«Հայաստանում պետք է սկսվի շարժում, նպատակը՝ հեռացնել դավաճան իշխանություններին». Դավիթ Շահնազարյան
«Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ոչ թե հայտարարել են, որ պատրաստվում են Արցախը հանձնել, այլ արձանագրել են, որ իրենք դա կատարել են»,- Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
Նա հիշեցրեց դեռ 2018 թվականին արած իր հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել բացառապես Արցախը հանձնելու նպատակով։ Իսկ հիմա եկել է այն պահը, որ Փաշինյանն արագացված գործընթացներով այդ հանձնումն իր գործընկեր Ալիևի հետ ամրագրի փաստաթղթով․
«Եթե ուշադրություն դարձրել եք, թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը մի քանի անգամ հայտարարել են, որ պետք է շատ արագ ավարտեն այս գործընթացը։ Եկեք պատկերացնենք, թե ի՞նչ տեղի կունենա դրանից հետո։
Ինքնըստինքյան այս բանակցային գործընթացը գոյաբանական վտանգ է Արցախի Հանրապետության և արցախցիների՝ իրենց հողում ապրելու իրավունքի համար, ինչը, իհարկե, ամրագրված է Արցախ Հանրապետության Ազգային ժողովի երեկվա պատմական հայտարարության մեջ։
Ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո (որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են շատ շտապ, արագացված ընթացակարգով ավարտել) անմիջապես Ադրբեջանի ղեկավարությունը բարձրացնելու է ռուս խաղաղապահների՝ Արցախից հեռացնելու հարցը՝ շատ պարզ պատճառաբանությամբ, որ՝ մենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ունենք․․․
Միջազգային որոշ ուժեր անմիջապես կպաշտպանեն այդ դիրքորոշումը։ Իհարկե, չեմ կարծում, որ Ռուսաստանը դուրս գա, բայց ռուս խաղաղապահների գործողություններն այստեղ՝ Արցախում, շատ ավելի կաշկանդված կլինեն, քան այն կաշկանդվածությունը, որ մենք տեսանք վերջին օրերին Փառուխում, Քարագլխում․․․ Դրանից հետո Արցախի պետականության համար թուլանալու է միակ անվտանգության երաշխիքը, որը ռուս խաղաղապահներն են»։
Կրկին անդրադառնալով Արցախի Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունված հայտարարությանը, որով Արցախցի պատգամավորներն անընդունելի են համարում Արցախի համար որևէ այլ կարգավիճակ, բացի ինքնորոշումից, Դավիթ Շահնազարյանն ընդգծեց՝ այդ հայտարարությունն ամրագրեց, որ հայ-ադրբեջանական այս բանակցային գործընթացն ինքնին տապալման սպառնալիք է թե՛ Արցախի պետականության, թե՛ արցախցու՝ իր հողում ապրելու համար․
«Այս իրավիճակում այլ ելք չկա, քան օր առաջ քաղաքական բոլոր մեթոդներով Հայաստանի դավաճան իշխանությանը պաշտոնազրկելու և հեռացնելու համար, և թող չփորձեն Ալիևի և Էրդողանի շահերը ապասարկող, նրանց ծառա հանդիսացող ՀՀ իշխանությունները սա ներկայացնել՝ որպես արցախցու հարց։ Սա համահայկական հարց է։ Այս հայտարարությամբ Արցախի Ազգային ժողովը պաշտպանեց ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն ու համայն հայությունը․․․
Հայաստանում պետք է սկսվի շարժում, որի նպատակն է՝ դառնալ համահայկական, հեռացնել դավաճան իշխանություններին և ստեղծել ազգային իշխանություն․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում