Մեր բնակչության վարքագիծը ուրախալիորեն ավելի հասուն ու գրագետ էր. տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ պատժամիջոցային պատերազմների հետևանքների մասին
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է համաշխարհային տնտեսության օրակարգին, պատժամիջոցների հետևանքով տնտեսական սցենարիների զարգացմանն ու Հայաստանին առնչվող տնտեսական փոփոխություններին։
-Պարոն Խուրշուդյան, ռուս-ուկրաինական պատերազմն ուղեկցվում է աննախադեպ պատժամիջոցային,կարելի է ասել, պատերազմով։ Ինչ կլինի դրանց հետևանքով համաշխարհային տնտեսության հետ ռազմական գործողությունների ավարտից հետո։
– Կարելի է քննարկել երկու սցենար։ Առանձնացնում եմ երկուսը, քանի որ դրանք իրարից էականորեն են տարբերվում։ Դրանցից յուրաքանչյուրն իր հերթին կարելի է մանրամասնել տարբեր թեթևության ու ծանրության զարգացումների տեսակետից։
Առաջին սցենարը ենթադրում է, որ տնտեսական այս պատժամիջոցների ալիքը կփոխի համաշխարհային տնտեսակարգը. կարելի է ասել՝ աշխարհակարգի փոփոխության ականատեսը կարող ենք լինել։ Այս սցենարը ենթադրում է, որ ռուս-ուկրաինական պատերազմին ուղեկցող պատժամիջոցային պատերազմից հետո վերադարձ առկա տնտեսակարգին չի լինելու, և մենք ականատես ենք լինելու համաշխարհային տնտեսության լուրջ կառուցվածքային փոփոխության։
Երկրորդ սցենարի դեպքում պատժամիջոցները, նույնիսկ եթե տևական լինեն, չեն պոկելու իրարից երկրների տնտեսությունները, տեղի է ունենալու միջազգային առևտրի տարատեսակ տեղաշարժեր, և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքն ավելի պակաս կինտեգրվեն, քան նախկինում էր։ Այս երկրորդ սցենարը կհանգեցնի համաշխարհային տնտեսական անկման։ Այնուհետև այն քիչ-քիչ կսկսի զարգանալ, սակայն այլ կառուցվածքով՝ առանց լուրջ փոփոխություններ բերելու համաշխարհային տնտեսակարգին։ Ես հակված եմ դիտարկել զարգացումներն ավելի շուտ այս երկրորդ սցենարով, քան առաջին։
– Այո, բայց այս անգամ պատժամիջոցներն իրոք աննախադեպ են, ինչու՞ բացառել առաջին սցենարը։
– Իսկապես, պատժամիջոցներն աննախադեպ են. ի դեպ, ոչ միայն Ռուսաստանի հանդեպ, այլև Ռուսաստանի կողմից մտցված սահմանափակումների չափի տեսանկյունից։ Կարելի է ասել պատժամիջոցները քառակողմ են, այսինքն տնտեսական պատերազմ է, որտեղ և՛ հակառակ կողմին ես վնասում, և՛ սեփական տնտեսությանը։ Ահա այս աննախադեպությունը հենց հիմք է հանդիսանում շատ վերլուծաբանների համար, որպեսզի պատժամիջոցները գնահատեն որպես տնտեսակարգի փոփոխություն։ Սակայն այստեղ պետք է մի կողմ դնենք հույզերը, կամ ավելի ճիշտ այսպես կշռադատենք՝ երբ հույզերը սառեն, ի՞նչ են անելու երկրները։ Ցավոք, այս պահին քաղաքական որոշումներ կայացնողները սառը պատերազմի ոգով են նայում տնտեսությանը և հաշվի չեն առնում շատ հանագամանքներ։
Նախ և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի պատրանքները քաղաքական առումով փոխլրացնող են. մի կողմը համարում է, որ ինչպես ԽՍՀՄ-ը փլուզվեց, այդպես էլ Ռուսաստանը չի դիմանա տնտեսական իզոլյացիային, մյուս կողմից, Ռուսաստանում խոսում են, որ ԽՍՀՄ-ը նույնպես ինքնաբավ տնտեսություն էր, և այս ամենը խթան կհանդիսանա տնտեսության շատ ճյուղերի զարգացման համար։ Ահա այս երկու տեսակետներն էլ սխալ են, ու պարզապես հին մտածողության արգասիք են։
Այսօրվա համաշխարհային տնտեսությունը հիմնված է գլոբալիզացիայի վրա, սրանով է տարբերվում 21-րդ դարը 20-րդ դարից։ Եթե քաղաքականապես հեշտ է պոպուլիստական կանխատեսումներ անել, ապա տնտեսական իրականությունը մի քիչ այլ է։ Խոսել նոր տնտեսակարգի մասին, նշանակում է հրաժարվել գլոբալիզացիայից։ Ինձ մոտ այն տպավորությունն է, որ քաղաքական գործիչները՝ խարխլելով համաշխարհային անվտանգության համակարգը, մոռանալով 20-րդ դարից քաղած դասերը, բեռը տեղափոխում են տնտեսական դաշտ. կարծես թե այնտեղ են լուծումներ գտնելու։ Կրկնում եմ, գլոբալիզացիան հետ պտտել անհնար է։
– Կարո՞ղ եք խոսել ռիսկերի մասին, որոնք Հայաստանը պետք է գնահատի ու հաշվի առնի։
-Երկրորդ սցենարը, որը մատնանշեցի, հենց գնահատման մոտեցումն է, և Հայաստանն այժմ պետք է գնահատի ու, դրանից ելնելով, կայացնի իր որոշումները։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ կարծես ինչ-որ տնտեսական վերջնագրի առաջ ենք կանգնած։ Նայեք, թե ինչ է տեղի ունենում. Ուկրաինայում պատերազմն ընթանում է էսկալացիայի կանոններով, այսինքն յուրաքանյուր օր ավելի խորը, սուր և ցավալի միջադեպեր են։ Քաղաքական էսկալացիան նույնպես ընթանում է և դեռ շարունակվելու է ամենայն հավանականությամբ։ Դարակից հանում են տնտեսական պատժամիջոցների պատրաստի հերթական փաթեթը, և տնտեսական էսկալացիան նույնպես դառնում է անխուսափելի։ Հարց է առաջանում՝ մինչև ո՞ր կետին են հասնելու, որպեսզի սկսեն բանակցությունները և դե-էսկալացնեն իրավիճակը։ Վերջնակետ թերևս կարելի է ֆիքսել այն նույն վիհը, երբ աշխարհը հայտնվեց Կարիբյան ճգնժամի ժամանակ՝ դրանից այն կողմ նույնսիկ պատկերացնելն է վախենալու։ Եվ երբ սկսեն բանակցությունները, տնտեսական պատժամիջոցները դառնալու են ընդամենը սեղանին դրված բանակցային տարր։
-Այսինքն, ըստ Ձեզ բանակցություններ են լինելու, և աշխարհը վերադառնալու է իր հին հունին։
– Ոչ, կասկածում եմ, որ աշխարհը վերադառնա հին տնտեսական հարաբերություններին։ Ես նշեցի, որ նոր տնտեսակարգ չի լինելու, սակայն համաշխարհային տնտեսությունը ենթարկվելու է լուրջ կառուցվածքային փոփոխությունների։ Կարճաժամկետ հատվածում հարվածը ռուսական տնտեսության վրա մեծ է լինելու։ Սա միանշանակ է։ Սակայն երկարաժամկետ հատվածում ականատես ենք լինելու այլ փոփոխությունների։
Նախ, աշխարհը միայն Արևմուտքը չէ։ Երկարաժամկետ հատվածում իջնելու է արևմտյան մենաշնորհային դիրք ունեցող ինստիտուտների դերը, ցավոք՝ առաջին հարվածը ստանալու է սեփականության իրավունքի ինստիտուտը, որն, իմ կարծիքով, տնտեսության համար անկյունաքարային նշանակություն ունեցող ինստիտուտ է։ Իհարկե, չեմ ասում, թե կապիտալիզմը կփոխարինվի այլ կառուցակարգով, սակայն կփոխվի հարստության աշխարհագրությունը՝ չմոռանանք, որ Ռուսաստանից բացի շատ երկրների մեծահարուստներ ապահով էին իրենց զգում այն երկրներում, որոնք միացան պատժամիջոցներին։ Այժմ, այդպես չեն մտածի։ Չինաստանը, բնականաբար, կօգտվի այս իրավիճակից. չմոռանանք Ասիական վագրերին՝ Ճապոնիան, Կորեան, որոնք 90-ականներին փորձ արեցին դառնալ համաշխարհային ֆինանսական կենտրոն։ Հնդկաստանը, որ երբեք նման նկրտումների չի ունեցել, այսօր կարող է մտածել այս ուղղությամբ։ Հումքի շուկան կդառնա շատ քաղաքական և երկկողմանի հարաբերությունները կլինեն որոշիչ։
-Իսկ մե՞նք։ Ինչ է մե՞զ սպասվում, ի՞նչ պետք է անենք մենք։
– Հայաստանը փոքր տնտեսությամբ երկիր է և, անշուշտ, լուրջ դեր ունենալ չի կարող այս մեծ խաղում։ Մենք ունենք տնտեսություն, որը զգալիորեն կախված է Ռուսաստանի տնտեսությունից. անգամ մեր ներքին ֆինանսատնտեսական զարգացումները կամ սոցիալական իրավիճակն էական կապ ունեն ռուսաստանյան իրողությունների հետ։ Եթե մենք դեպի Ռուսաստան 2001 թվականին արտահանում էինք 60 մլն դոլարի ապրանք, կամ ողջ արտահանման 18%-ը, ապա 2021 թվականին արդեն արտահանել ենք 850 մլն ԱՄՆ դոլարի չափով ապրանքներ ու ծառայություններ, ինչը կազմել է ընդհանուր արտահանման 28 տոկոսը։ Ներմուծման աճը համապատասխանաբար եղել է 20 %-ից մինչև 37%:
Չմոռանանք թեկուզ դրամական փոխանցումների այն զգալի զանգվածը, որ տարեկան Հայաստան է մտնում հենց Ռուսաստանից։ Հետևաբար այն, ինչ հիմա կատարվում է, ամենաուղղակի կապն ունի և ունենալու է մեր երկրի հետ։ Իսկ այս պահին մեր անելիքը մեկն է. հետևել, գնահատել հնարավոր զարգացման սցենարները և յուրաքանչյուր սցենարի համար մշակել մեր անելիքների փաթեթը։ Այժմ, այսպես ասած, մեծ քննությունից առաջ տնային աշխատանքի փուլն է։
Սա, իհարկե, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքների մասով։ Ինչ վերաբերում է կարճաժամկետին, ապա մենք բոլորս ակամա գտնվում ենք հզոր տեղեկատվական պատերազմների ազդեցության տակ, և շատ կարևոր է, որ պատկան մարմիններն աչալրջորեն հետևեն դրանց ազդեցությանը մեր հանրության վրա՝ հնարավոր անհարկի խուճապային վարքագծերի առաջացումը հրատապ կանխելու համար։ Վերջին օրինակն, իհարկե, ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին հանրային լարված սպասումներն էին դրամի փոխարժեքի առումով, և այդ սպասումները սկսեցին ազդել նաև իրականության վրա։ Բայց ՀՀ կենտրոնական բանկն արագ արձագանքեց՝ բարձրացնելով վերաֆինսնասավորման տոկոսադրույքը։
Պետք է նշեմ, որ մեր բնակչության վարքագիծը ուրախալիորեն ավելի հասուն և գրագետ էր։ Հայաստանի ֆինանսական շուկան միայն առևտրային բանկերը և այլ ֆինանսական կառույցները չեն, այն նաև մեր բնակչության ֆինանսական սպասումներն են ու վարքագիծը։ Նշենք, որ կենտրոնական բանկը տիրապետում է իրավիճակին և ունի ավելի լայն գործիքակազմ իրավիճակը կայուն պահելու համար, ինչի կարիքը չզգացվեց. ֆինանսական համակարգը շատ արագ կարգավորվեց։
Նշեմ նաև, որ Հայաստանն արդեն թողարկել է եվրաբոնդերը, և առաջիկա տարիներին դրանք մարելու ու վերաթողարկելու կարիք չենք ունենալու։ Սա նաև նշանակում է պետական բյուջեի կայունություն։ Հայաստանն, ի տարբերություն օրինակ Ղազախստանի և Բելառուսի, թեպետ ինտեգրված է Ռուսական տնտեսությանը, սակայն չունի կախվածության նույն աստիճանը. տնտեսության կառուցվածքներն այլ են։ Սակայն նշածս կանխատեսելի տնտեսական կառուցվածքային փոփոխությունը մեզ համար ենթադրելու է նոր շուկաների մուտքի կարիք՝ հատկապես արևելքում։