից ու մեծերի տված խորհուրդներից»,- եզրափակեց Մարտին Եսայանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում