Նախկինների բանակցային խաղաթղթերի և Փաշինյանի կորցրած շանսերի մասին. Բրյուսելում Գորիս-Նախիջևան ճանապարհի հարցը քննարկվե՞լ է

168.am-ը դեռ փետրվարին գրել էր, որ Ադրբեջանը 2022 թվականի հուլիսին կավարտի Բերձորը շրջանցող այլընտրանքային ճանապարհի շինարարությունը, և, որ այն անցնելու է Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի տարածքով: Սրա արդյունքում Բերձոր քաղաքն անցնելու է Ադրբեջանի վերահսկողությանը, և ոչ միայն՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, Փաշինյանի՝ չգաղտնազերծված բանավոր պայմանավորվածությունները:

Մեր տեղեկություններով, հայկական կողմը՝ Արցախը, պիտի կառուցի նոր ճանապարհի Ստեփանակերտ-Հին Շեն հատվածը, սակայն շինարարությունը դեռ սկսված չէ. ռուսնե՞րը չեն թողնում, թե՞ այլ պատճառներ կան, ժամանակը ցույց կտա: Մեզ հասած տեղեկությունները տարբեր են:

Փաստն այն է, որ Ադրբեջանը, որին, ըստ էության, բաժին է ընկել Հին Շենից դեպի Կոռնիձորի հատված, արդեն մաքսակետեր է դնում նոր ճանապարհի սկզբնամասերում:

Այս համատեքստում ադրբեջանական լրատվամիջոցները նորից սկսել են խոսել Գորիս-Նախիջևան ճանապարհի մասին՝ ակնարկելով, որ այն քննարկման առարկա է եղել նաև Բրյուսելում՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանը:

Հիշեցնենք, որ դեռ անցած տարի ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Գորիս-Կապան ճանապարհի դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան:

«ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհն օգտագործում էին, օրինակ, Գորիսից Կապան գնալու համար, և այդ ճանապարհի օգտագործումն Ադրբեջանի կողմից, այսպես ասած` շահարկվում էր, որ իրենք էլ ցանկանում են նույն տրամաբանությամբ ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան, որը նաև միջանցքի տրամաբանություն ունի»,- շեշտել էր նա:

Թե ինչ եղավ Գորիս-Կապան ճանապարհի հետ՝ Վաղարշակ Հարությունյանի ձեռամբ, մենք շատ լավ հիշում ենք:

Ավելի ուշ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում առավել բաց էր խոսել և նշել, թե ադրբեջանցիները որ ճանապարհով կարող են ՀՀ տարածքով հասնել Նախիջևան։

«Եթե հստակ է, որ միայն Նախիջևան են ուզում գնալ, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինի Խնձորեսկից Բիչենեկկ (Բջնակ, քաղաք Նախիջևանում,- խմբ.), ադրբեջանցիները կարող են օգտագործել։ Մենք էլ նույնպես Խնձորեսկից դուրս գանք, շարժվենք դեպի Հորադիզ, Հորադիզից՝ դեպի որ կողմ ցանկանանք»,- մանրամասնել էր Գրիգորյանը։

2000-2001թթ., երբ բանակցում էին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը (Քի Վեսթ), և երբ քննարկման նյութ էր նորից դարձել Լաչինի միջանցքի հարցը, Երևանը պահանջել էր, որ Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Ալիևն իր հերթին՝ պահանջել էր, որ իրենց միջանցք տրամադրվի, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ և ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը։ Բացի այդ, Ալիևը պահանջել էր, որ Ադրբեջանը միջանցք ստանա դեպի Շուշի, որտեղ պետք է վերադառնային ադրբեջանցի փախստականները:

Aniarc.am-ի փոխանցմամբ, 2001-ի հուլիսին այդ ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երևանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի և հայ պաշտոնյաների հետ զրույցում նշել է, որ կենտրոնանալու են 3 հիմնական հարցերի վրա․

1. Ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի,

2. Ադրբեջանի կապը Շուշիի հետ,

3. Ադրբեջանի ելքը Նախիջևան՝ Մեղրիով։

Aniarc.am-ի տեղեկացմամբ, նախքան Քի Վեսթը՝ 2001-ի ապրիլի 3-6-ը, զրույց է տեղի ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի և հայ բարձրաստիճան պաշտոնյաների միջև, որի ընթացքում տեղեկացվել է՝ քննարկման առարկա է 4 հիմնական սկզբունք.

1. Արցախի կարգավիճակ,

2. Հայաստանի կապը Արցախի հետ,

3. Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ,

4. Ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը Շուշի:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ Հայաստանը 20 կմ լայնքով միջանցք է պահանջել Արցախի հետ անխոչընդոտ կապ ապահովելու նպատակով, ինչը պայմանավորված է ոչ թե Ադրբեջանից տարածքներ վերցնելու մղումով (քանի որ դրանք փոխհատուցվելու են նախկին ԼՂԻՄ սահմանային շրջաններից), այլ անվտանգության նկատառումներով:

Ադրբեջանն էլ պահանջել է, որ Նախիջևանի հետ իր կապը որոշվի ասիմետրիայի սկզբունքով, ինչն անընդունելի է եղել Հայաստանի համար:

2016-ին baltnews.com-ի հետ զրույցում Ռուսաստանի արտաքին հետախուզության նախկին պետ, Ռուսաստանի արտգործնախարարի նախկին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը ասել է, որ Միջազգային արժութային հիմնադրամի ֆինանսավորմամբ պետք է ապահովվեր միջանցք՝ Ադրբեջանից դեպի հարավ, և Հայաստանից դեպի Ստեփանակերտ:

«Բայց Հեյդար Ալիևը… նա սկզբում ոչ մեկի հետ չէր կիսվում (այս գաղափարով,- Մ.Պ.), բայց երբ իր մտերիմ գործընկերներին պատմել է սրա մասին, նրանք հակադարձել են. «Ինչպես ենք պատրաստվում տալ մեր տարածքներից կտորներ»»:

Ավելի ուշ՝ մոտ մեկ տարի հետո, Տրուբնիկովը այս միտքը կրկնել է նաև haqqin.az-ի հետ հարցազրույցում:

«2000-ականների սկզբի կողմերը, ամեն դեպքում, մոտեցել էին հակամարտության լուծմանը: Նախագահներ Հեյդար Ալիևը և Ռոբերտ Քոչարյանը անգամ համաձայնեցրել էին խաղաղության պայմանագրի կետերը: Մենք էլ մեր կողմից գտել էինք բանաձևը՝ Լաչինի միջանցքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ կապի, իսկ Մեղրիի միջանցքը՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապի ապահովման համար: Իսկ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ՝ Միջազգային արժութային հիմնադրամը պատրաստ էր ֆինանսավորել կոնֆլիկտի այդ տեսակ կարգավորումը: Երկու կողմերն էլ համաձայն էին Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին»,- նշել էր Տրուբնիկովը:

Նույն հարցազրույցում նա նաև շեշտել է, որ հայկական կողմը միշտ պնդել է՝ հենց այնպես չի պատրաստվում տարածքներ վերադարձնել: Խոսքը 7 շրջանների մասին է:

«Հայերը միշտ կտրուկ կամ համառորեն առաջ են տարել և պաշտպանել այս գաղափարը, իսկ Ադրբեջանը երբեք չի համաձայնել Լեռնային Ղարաբաղի ինքնուրույն կարգավիճակի հետ»,- շարունակել է Ռուսաստանի արտգործնախարարի նախկին տեղակալը:

Ի դեպ, Ռուսաստանի կողմից ՀՀ-ի վրա ճնշումների հետ կապված ադրբեջանական լրագրողի հարցին ի պատասխան՝ Տրուբնիկովը նշել է.

«Հայկական կողմը հիմա շատ ավելի մեծ առավելություններ ունի, քան Ադրբեջանը: Նրա «ձեռքին» են «օկուպացված տարածքները», Լեռնային Ղարաբաղը: Կարծում եք, որ ունենալով այսքան առավելություններ, նա հեշտությամբ կհամաձայնի այդ խնդրի լուծմա՞նը: Հայաստանը փորձելու է մաքսիմալ օգտագործել իր հաղթաթղթերը բանակցային գործընթացում: Իսկ եթե ճնշում գործադրվի, ապա դա հակառակ էֆեկտն է ունենալու: Ուստի կողմերին համբերատար կերպով պետք է մղել խնդրի խաղաղ կարգավորմանը»:

Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» հայկական կողմի առավելություններն անցան Ադրբեջանին, ավելին, այսօր դե ֆակտո առանց Հայաստանի է որոշվում ամեն ինչ:

Եվ չի բացառվում, որ Ադրբեջանն ինքը թույլ չտա հայկական կողմին՝ Արցախին, կառուցել այլընտրանքային ճանապարհի՝ իրեն հասանելիք հատվածը՝ նշելով, թե «իր սուվերեն տարածքում հայկական կողմը անելիք չունի», և ռուսների հետ ինչ-ինչ բաներ պայմանավորվի, այդ թվում՝ Գորիս-Նախիջևան ճանապարհի հետ կապված:

Տեսանյութեր

Լրահոս