Եթե տեսնում են՝ գործով անցնում է նախորդ իշխանությունների կարկառուն ներկայացուցիչ, նայում են ոչ թե գործի բովանդակությանը, այլ գործի անունին. Փաստաբան

Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս տեղեկացրեց՝ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախկին գլխավոր դատախազը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների կատարման համար։

Նույն հաղորդագրության համաձայն, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ինչպես ասում են՝ գնդակը դատախազության դաշտում է:

Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը 168.amի հետ զրույցում արձանագրում է՝ նախաքննության մարմնից բազմակողմանի և օբյեկտիվ քննություն սպասելն անիմաստ էր:

«Ինչպես նշում էինք ամենասկզբում՝ վարույթն իրականացնող մարմինը ձեռք էր բերում բացառապես մեղադրական բնույթի ապացույցներ, իրականացվում էր միակողմանի և ուղղորդված քննություն»,- նշեց փաստաբանը:

Մեղադրանքը որակելով ապօրինի և շինծու՝ նա հատկապես շեշտեց խարդախության մեղադրանքի դրվագը՝ նկատելով, որ նույնիսկ նախաքննական մարմնի ձեռք բերած փաստական տվյալներն էին վկայում, որ խարդախության մասին խոսք լինել չի կարող:

Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանին ՀՔԾ-ն նախ մեղադրանք էր առաջադրել խարդախության, ապա վատնման դրդչության հոդվածով։

«Ութ ամիս անց պարզվեց, որ մենք ճիշտ էինք: Իրենք էլ խարդախության հոդվածը փոխեցին. այժմ ասում են՝ խարդախություն չէ, բայց վատնման դրդչություն է: Մենք ասում ենք՝ այստեղ նույնիսկ վատնման դրդչություն չկա»,- պարզաբանեց Էրիկ Ալեքսանյանը՝ նկատելով, որ հոդվածի փոփոխության նպատակը միտված է ութամսյա ապօրինի գործողություններն արդարացնելուն:

Փաստաբանը հավելեց, որ այս պահին չի ցանկանում փակագծերը բացել, սակայն վստահեցրեց՝ դատարանում կապացուցեն, որ այդ հոդվածը ևս մտացածին է: Ըստ նրա, առհասարակ, առկա փաստական հանգամանքների, ձեռք բերված տվյալների համատեքստում՝ քրեական հետապնդումը շարունակելու որևէ հիմք չկա և, նախաքննության փուլում անգամ այս գործը չպետք է շարունակվեր:

«Այդ ցուցմունքները պետք է հավատ ներշնչեն, պետք է այլ գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվեն: Այսինքն՝ զուտ ձևական այս կամ այն ապացույցի գոյությունը գործում դեռ չի նշանակում, որ գործն ամուր է:

Մենք ասում էինք՝ այդ ապացույցները պատշաճ գնահատեք, որովհետև այն ցուցմունքները, որոնք ձեռք եք բերել, բացառապես գործի ելքով շահագրգռված անձանց կողմից են: Սակայն, քանի որ այս քրեական գործի անունը «Աղվան Հովսեփյան» է (իսկ մեր այսօրվա քաղաքական իշխանությունները, եթե տեսնում են` որևէ քրեական գործով անցնում է նախորդ իշխանությունների կարկառուն ներկայացուցիչ, բնականաբար, նայում են ոչ թե գործի բովանդակությանը, այլ գործի անունին), դրա համար մեզ համար զարմանալի չէ, որ այս գործը նման ընթացք ունեցավ»,- եզրափակեց Էրիկ Ալեքսանյանը:

Ի դեպ, նախկին Գլխավոր դատախազի պաշտպանը տեղեկացրեց նաև՝ Աղվան Հովսեփյանը մարտական է տրամադրված և դատական փուլում փաստաբանների հետ միասին պատրաստվում է գործի շինծու լինելը ցույց տալ:

Տեսանյութեր

Լրահոս