Ռուսաստանը պատրաստ է նպաստել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համար պայմանների ստեղծմանը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու հարցում:
Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:
Լավրովը հայտնեց, որ Հայաստանի գործընկերոջ հետ մանրամասն խոսել են Հարավային Կովկասի իրավիճակի մասին, ընդգծել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ 2020-ի նոյեմբերի 9-ի , 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների խստորեն պահպանման, նաև ռուսական խաղաղապահ առաքելության կողմից իր մանդատի հստակ կատարման կարևորությունը:
«Քննարկել ենք հարցեր, որոնք քննարկվել են մեր ղեկավարների մակարդակով, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի հարցով և հետագա քայլերը՝ ամրապնդելու վստահությունը, կայունությունը սահմանային գոտում»,-ասաց Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ ամենամոտ ժամանակում այդ հանձնաժողովը կստեղծվի: Ռուսական կողմը այդ ճանապարհին խոչընդոտ չի տեսնում: Լավրովը շեշտեց՝ անշուշտ պետք է շարունակել աշխատանքը՝ հումանիտար խնդիրների լուծման հարցով:
Տրանսպորտային և տնտեսական կապերն ապաշրջափակելու հարցով աշխատանքային խումբը հերթական հանդիպումը կանցկացնի այս ամիս:
«Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Երևանի և Բաքվի միջև այժմ ծավալվող աշխատանքին`Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմանների ստեղծման հարցում»,-ասաց Լավրովը:
Նա հավելեց՝ առարկայական խոսել են, թե ինչպես կարող են օգնել բարեկամներին այդ գործընթացը սկսելու համար:
«Մենք ողջունում ենք Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դա պետք է նպաստի ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը»,-ասաց ՌԴ ԱԳ նախարարը:
Ըստ Լավրովի՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը խոսել են նաև 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի մասին, որը ներառում է անդրկովկասյան 3 երկրները, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Նրա խոսքով՝ ընդհանուր կարծիք ունեն, որ այս հարթակը լրացուցիչ հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։
«Մենք հաստատեցինք մեր շահագրգռվածությունը, որ մեր վրացի գործընկերները միանան հեռանկարային ձևաչափին»,- եզրափակեց Լավրովը։