«Կարագի և ձեթի գներն իջել են, իսկ հնդկաձավարը թանկացել է, որովհետև պաշարների խնդիր կա». ՏՄՊՊՀ նախագահ
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ երբ, օրինակ, շաքարի գինը բարձրանում է, հանձնաժողովը նայում է՝ շաքար ներմուծող և արտադրող ընկերություններն արդյո՞ք գնի բարձրացումը կատարում են համահունչ տնտեսական պայմաններում։
«Այսինքն՝ արդյո՞ք, եթե գինը բարձրացել է իքս-ով, Հայաստանում տրամաբանությամբ է բարձրանում։ Ուզում եմ մեկ անգամ հստակ նշել՝ այն պայմանները, որ եթե գներն աշխարհում իջնում է, բայց Հայաստանում չի իջնում, սա իրականությանը չի համապատասխանում։ Մենք մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքի գներ, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի փոխարժեքի իջեցման պարագայում է գներն իջել, և՛ աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում են այդ գներն իջել։ Օրինակ, կարագի և ձեթի գներն իջել են, իսկ հնդկաձավարի գինը բարձրացել է, որովհետև հնդկաձավարի պաշարի խնդիր կա ամբողջ աշխարհում, և հիմնական ներմուծող երկրները չունեն այդ պաշարից, դրա համար ինքնարժեքը բարձրացել է»,- նշեց Գեղամ Գևորգյանը։
Անդրադառնալով ձվի շուկային և այդ համատեքստում Զատկի տոնի հետ կապված ձվի գների հնարավոր աճին՝ Գեղամ Գևորգյանը պարզաբանեց՝ մշտապես վերահսկում են այն բոլոր շուկաները, որոնք ՏՄՊՊՀ տիրույթում են։
«Մենք ձվի հետ կապված հայտարարություն էինք տարածել, որ գնի իջեցումը կատարվել է այնպիսի տնտեսվարող սուբյեկտների կողմից, որը մեր տիրույթից դուրս է։ Հիմա ձվի գինը կարծես թե կարգավորվել է, և եթե Հարության տոնին ընդառաջ լինեն չարաշահումներ, ինչպես անցյալ և նախանցյալ տարիներին, մենք կսահմանենք վերահսկողություն»,- հավելեց Գ. Գևորգյանը։
Ինչ վերաբերում է «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի փակմանը, Գեղամ Գևորգյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչու մի տնտեսական սուբյեկտ չի շարունակում իր տնտեսական գործունեությունը։
«Իհարկե, ցավալի փաստ է, որ Հայաստանում որևէ մեկը չի կարողանում իրականացնել տնտեսական գործունեություն, դա կարող է լինել տարբեր պատճառներով՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ՝ բիզնեսի վատ կառավարում կամ տնտեսապես ոչ շահավետ, կամ էլ գուցե այլ բիզնեսով են ուզում զբաղվել։ Մենք նման հարցերի մեջ չենք կարող մտնել»,- եզրափակեց Գեղամ Գևորգյանը։